Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպասենք պատասխանատվության բարձրացմանը

Նոյեմբեր 06,2004 00:00

Առողջապահության
նախարարության տվյալներով՝ գյուղական վայրերում ընդհանուրի 16%-ն է կազմում տնային
պայմաններում ծննդաբերության ցուցանիշը: Գեղարքունիքում, օրինակ, յուրաքանչյուր 1000
հղի կանանցից տանն է ծննդաբերում 48-ը: Հիմնական պատճառն այն է, որ գյուղերը
կտրված են մարզկենտրոնից, ճանապարհները քարքարոտ են, իսկ ձմռանը՝ անանցանելի, հեռախոսակապ
գրեթե չի գործում եւ «պիկ» պահին շտապօգնության մեքենա կանչելն անիմաստ է: Այս ամենին
եթե գումարենք հիվանդանոցային ծախսերը՝ «մաղարիչներով» հանդերձ, ապա նույնիսկ կարելի
է կասկածել նախարարության տվյալների ճշտությանը: Մեկ այլ տեղեկությամբ, նախածննդյան
ժամանակահատվածում պարտադիր 4 անգամ գինեկոլոգիական հետազոտման չի ենթարկվում գյուղի
կանանց 82%-ը: Այստեղ արդեն ճանապարհների խնդիր չկա, որովհետեւ գյուղական բոլոր համայնքների
ամբուլատորիաներում պարտադիր է գինեկոլոգի հաստիքը: Սակայն հետազոտման չենթարկվելու
պատճառն այլ է՝ ամբուլատորիաները գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում. սարքավորում
գրեթե չկա, տանիքից անձրեւաջրերը կաթում են, պատուհաններին ապակի չկա եւ այլն: Շատ
տեղերում գինեկոլոգներն ուղղակի աշխատատեղ չեն գնում, որովհետեւ նման պայմաններում
հղիության քարտը լրացնելուց բացի, ուրիշ ոչինչ չեն էլ կարող անել: Նախածննդյան խնամքի
բացակայության հետեւանքով էլ գյուղերում բավականին բարձր է վաղ հասակի երեխաների
մահացության ցուցանիշը: Վերջին երկուսուկես տարիներին Լոռվա մարզում այս խնդիրների
վերացման փորձնական ծրագիր է սկսել USAID կազմակերպությունը: Ծրագրի նոր փուլը, որը
կոչվում է «ՆՕՎԱ»՝ նորացնելով օժանդակել վերարտադրողական առողջությունը, աշխատանքները
կշարունակի Շիրակում եւ Տավուշում, իսկ հետագայում նաեւ մյուս մարզերում: Ծրագրի
գործադիր տնօրեն Ռեբեկա Կոհլերը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենք վերապատրաստելու
են համապատասխան մասնագետներ, վերազինելու են ամբուլատորիաների գինեկոլոգիական հատվածը:
Տիկին Ռեբեկան հույս հայտնեց, որ հինգ տարի հետո՝ ծրագրի ավարտին, հանրապետության
շատ գյուղերում իրավիճակը կփոխվի: Այն է՝ կբարձրանա հղի կանանց պատասխանատվությունն
իրենց բալիկի առողջության հանդեպ, եւ նրանք կանոնավոր կհաճախեն բժշկական կոնսուլտացիաների,
ինչի համար պատրաստ կլինեն սարքավորումներով վերազինված ամբուլատորիաները: Իսկ ո՞ր
գյուղերում, ինչպե՞ս են ընտրվելու դրանք: Պարզվում է, այստեղ մեծ դեր է ունենալու
ոչ թե ամբուլատորիայի վիճակը կամ գյուղի հեռավորությունը, այլ համայնքի պատրաստակամությունը՝
մասնակցել ծրագրին: Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել