Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՀՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՄԻԱՆԱԼ

Նոյեմբեր 05,2004 00:00

Այդպես է կարծում կոմկուսներից մեկի ղեկավար Վազգեն Սաֆարյանը

Վերջերս Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության ղեկավար Յուրա Մանուկյանը, թարմացնելով կոմկուսների միավորման գաղափարը, այն նաեւ ընդլայնեց՝ առաջարկելով ձախերի դաշինքի ստեղծում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում, Հայաստանի առաջադիմական կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանը, ըստ էության, իր համաձայնությունն արտահայտեց առաջարկվող գաղափարին: «Հայաստանում ձախ ուժերի միավորումն օրախնդիր է, որովհետեւ եթե որեւիցե կուսակցություն ցանկանում է իր գաղափարախոսությունը ժողովրդին հասանելի դարձնել, ուրեմն այդ կուսակցությունը ոչ թե պիտի մեկուսանա, այլ ընդլայնի իր շրջանակները: Եվ առաջին հերթին՝ իր գաղափարակից կուսակցությունների հետ համատեղ պիտի հանդես գա: Մենք էլ ժամանակին ստեղծեցինք ձախ, սոցիալիստամետ ուժերի միություն: Մենք էլ մեր էությամբ դաշինքային ենք, երկու անգամ ընտրությունների ենք գնացել դաշինքով: Նաեւ՝ նկատի առնելով կուսակցությունների մասին ՀՀ նոր օրենքը, ըստ որի՝ կուսակցությունը պետք է պարտադիր մասնակցի ընտրություններին եւ հաղթահարի մեկ տոկոսի շեմը, այլապես կորցնում է քաղաքական լինելու իր բնույթը. սա ուղղակիորեն թելադրում է միավորումը»,- հիմնավորում է Վ. Սաֆարյանը: Մեր զրուցակիցը, սակայն, մի վերապահում ունի. «Միավորումը պետք է իր տրամաբանությունն ունենա: Այն չպիտի հանգեցնի ընտրազանգվածի կորստին, այլ հակառակը: Միասնությունը դաշնության ձեւով պիտի լինի, ոչ թե ՀԿԿ-ի առաջարկած մեխանիկական տարբերակով»: Հիշեցնենք, որ ՀԿԿ-ն առաջարկում էր, որպեսզի յուրաքանչյուր կուսակցությունից մարդիկ դուրս գան եւ դիմումներով գնան ՀԿԿ-ի դուռը: Վ. Սաֆարյանը դա փակուղային տարբերակ է համարում: «Մենք որեւէ մի կուսակցության ղեկավարի ամբիցիաների նկատմամբ ոչ մի ոտնձգություն դրսեւորելու ցանկություն չունենք: Ուզում ենք, որ ձեւավորվելիք դաշինքը ավելի լայն լինի, որովհետեւ կարեւորը մեր գաղափարն է: Եթե մի կուսակցություն կամ նրա ղեկավարը գտնում են, որ խնդիրը միանձնյա կարող են լուծել, մեղմ ասած՝ բավականին հավակնոտ են»: Իսկ թե այս ասելով ո՞ւմ նկատի ունի Վ. Սաֆարյանը՝ «Բոլորիս: Թեեւ կարելի է կոնկրետ անուններ հիշատակել, բայց դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»:

Դաշինքի ղեկավարումը, բնականաբար, ենթադրվում է համատեղ ուժերով՝ միաժամանակ պահպանելով կուսակցությունների ինքնությունը, իրենց ռազմավարությամբ: «Կոնկրետ մեր կուսակցությունը տնտեսական քաղաքականության հարցերում ելնում է սեփականության բազմաձեւության եւ դրանց կիրառման արդյունավետությունից: Տնտեսական բանաձեւը պետք է լինի՝ շուկան այնքան, որքան հնարավոր է, պլանայնությունն այնքան, որքան անհրաժեշտ է»: Այսինքն՝ նորացված դասական սոցիալ-դեմոկրատիայի գաղափարը: Այս համատեքստում բերելով Չինաստանի օրինակը՝ պարոն Սաֆարյանը հետաքրքիր դիտարկում արեց. «Չիների սփյուռքը 5 տոկոս է կազմում: Այդ 50 միլիոն չինացիները իրենց հայրենիքում տարեկան 50 մլրդ դոլարից ավելի ներդրումներ են ապահովում: Հայ ժողովրդի 75 տոկոսն է դրսում, բայց մենք չենք կարողանում ներդրումներ ապահովելու համար պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել: Դրանից բացի, պետությունը չի կարողանում անգամ այնպիսի տնտեսական քաղաքականություն վարել, որպեսզի անհատական տրանսվերտների ձեւով Հայաստանում «թափառող» գումարները դարձնեն պետական առեւտրային կապիտալ եւ ապա այն վերածեն արդյունաբերական կապիտալի»:

«Առավոտի» դիտարկմանը, որ Հայաստանի արդյունաբերական զարգացման կողմնակից է նաեւ ՆԺ ղեկավար Արամ Կարապետյանը, Վ. Սաֆարյանն արձագանքեց. «Արամ Կարապետյանը լիբերալ կուսակցության ղեկավար է: Նա կյանքին մոտենում է աջից, մենք՝ ձախից: Բայց լավ է, որ աջ դաշտի ներկայացուցիչներն էլ նման մոտեցումներ ունեն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել