Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարները երգչի սրտով չեն

Նոյեմբեր 05,2004 00:00

Օրերս
նշվեց հայ օպերային բեմի երախտավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի պետկոնսերվատորիայի
դոցենտ Վալերի Հարությունյանի մանկավարժական գործունեության 30 տարին: Ճանաչված
բասը սիրով զրուցեց «Առավոտի» հետ: – Պրն Հարությունյան, ավելի քան 30 տարի
բեմում եք, հանդես եք եկել հայ եւ արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների հայտնի օպերաներում՝
բասի դերերգերով: Արդեն մի քանի տարի է՝ ձեզ չենք տեսնում Օպերային թատրոնում: Միգուցե
առաջնորդվել եք այն հանրահայտ մտքով, թե երգիչը ժամանակի՞ն պետք է թողնի բեմը: –
Նախ ասեմ, որ առայսօր ես բեմը չեմ թողել: 1999-ին Տիգրան Լեւոնյան-Գեղամ Գրիգորյան
հայտնի պատմությունից հետո, իմ դիմումի համաձայն, հեռացել եմ Երեւանի օպերային թատրոնից:
Բեմը թմրադեղի նման մի բան է եւ այն արտիստները, խոսքս մեծ երգիչների մասին է, որոնք
ինչ-ինչ պատճառով հեռանում են բեմից, չանցած որոշ ժամանակահատված՝ հրաժեշտ են տալիս
նաեւ կյանքին: Այո, դուրս գալով բեմից, դուրս ես գալիս նաեւ երկրային կյանքից: Դեռ
1971-ին, երբ 4-րդ կուրսի ուսանող էի, ճանաչված ռեժիսոր Վահագն Բագրատունին հրավիրեց
օպերային թատրոն, սակայն մերժեցի: Որովհետեւ պետք է հասկանալ, որ ուրիշ է առաջին
տպավորությունը, իսկ բեմը պարզապես պետք է գրավել՝ բառի իսկական իմաստով: 1972-ին
ստացա հրավեր՝ պահակի դերերգը «Անուշ» օպերայում: Սկսեցի մտածել: Դեռ այն ժամանակ
հասկանում էի, որ ամենավտանգավոր հոդվածը փոքր լուրն է, որովհետեւ մեծ հոդվածում
կարելի է տողատակերում ապաստան գտնել: Նույնն էլ էպիզոդիկ դերերգն է: Բայց համարձակվեցի:
Այնուհետեւ տարիների ընթացքում հանդես եկա շատ դերերով, խաղընկերներ ունենալով ինչպես
հայ անվանի կատարողների, այնպես էլ աշխարհահռչակ արտիստներ Ելենա Օբրազցովային, Իրինա
Արխիպովային, Մարիա Բիեշուին, Լյուբով Կազարնովսկայային եւ այլոց: Շրջեցի աշխարհով
մեկ: Ուզում եմ ասել, որ պետք չէ խուսափել փոքր դերերգերից, ավելին, օպերային բեմ
բարձրանալու համար վոկալ հիանալի տվյալները դեռ բավարար չեն, պետք է սովորել քայլել
բեմում: Ինչպես Ստանիսլավսկին է ասել՝ դերասանը բեմում պետք է քայլի իր յուրաքանչյուր
կերպարին հարիր: – Արդեն տարիներ շարունակ ձեր դասարանն ավարտած ուսանողները
ինքնուրույն երգիչներ են: Դուք՝ որպես դասախոս, հետաքրքրվո՞ւմ եք նրանց բեմական ճակատագրով:
– Անշուշտ: Նույնիսկ ճանաչված երգիչները խորհրդի կարիք են զգում: Իմ դասարանն
ավարտած երգիչներն այսօր միջազգային մի քանի մրցույթների դափնեկիրներ են, աշխատում
են մեր Օպերային թատրոնում, բեմ են դուրս գալիս եվրոպական ճանաչված օպերային թատրոններում,
ինչպես նաեւ Ամերիկայում: Իսկ ամենակարեւորը՝ երգչի ճակատագրով պետք է հետաքրքրվի
պետությունը: Որովհետեւ արվեստագետներին անհրաժեշտ է զերծ պահել կենցաղային հոգսերից:
Երբ 1930-ին Կոմիտասի անվան քառյակը զարմացրել էր Թբիլիսին, նրանց մշակույթի նախարարը
հաջորդ օրը կարգադրել էր, որ գտնեն 30 բարձրակարգ երաժիշտ, ազատեն կենցաղային հոգսերից
ու նրանցից կազմեն կոմիտասցիների նման քառյակ: Ինչ խոսք, անգրագետ էր մշակույթի նախարարը,
որ նման բան էր ասել, բայց այստեղ գնահատում եմ նախ նախարարի նախանձախնդրությունը,
ապա նրա ճիշտ մոտեցումը արվեստագետների խնդիրներին: – Ձեր ասածը ակնա՞րկ է
մշակույթի նախարարին: – Անկեղծ ասած՝ վերջին մի քանի մշակույթի նախարարների
գործունեությունից ոչինչ չեմ հասկանում: Նախ շատ քիչ են կառավարում, հետո, գտնում
եմ, որ մշակույթի նախարարի պաշտոնը պետք է լինի ընտրովի, այն պարզ պատճառով, որ ազգին
ճանաչում են մշակույթով: Եվ չպետք է աչք փակել այն նախարարի թեկուզ ժամանակավոր գործունեության
վրա, որը հայտարարում է՝ եկեք խաչատրյանական տարում բեմադրենք Խաչատրյանի օպերաներից
մեկը, ու շատ նման բաներ: Նախարարը պետք է լավ իմանա ե՛ւ թատրոն, ե՛ւ օպերա, ե՛ւ
թանգարան, մի խոսքով այն, ինչը կոչվում է մշակույթ: – Դուք ունե՞ք մշակույթի
ձեր երազած նախարարը: – Ավելի քան վստահ եմ ու համոզված, ոչ միայն ես, այլեւ
իմ կոլեգաները, մշակույթի գործիչները այսօրվա դրությամբ այդ պաշտոնում տեսնում են
մեկ արվեստագետի: Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել