Լրահոս
Օրվա լրահոսը

Մի

Նոյեմբեր 05,2004 00:00

Մի փոշիացրեք մանդատները Կոչ է անում առաջադիմական կոմունիստ Վազգեն Սաֆարյանը Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունը 100 տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակից է: Երեկ «Առավոտի» հետ զրույցում կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց. «Քանի դեռ մեզանում ժողովրդավարությունը սաղմնային վիճակում է, քաղաքական զարգացումների ապագան պետք է վստահել քաղաքական ուժերին»: Փոխարենը ՀԱՄԿԿ-ն դրական է վերաբերվում Ներկայացուցչական մարմնի գոյությանը: Այնտեղ նախատեսվում է շրջանների եւ մեծ սփյուռքի ներկայացուցիչների գոյությունը, որպեսզի նրանց խոսքն էլ լսելի լինի: ՀԱՄԿԿ-ն կարեւորում է նաեւ անցողիկ շեմի նվազեցումը: Ինչպես հայտնի է՝ այն 5 տոկոս է: «Բազմաթիվ կուսակցություններ կան, որոնք 2,5-ից ավելի տոկոսներ են հավաքում եւ ԱԺ չեն անցնում: Օրինակ՝ 1999 թվականին մենք հենց 2,5 տոկոս ենք հավաքել: Բայց նույն թվականին մեկ մանդատին համարժեքը եղել է 19400 ձայնը: 2003 թվականին՝ 15900-ը: Ուրեմն մենք 1999-ին ստանալով 26800 ձայն՝ 1,4 մանդատ եւ 2003-ին՝ 24380 ձայն՝ 1,55 մանդատին համարժեք, պառլամենտում ներկայացուցիչ չունենք: Այսինքն՝ կուսակցությունները ստանալով 1, 2, 3 մանդատին համարժեք ձայն՝ դրանք պաշտոնապես վերադասավորվում են 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների վրա: Փաստորեն, որոշակի քանակությամբ ընտրող ձայն է տալիս ձախ կուսակցության գաղափարներին, նրա փոխարեն ԱԺ-ում է հայտնվում, ասենք, Հանրապետականը: Որքանո՞վ է դա համապատասխանում մարդու իրավունքների դեկլարացիային կամ մեր Սահմանադրության չորրորդ հոդվածին: Դրա համար մեկ մանդատի ձայն ստացող կուսակցությունը պառլամենտում ներկայացուցիչ պետք է ունենա: 1999-ին մոտավորապես 20 տոկոս ձայներ այդպես «կորան»՝ 11 մանդատ, 2003-ին՝ 24 տոկոս, 18 մանդատ հանիրավի հասցեագրվեցին այլ կուսակցությունների: Այդքան մանդատ, փաստորեն, ժողովուրդը կորցրեց»,- պարզաբանում է պարոն Սաֆարյանը: Դաշինքների դեպքում առաջարկվում է 5 տոկոսանոց անցումային շեմ: Հավասար պայմաններ են պահանջում նաեւ վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջեւ, մասնավորապես ձայների հաշվման ժամանակ: Կարեւորում են նաեւ խորհրդարանում կանանց ներկայությունը՝ «յուրաքանչյուր կուսակցության անցողիկ համարներում նաեւ կանայք պետք է լինեն»,- ասում է Վ. Սաֆարյանը: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել