Ո՞Վ Է ԽԱՐԽԼՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «Եհովայի վկանե՞րը», թե՞ կաշառակեր դատավորներն ու սադիստ ոստիկանները ՀՀ կառավարության որոշման համաձայն «Եհովայի վկաների» գրանցումից ի վեր՝ կրոնական այդ կազմակերպության եւ դրա գրանցման դեմ հայաստանյան քաղաքական եւ հասարակական ուժերի՝ մինչ այդ էլ անհանդուրժողական վերաբերմունքը ավելի քան ագրեսիվ բնույթ ստացավ: «Եհովայի վկաների» հետ կապված այդ աղմուկն ինձ համար անհասկանալի է, որովհետեւ մինչեւ գրանցումն էլ այդ կրոնական համայնքը գոյություն ուներ»,- տարակուսեց իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Այդուհանդերձ, ըստ նրա, դրա պատճառը նախ այն է, որ Հայաստանում կա հարցերի կոնկրետ շրջանակ, որոնց մասին բարձրաձայնելը համարվում է ազգասիրության ու հայրենասիրության դրսեւորում: «Ուշադրություն դարձրեք, «Եհովայի վկաների» մասին սկսեցին խոսել եւ ընդդիմադիր, եւ իշխանամետ քաղաքական ու հասարակական ուժերը: Սա այն թեման է, որի դեմ կարող են խոսել բոլորը եւ ցույց տալ, թե որքան հայրենասեր են իրենք: Տպավորություն կա, թե մնացած բոլոր ոլորտներում Հայաստանում ամեն ինչ կարգին է: Իհարկե, կարելի է իմիջիայլոց խոսել երկրում տիրող կոռուպցիայի, ոստիկանության բաժանմունքներում տեղի ունեցող խոշտանգումների եւ այլնի մասին, բայց եհովականների դեմ խոսելը թույլատրելի է եւ ավելի անվտանգ: Բանն այն է, որ հիմա կրոնական այդ համայնքի դեմ խոսում են բոլորը ինչ-որ տեղից լսվածի, ինչ-որ քարոզչության ազդեցության տակ, խոսում են այդ կրոնական համայնքի տոտալիտար աղանդ լինելու մասին, թեեւ հենց իրենցից շատերը չեն կարող բացատրել, թե ինչով է այդ համայնքը տոտալիտար կամ ինչ ասել է՝ աղանդ»,- նկատեց Ա. Իշխանյանը: «Եհովայի վկաների» վտանգավորության մասին խոսելիս վկայակոչվում է նրանց՝ հայկական բանակում ծառայելուց խուսափելու փաստը, ինչը, ոմանց կարծիքով, սպառնում է մեր ազգային անվտանգությանը: «Ես առաջարկում եմ այդպես մտածողներին՝ ուսումնասիրել, թե Հայաստանի բնակչության ո՞ր տոկոսն է գնում բանակ, քանի՞սն է խուսափում բանակից, ընդհանրապես ի՞նչ պայմաններում են ծառայում պաշտոնյաների զավակները, բանակում կանոնադրական ի՞նչ անարդարություններ կան եւ ինչո՞ւ են մարդիկ խուսափում բանակում ծառայելուց, եւ այդ համատեքստում բանակից խուսափողների մեջ քանի տոկոս են կազմում «Եհովայի վկաները», որոնք, ի դեպ, իրենց համոզմունքներից ելնելով՝ հրաժարվում են բանակում ծառայելուց ու դրա համար բանտ են նստում եւ ոչ թե կաշառում են կամ փախչում Հայաստանից: Ամեն մի զորակոչի ժամանակ նրանց թիվն ընդամենը 2-3-ն է: Ու արդյո՞ք դա է խարխլում մեր պետության անվտանգությունը: Ո՞րն է ավելի վտանգավոր՝ կրոնական համայնքների գոյությո՞ւնը, թե՞ կաշառակեր դատավորներն ու ոստիկանությունը, մարդկանց խոշտանգումները»,- հռետորական հարցադրում արեց իրավապաշտպանը: Պրն Իշխանյանի դիտարկմամբ, բանակի մասին խոսել, թերեւս, չի կարելի, դա «ապազգային» է, իսկ «Եհովայի վկաների» մասին խոսելը՝ «հայրենասիրություն». «Ես մի բանում համոզվեցի՝ մենք կեղծ արժեքներով ապրող ժողովուրդ ենք: Ի վերջո, եթե ավելի ընդհանուր վերցնենք, մենք ԵԽ անդամ ձեւականորեն ենք դարձել: ՀՀ իշխանությունները ԵԽ պահանջների այն հատվածը, որը վերաբերում է արդար ընտրություններ անցկացնելուն, անկախ դատական իշխանության ձեւավորմանը, չեն կատարում՝ համարելով կեղծ արժեքներ, ընդդիմությունը կեղծ արժեք է համարում մահապատժի վերացումն ու եհովաներին գրանցումը: Հասարակությունն ընդհանրապես կրոնական անհանդուրժողականություն է դրսեւորում»: «Մի շատ կարեւոր հարց կա: Մի կողմից՝ ՀՀ Սահմանադրությամբ մարդկանց խղճի ազատություն է տրված, մյուս կողմից՝ «Կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով քարոզչության իրավունք ունի միայն Առաքելական եկեղեցին: Այս իմաստով մնացած բոլոր կրոնական համայնքների քարոզչությունը համարվում է հոգեորսություն: Եթե մենք քարոզչությունն անվանում ենք հոգեորսություն, ուրեմն բոլոր տեսակի քարոզչությունն է այդպիսին համարվում, նաեւ՝ քաղաքական քարոզչությունը: Մյուս կողմից՝ եթե խղճի ազատություն է տրված, ապա այլ կերպ նրանք ինչպե՞ս պետք է քարոզեն: Սա նաեւ մրցակցություն է, եւ կարծում եմ, եթե մենք ամրագրել ենք խղճի ազատություն, ապա պետք է ապահովենք նաեւ քարոզչության ազատությունը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ