Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՄԵՆԱՏԵՐ Է

Նոյեմբեր 06,2004 00:00

Դա տեղի է ունեցել գյուղնախարարության կողմից շուկային միջամտելու հետեւանքով

Բազմաթիվ են դեպքերը, երբ աջակցելու փոխարեն հենց պետական մարմիններն են տնտեսվարողների համար խոչընդոտներ ստեղծում, խանգարում շուկայում ազատ մրցակցությանը: Այդպիսի մի խնդիր էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է հարուցել ազոտական պարարտանյութեր ներկրող ընկերությունների համար, որի արդյունքում այդ շուկայում մենաշնորհ է ձեւավորվել: Դա տեղի է ունեցել մեր երկրին պարարտանյութեր մատարարող «Իտեռա» ընկերությանը՝ գյուղնախարարության գրած մի նամակի արդյունքում, որով «Իտեռային» միջնորդել է, որպեսզի սելիտրայի ներմուծումը Հայաստան կատարվի միայն «Դվին հոլդինգի» միջոցով: Համենայնդեպս, մատակարարողը սրանով է պատճառաբանել եւ հիմնավորել պարարտանյութի գնման պայմանագրերը հայաստանյան մյուս ներկրողների հետ միակողմանի լուծարելու իր առաջարկը: Պայմանագրերն, իրոք, լուծարվել են, որի հետեւանքով մյուս տնտեսվարող սուբյեկտները դուրս են մնացել շուկայից: Եվ «Դվին հոլդինգը» ազոտական պարարտանյութերի (ամոնիումային սելիտրա) ներկրման շուկայում կարող է մնալ միակ գործող սուբյեկտը, որովհետեւ մյուս սուբյեկտների համար շուկան կորցնելուց հետո նվաճելը շատ ավելի դժվար է: Պարարտանյութի նկատմամբ շուկայի տարեկան պահանջարկը մոտ 50 հազար տոննա է, եւ խոսքը շուրջ 4 միլիոն երկու հարյուր հազար դոլարի շրջանառության մասին է: Այս ծավալը մինչեւ գյուղնախարարության վերոհիշյալ գրությունը՝ «Դվին հոլդինգն» ապահովում էր «Ագրոքիմիա», «Դիոնիս», «Բերրիություն» ընկերությունների հետ միաժամանակ:

Փաստը հայտնաբերել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որից հետո գյուղնախարարությանը կարգադրել է դիմել «Իտեռա» ընկերությանը՝ հիմնավորելով, որ նախարարության գրությունները չեն կարող հիմք հանդիսանալ, որ միայն «Դվին հոլդինգին» սելիտրա մատակարարվի, իսկ մնացած ընկերությունների հետ պայմանագրերը լուծարվեն: Գյուղնախարարությունն արդեն իսկ կատարել է կարգադրությունը, սակայն արդյոք կկարողանա՞ն մյուս սուբյեկտները վերականգնել իրենց նախկին ծավալները՝ մի շարք անուղղակի հանգամանքներից են կախված:

2003 թվականին մեկ անգամ «Դվինը հոլդինգն» արդեն իսկ կորցրել է իր ծավալները շուկայում եւ մյուսների դիրքերն ամրապնդվել են: Այն ժամանակ այս ընկերությունը գերիշխող դիրք ուներ՝ զբաղեցնում էր շուկայի 91 տոկոսը: Սակայն հետո հաջողվել էր մրցակցություն ապահովել, որի արդյունքում մյուս ներկրողների ծավալների ավելացման հետեւանքով գերիշխողի դիրքերն իջել են՝ հասնելով 42 տոկոսի: Ավելին, այդ տարի սելիտրայի ներկրմամբ զբաղվող սուբյեկտների փոփոխություններ էլ են եղել. եղել են շուկայից դուրս մղվողներ, եւ այդ գործունեությամբ նոր զբաղվողներ, ինչը եւս վկայում էր ազատ մրցակցության մասին: Այնուհետեւ, փաստորեն, «Դվին հոլդինգը» այս տարի դարձել էր շուկայում էական մրցակցության չհանդիպող սուբյեկտ՝ գրավելով ավելի մեծ ծավալ, քան կարողացել էր ունենալ նախկինում, առանց գյուղնախարարության «օգնության»: Գյուղնախարարությունն իր քայլին հիմնավոր բացատրություն չի տվել: Իսկ իր պատվերով ներկրված պարարտանյութից 12821 տոննան սելիտրայի արժեքի մասնակի վճարումով իրացրել է գյուղացիական տնտեսություններին: Եվ ընդհանրապես, ազոտական պարարտանյութերի շրջանառության ոլորտը ձեւավորվել է երեք ուղղություններով. ազատ շուկա, պետական հովանավորություն, մարդասիրական օգնություն:

Իսկ այս փաստը հանձնաժողովը հայտնաբերել է շուկայի հերթական դիտանցման ընթացքում: Պարզվել է, որ «Դվին հոլդինգն» այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում հանրապետություն է ներկրել այնքան (14 463 տոննա) սելիտրա, որքան ներկրել էր ողջ 2003 թվականի ընթացքում:

ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել