Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարները երգչի սրտով չեն

Նոյեմբեր 06,2004 00:00

Օրերս նշվեց հայ օպերային բեմի երախտավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Վալերի

Հարությունյանի մանկավարժական գործունեության 30 տարին:

Ճանաչված բասը սիրով զրուցեց «Առավոտի» հետ:

– Պրն Հարությունյան, ավելի քան 30 տարի բեմում եք, հանդես եք եկել հայ եւ արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների հայտնի օպերաներում՝ բասի դերերգերով: Արդեն մի քանի տարի է՝ ձեզ չենք տեսնում Օպերային թատրոնում: Միգուցե առաջնորդվել եք այն հանրահայտ մտքով, թե երգիչը ժամանակի՞ն պետք է թողնի բեմը:

– Նախ ասեմ, որ առայսօր ես բեմը չեմ թողել: 1999-ին Տիգրան Լեւոնյան-Գեղամ Գրիգորյան հայտնի պատմությունից հետո, իմ դիմումի համաձայն, հեռացել եմ Երեւանի օպերային թատրոնից: Բեմը թմրադեղի նման մի բան է եւ այն արտիստները, խոսքս մեծ երգիչների մասին է, որոնք ինչ-ինչ պատճառով հեռանում են բեմից, չանցած որոշ ժամանակահատված՝ հրաժեշտ են տալիս նաեւ կյանքին: Այո, դուրս գալով բեմից, դուրս ես գալիս նաեւ երկրային կյանքից:

Դեռ 1971-ին, երբ 4-րդ կուրսի ուսանող էի, ճանաչված ռեժիսոր Վահագն Բագրատունին հրավիրեց օպերային թատրոն, սակայն մերժեցի: Որովհետեւ պետք է հասկանալ, որ ուրիշ է առաջին տպավորությունը, իսկ բեմը պարզապես պետք է գրավել՝ բառի իսկական իմաստով: 1972-ին ստացա հրավեր՝ պահակի դերերգը «Անուշ» օպերայում: Սկսեցի մտածել: Դեռ այն ժամանակ հասկանում էի, որ ամենավտանգավոր հոդվածը փոքր լուրն է, որովհետեւ մեծ հոդվածում կարելի է տողատակերում ապաստան գտնել: Նույնն էլ էպիզոդիկ դերերգն է: Բայց համարձակվեցի: Այնուհետեւ տարիների ընթացքում հանդես եկա շատ դերերով, խաղընկերներ ունենալով ինչպես հայ անվանի կատարողների, այնպես էլ աշխարհահռչակ արտիստներ Ելենա Օբրազցովային, Իրինա Արխիպովային, Մարիա Բիեշուին, Լյուբով Կազարնովսկայային եւ այլոց: Շրջեցի աշխարհով մեկ: Ուզում եմ ասել, որ պետք չէ խուսափել փոքր դերերգերից, ավելին, օպերային բեմ բարձրանալու համար վոկալ հիանալի տվյալները դեռ բավարար չեն, պետք է սովորել քայլել բեմում: Ինչպես Ստանիսլավսկին է ասել՝ դերասանը բեմում պետք է քայլի իր յուրաքանչյուր կերպարին հարիր:

– Արդեն տարիներ շարունակ ձեր դասարանն ավարտած ուսանողները ինքնուրույն երգիչներ են: Դուք՝ որպես դասախոս, հետաքրքրվո՞ւմ եք նրանց բեմական ճակատագրով:

– Անշուշտ: Նույնիսկ ճանաչված երգիչները խորհրդի կարիք են զգում: Իմ դասարանն ավարտած երգիչներն այսօր միջազգային մի քանի մրցույթների դափնեկիրներ են, աշխատում են մեր Օպերային թատրոնում, բեմ են դուրս գալիս եվրոպական ճանաչված օպերային թատրոններում, ինչպես նաեւ Ամերիկայում: Իսկ ամենակարեւորը՝ երգչի ճակատագրով պետք է հետաքրքրվի պետությունը: Որովհետեւ արվեստագետներին անհրաժեշտ է զերծ պահել կենցաղային հոգսերից: Երբ 1930-ին Կոմիտասի անվան քառյակը զարմացրել էր Թբիլիսին, նրանց մշակույթի նախարարը հաջորդ օրը կարգադրել էր, որ գտնեն 30 բարձրակարգ երաժիշտ, ազատեն կենցաղային հոգսերից ու նրանցից կազմեն կոմիտասցիների նման քառյակ: Ինչ խոսք, անգրագետ էր մշակույթի նախարարը, որ նման բան էր ասել, բայց այստեղ գնահատում եմ նախ նախարարի նախանձախնդրությունը, ապա նրա ճիշտ մոտեցումը արվեստագետների խնդիրներին:

– Ձեր ասածը ակնա՞րկ է մշակույթի նախարարին:

– Անկեղծ ասած՝ վերջին մի քանի մշակույթի նախարարների գործունեությունից ոչինչ չեմ հասկանում: Նախ շատ քիչ են կառավարում, հետո, գտնում եմ, որ մշակույթի նախարարի պաշտոնը պետք է լինի ընտրովի, այն պարզ պատճառով, որ ազգին ճանաչում են մշակույթով: Եվ չպետք է աչք փակել այն նախարարի թեկուզ ժամանակավոր գործունեության վրա, որը հայտարարում է՝ եկեք խաչատրյանական տարում բեմադրենք Խաչատրյանի օպերաներից մեկը, ու շատ նման բաներ: Նախարարը պետք է լավ իմանա ե՛ւ թատրոն, ե՛ւ օպերա, ե՛ւ թանգարան, մի խոսքով այն, ինչը կոչվում է մշակույթ:

– Դուք ունե՞ք մշակույթի ձեր երազած նախարարը:

– Ավելի քան վստահ եմ ու համոզված, ոչ միայն ես, այլեւ իմ կոլեգաները, մշակույթի գործիչները այսօրվա դրությամբ այդ պաշտոնում տեսնում են մեկ արվեստագետի:

Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել