«Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ» ԿՄՐՑԻ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշել է Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորին՝ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը: Ըստ էության, չնայած իրավաբանական փոքր-ինչ այլ ձեւակերպումներին, սա նույն «Ղարաբաղ Տելեկոմն» է, որի սեփականատերը քրիստոնյա արաբ Պիեռ Միշել Ֆատուշն է: Հիշեցնենք՝ նախորդ օրվա արտահերթ նիստում նախատեսվել էր երկրորդ օպերատորին որոշելու համար ստեղծել մրցութային հանձնաժողով՝ տրանսպորտի եւ կապի նախարարի գլխավորությամբ, որին բացառիկ իրավունք էր տրվում որոշելու բջջային կապի երկրորդ օպերատորին: Ըստ «Ղ-Տելեկոմին» տրվող լիցենզիայի, այդ ընկերությունը Հայաստանի պետբյուջեին կվճարի $7 միլիոն բուն լիցենզիայի համար, $10 միլիոն կներդնի ԼՂՀ-ում լարային կապը զարգացնելու համար, ինչպես նաեւ մոտ $50 միլիոն ներդնելու է իր սեփական բջջային կապը ստեղծելու համար: «Ղ-Տելեկոմի» լիցենզիան վերաբերվում է միայն բջջային կապին՝ այնպես, որ, ասենք, «Ղ-Տելեկոմի» բջջային հեռախոսից Երեւանի քաղաքային հեռախոս կամ արտասահման զանգելուց եկամուտ կստանա «ԱրմենՏելը»: Ըստ մասնագետների, որեւէ այլ ընկերություն նման պայմանների չէր համաձայնվի: Մասնագետները (ինչպես նաեւ շարքային սպառողները) նշում են նաեւ, որ «Ղարաբաղ Տելեկոմն» իրեն շատ լավ է դրսեւորել ԼՂՀ-ում, եւ, ըստ որոշ չափումների, այդ ընկերության կապի որակը մոտ 2,5 անգամ ավելի բարձր է, քան «ԱրմենՏելինը»: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նոր օպերատորի ի հայտ գալը կբարձրացնի Հայաստանում բջջային կապի որակը եւ կիջեցնի խոսակցությունների գինը: Սեփ. լր.