Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեփականաշնորհման սոցիալական երաշխիքներ

Նոյեմբեր 05,2004 00:00

Թղթի եւ իրականության եւս մի հակասություն

«Մինչեւ 1995թ. մասնավորեցված ձեռնարկությունների վաճառքի պայմանագրում սոցիալական երաշխիքի՝ աշխատատեղերի պահպանման եւ աշխատավարձի բարձրացման մասին կետ չկար: Այդտեղից էլ առաջ եկավ գործազուրկների մեծ բանակ, իսկ այսօր ե՛ւ այդ երաշխիքն է պարտադիր, ե՛ւ հսկողություն ենք իրականացնում դրա կատարման համար»,- իրականությունից կտրված այս հայտարարությունը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանինն է: Երեկ նա կառավարության ճեպազրույցի բանախոսն էր:

Թե գործնականում ինչպիսի ընթացք է ունենում մրցութային փաթեթի «աշխատատեղերի պահպանում ու ավելացում» կետը, հայտնի է. «Չենք կարող սեփականատիրոջը զրկել իր սեփականությունից, նույնիսկ դատարանով: Չեմ հիշում դեպք, որ սոցիալական պարտավորությունները չկատարվեն՝ չարամտությունից դրդված: Կյանքն ինձ ցույց է տվել, որ որտեղ աշխատում է 100 մարդ՝ 50-60-ն էլ հերիք են եւ ավելորդ աշխատատեղեր էլ պետք չեն»:

Կյանքը ցույց է տալիս, որ նոր սեփականատիրոջը կարող է ձեռնտու չլինել ոչ միայն աշխատողների քանակը, այլեւ դրանց բարձր որակը: «Առավոտն» արդեն գրել էր, որ պահեստների բիզնեսով զբաղվող նոր սեփականատիրոջը «Պարեն» գիտաարտադրական միավորման գիտական ներուժը կարող է պետք չգալ եւ նրանք դառնան գործազուրկ: Պարոն Մարկոսյանն այդ վարկածը հաստատեց, ասելով. «Ընկերության հետաքրքրությունն իր տարածքն էր ու շինությունները»: Հետո էլ ասաց, թե գնորդի «փաթեթային խոստումների» համաձայն, գիտնականները կշարունակեն զբաղվել իրենց աշխատանքով: Իսկ եթե սեփականատերը նրանց, այնուամենայնիվ, զրկի գիտական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից, ո՞ւմ կարող են դիմել հարգարժան ակադեմիկոսներն ու ինչի՞ կհասնեն: Եվ ընդհանրապես, եղել է այնպիսի դեպք, երբ մրցույթով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար որեւէ գնորդից օտարվել է պետությունից գնված իր գույքը եւ կրկնակի մրցույթի դրվել: Պարոն Մարկոսյանը նման դեպք չէր հիշում:

Ընդհանուր առմամբ ստացվում է, որ սեփականության իրավունքը մեզանում չափից դուրս սուրբ է: Օրինակ մատնանշեց նաեւ պարոն Մարկոսյանը. «Սեւան» հյուրանոցը, ըստ գնորդի պարտավորության, պետք է վերակառուցվեր 5 տարվա ընթացքում, բայց չվերակառուցվեց: Փորձեցինք դատարանով հարցը լուծել, բայց գնորդի սեփականության իրավունքը հիմք ընդունելով՝ դատարանը մերժեց մեր հայցը»: Իսկ «Դվին» հյուրանոցի մասնավորեցման մրցույթի ժամանակ, պարզվում է, սոցիալական պարտավորությունների մասին խոսք անգամ չի եղել:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել