Լրահոս
Օրվա լրահոսը

Արաֆաթի շնչառությունը դեռ չեն անջատել

Նոյեմբեր 06,2004 00:00

Պաղեստինի ղեկավարը ՍՊԻԴ-ո՞վ է հիվանդ

Պաղեստինի ինքնավարության իշխանությունները դեռ հինգշաբթի էին ընդունել, որ Յասեր Արաֆաթը կլինիկական մահ է ապրում: Նա գտնվում է կոմայի 4-րդ աստիճանում, ինչը նշանակում է Պաղեստինի ղեկավարի ուղեղի փաստացի մահ եւ օրգանիզմի հիմնական ֆունկցիաների անջատում: Ինչպես «Ռոյթեր» գործակալությունն էր երեկ տեղեկացրել, գիտակցության գալու նրա հնարավորությունները նվազագույն են:

Ֆրանսիական զինվորական հոսպիտալի բժիշկները արհեստական շնչառությունն անջատելու համար սպասում են Արաֆաթի հարազատների որոշմանը: Առայժմ Արաֆաթի հարազատներն ու մերձավոր շրջապատը շոկի մեջ են: Նրանք խուսափում են շփումներից ու մեկնաբանություններից: Չի բացառվում, որ արհեստական շնչառությունն անջատելու վերաբերյալ Արաֆաթի հարազատների որոշումն ուշանում է այն պատճառով, որ վերջիններս առայժմ չեն որոշել ինչպես վարվել Արաֆաթի կուտակած փողերի հետ:

Միաժամանակ Յասեր Արաֆաթն իր քաղաքական կտակում հասցրել էր իր հետնորդ նշանակել Պաղեստինի ազատագրության կազմակերպության քաղբյուրոյի ղեկավար Ֆարուկա Կեդդումին, որը հայտնի է իր՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համատեքստում ունեցած արմատական դիրքորոշմամբ:

Ինչպես հաղորդում է «Սի-Էն-Էն» գործակալությունը, Արաֆաթի մահվան մասին պաշտոնական հայտարարություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ բանակցությունները նրա թաղման վայրի շուրջ չեն ավարտվել: Այդ հարցի շուրջ ներկայումս Արաֆաթի հարազատների հետ բանակցում են Ֆրանսիայի, Իսրայելի եւ Եգիպտոսի իշխանությունները:

Պաղեստինի ինքնավարության ղեկավարի մահվան եւ դրա պատճառների թեման այսօր էլ խիստ արդիական է՝ նկատի ունենալով, որ բժիշկները մինչ օրս էլ չեն կարողացել հստակ ախտորոշել նրա մահվան պատճառը: Թերեւս դա է պատճառը, որ այս հարցի շուրջ սկսել են ամենասենսացիոն լուրեր տարածվել, որոնք պակաս շոկային չեն, քան նրա մահվան մասին լուրը: Ըստ «WorldNetDaily-ի», որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավարը կարող էր տառապել ՁԻԱՀ-ով (ՍՊԻԴ): Այս ենթադրությունը փաստարկվում է նրանով, որ դեռեւս Արեւմտյան ափին նրա արյան անալիզն ի հայտ էր բերել արյան մեջ տրոմբոցիտների ցածր տոկոսի առկայությունը, ինչը իմունային համակարգի թուլացած լինելու ախտանիշ է: Մասնագետների ասելով` դա, ի թիվս այլ հիվանդությունների, բնորոշ է քաղցկեղով եւ ՁԻԱՀ-ով տառապող հիվանդներին: Նկատի ունենալով այն, որ Արաֆաթի մոտ ոչ քաղցկեղ եւ ոչ էլ այլ հիվանդության ախտանիշ չի հայտնաբերվել, մասնագետներին թույլ է տալիս կասկածել հատկապես ՁԻԱՀ-ով տառապելու վարկածի մասին:

Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել