Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԿՐԱԿՆ ԸՆԿԱՆ

Նոյեմբեր 06,2004 00:00

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ
ԿՐԱԿՆ ԸՆԿԱՆ Բոլշեւիկների ժամանակ սեփականությունն անտեր էր,
եւ այդ անտերությունն ի վերջո ապացուցեց իր անարդյունավետությունը եւ «կարմիր էքսպերիմենտը»
մեծ աղմուկով պայթեց: Հետո եկան բարեփոխիչները եւ սեփականությունը բաժանեցին տարբեր,
հաճախ՝ պատահական եւ անտեղյակ մարդկանց: Հետո եկավ Քոչարյանը (կամ Ռուսաստանում՝
Պուտինը) եւ սեփականությունը վերաբաժանեց իրեն ծառայող օլիգարխներին: (Օլիգարխները
կարող են կոչվել «գեներալներ», «նախարարներ» կամ «օրգանի ղեկավարներ», բայց դրանից
էությունը չի փոխվում): Այդպես անցավ մի քանի տարի: Բայց արի ու տես՝ դա էլ
տնտեսության զարգացման ամենաարդյունավետ ձեւը չէ: Որովհետեւ օլիգարխները ստիպված
են կատարել նախագահական նստավայրից եկող ցանկացած հրաման, իսկ դրանք, գուցե երբեմն
եւ բարի ցանկություններով են պայմանավորված, բայց ինքնին հակասում են շուկայական
տրամաբանությանը: Այն կապիտալիստը, որը չի առաջնորդվում փող աշխատելու ցանկությամբ,
այլ հրամաններ է կատարում, չի կարող արդյունավետ աշխատել: Օրինակ. պե՞տք է
արդյոք Բարսեղ Բեգլարյանին «Նաիրիտը»: Իհարկե, ոչ: Որքան էլ հայրենասեր կամ ֆիլանտրոպ
լինի այս բիզնեսմենը, գործարանը վակուումի մեջ չի աշխատում: Իսկ «Հայռուսգազարդը»
կամ Գլադունչիկը, որոնցից կախված է «Նաիրիտի» կյանքը, հաստատ ֆիլանտրոպներ չեն: Բարեգործական
հիմունքներով ոչ մի գործարան չի աշխատում: Բայց «կուսակցությունը» (Քոչարյանը) կարգադրել
է, ուրեմն՝ այդպես է պետք: Կամ՝ պե՞տք է արդյոք որեւէ հեռուստաընկերություն
որեւէ օլիգարխի: Հարյուր տարի պետք չէ: Բացի նրանից, որ դա ավելորդ եւ, օլիգարխի
տեսակետից, անիմաստ ծախս է, նաեւ սարսափելի գլխացավանք է: Օրումեջ քեզ զանգում են
նախագահի նստավայրից եւ դժգոհում, թե ինչու Պողոսը եթերում այս ասաց, Պետրոսը այն
ասաց, եւ, ընդհանրապես, ինչու էր Կիրակոսը հայտնվել ձեր եթերում: Մի խոսքով, «ջառմա»
է, որը, սակայն, պետք է քաշել՝ նույն «կուսակցության» հրամանը կատարելու համար: Կամ՝
վառելիք ներկրողները վերջին ամիսներին մեծ դժվարությունների առաջ են կանգնել: Վրաստանով
վառելիք բերելը շատ ավելի մեծ ծախսեր է սկսել պահանջել: Ինչի՞ դա կբերեր նորմալ շուկայական
տնտեսության պարագայում: Իհարկե՝ գների բարձրացման: Սակայն «կուսակցությունը» կանչում
է օլիգարխներին եւ հրահանգում՝ ինչ ուզում եք արեք, բայց գները մի բարձրացրեք: Մի
կողմից լավ է՝ այս պահին ձեռնտու է ժողովրդին: Բայց մյուս կողմից՝ ստեղծում է խեղված
տնտեսական հարաբերություններ, որոնք ի վերջո բերելու են մեզ փակուղի: ԱՐԱՄ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել