Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆՈՐ

Նոյեմբեր 06,2004 00:00

«ՆՈՐ ՏԵՂԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵՆՔ» Հուշագրին հղում անելով՝ ասում է Արմեն Ռուստամյանը Հայտնի է, որ Հայաստանում իշխող կոալիցիան չորս կողմ ունի՝ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն, սակայն հայտնի է նաեւ, որ այս ուժերից միայն Դաշնակցությունն է հայտարարություններ անում կոալիցիայից դուրս գալու հավանականության մասին: Թե ինչո՞ւ է այդպես, Դաշնակցությունը չի մանրամասնում: Սակայն երեկ, երբ հերթական անգամ փորձեցինք ճշտել՝ ի՞նչ նպատակով է ավանդական կուսակցությունը նման հայտարարություններ անում, արդյո՞ք գործընկերներին «վախեցնելու» համար, պարզվեց, որ Դաշնակցությունը չի մտածում ինչ-որ մեկին վախեցնելու մասին, մյուս կողմից՝ կոալիցիոն գործընկերներն էլ իրենց հերթին չեն մտածում «վախենալ», ընդհակառակը՝ ջղայնանում են նրանց՝ դաշնակցական նմանատիպ պահվածքից՝ «էհ, դուրս են գալիս՝ թող դուրս գան»,- օրերս ձեռքը թափ տալով՝ ասաց մի հայտնի Հանրապետական: ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին երեկ հարցրինք՝ հիմա էլ «Ընտրական օրենսգրքի» շուրջ է փորձ արվում օղակը սեղմել, եւ հայտարարություն է արվում, որ այն փորձաքար կարող է դառնալ. հնարավո՞ր է այս անգամ իսկապես դուրս գալու մասին սպառնալիքն իրականություն դառնա: Արմեն Ռուստամյանն ասաց, որ Օրենսգիրքը մասնավոր վեճ է, բայց Գերագույն ժողովը ունի որոշում՝ ոչ մի քայլ չնահանջել կոալիցիայի Հուշագրից. «Եվ սա կարող է պատճառներից մեկը դառնալ կոալիցիայում լինել-չլինելու հարցի քննարկման: Մենք երկու պատճառ ենք դրել, որով կարող ենք վերանայել մեր մասնակցությունը կոալիցիոն կառավարությանը: Մեկը նպատակներից շեղվելն է, մյուսը՝ այդ նպատակների իրականացման պայմանների չկատարելը: Հուշագրում կան առաջնահերթություններ, այդ առաջնահերթությունների թեկուզ մեկ կետից շեղումը նշանակում է շեղում ընդհանուր նպատակներից եւ պայմաններից: Երբ հարցը հանգեց համամասնության եւ մեծամասնության խնդրին, մենք հիշեցրինք, որ Հուշագիրը շատ հստակ սահմանում է, որ ընտրական համակարգը պետք է բարեփոխվի կուսակցությունների դերի մեծացման ուղղությամբ: Սա արդեն որոշակի սահման դնում է, եւ եթե դա չպահպանվի, կնշանակի մեկ կետի կոպիտ խախտում: Մենք հենց այդպես էլ հարցը դրել ենք: Մենք այս հարցում արդեն իսկ գնացել ենք որոշակի կոմպրոմիսի, որովհետեւ մեր կուսակցության մոտեցումը ի սկզբանե եղել է հարյուր տոկոս համամասնականի հաստատումը: Բայց մենք հասկանում ենք, որ միայն մեր ուժերը բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք այդ քվեարկությունն անցկացնել, եւ անտրամաբանական կլիներ չփնտրել կոմպրոմիսային հնարավորություններ»: Արդյո՞ք կոալիցիայի ներսում լուրջ տարաձայնություններ կան եւ Դաշնակցությունն առայժմ դուրս գալու սպառնալիքով է ուզում կոալիցիոն գործընկերներին իր անհամաձայնությունը հայտնել: Եվ հետո, ինչո՞ւ է միայն ՀՅԴ-ն նման հայտարարություններ անում: Արմեն Ռուստամյանը գտնում է, որ կոալիցիայից դուրս գալու մասին հարցեր ավելի հաճախ Դաշնակցությանն են ուղղվում, եւ այդ է պատճառը, որ միայն Դաշնակցությունն է խոսում այդ մասին. «Որովհետեւ երեւի առանձնակի հետաքրքրություն կա Դաշնակցության տեղի, դերի եւ անելիքների առումով: Կա նաեւ երկրորդ խնդիրը. մենք չենք համարում, որ միայն ընդդիմությանն է վերապահված իրավիճակի մասին քննադատական խոսք ասելը: Այդ առողջ քննադատությունը առաջին հերթին հենց իշխանություններին է հարկավոր, որպեսզի նրանք իրենց տեղում չլճանան: Լավ կինի, որ ինքնաքննադատության քաղաքական մշակույթը ընդհանրապես որդեգրվի: Մենք դա ասում ենք ոչ թե որ սպառնանք կամ՝ ավելի շատ պաշտոններ ձեռք բերենք: Այդպես մտածողները երեւի լավ չեն ընկալել Հուշագրի պայմանները, որոնցում այդ տեղերը շատ հստակ սահմանված են, եւ նոր տեղեր հնարավոր չէ ձեռք բերել: Քավ լիցի, մենք նպատակ չունենք որեւէ մեկից ինչ-որ տեղ ստանալ: Կա ավելի կարեւոր բացատրություն՝ ցանկացած իրեն հարգող քաղաքական ուժ պետք է բոլոր զարգացումների դեպքում իր անելիքն իմանա, այսինքն՝ ճշտի իր պահվածքը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել