Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի փոշիացրեք մանդատները

Նոյեմբեր 05,2004 00:00

Կոչ
է անում առաջադիմական կոմունիստ Վազգեն Սաֆարյանը Հայաստանի առաջադիմական
կոմունիստական կուսակցությունը 100 տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակից է: Երեկ
«Առավոտի» հետ զրույցում կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց.
«Քանի դեռ մեզանում ժողովրդավարությունը սաղմնային վիճակում է, քաղաքական զարգացումների
ապագան պետք է վստահել քաղաքական ուժերին»: Փոխարենը ՀԱՄԿԿ-ն դրական է վերաբերվում
Ներկայացուցչական մարմնի գոյությանը: Այնտեղ նախատեսվում է շրջանների եւ մեծ սփյուռքի
ներկայացուցիչների գոյությունը, որպեսզի նրանց խոսքն էլ լսելի լինի: ՀԱՄԿԿ-ն
կարեւորում է նաեւ անցողիկ շեմի նվազեցումը: Ինչպես հայտնի է՝ այն 5 տոկոս է: «Բազմաթիվ
կուսակցություններ կան, որոնք 2,5-ից ավելի տոկոսներ են հավաքում եւ ԱԺ չեն անցնում:
Օրինակ՝ 1999 թվականին մենք հենց 2,5 տոկոս ենք հավաքել: Բայց նույն թվականին մեկ
մանդատին համարժեքը եղել է 19400 ձայնը: 2003 թվականին՝ 15900-ը: Ուրեմն մենք 1999-ին
ստանալով 26800 ձայն՝ 1,4 մանդատ եւ 2003-ին՝ 24380 ձայն՝ 1,55 մանդատին համարժեք,
պառլամենտում ներկայացուցիչ չունենք: Այսինքն՝ կուսակցությունները ստանալով 1, 2,
3 մանդատին համարժեք ձայն՝ դրանք պաշտոնապես վերադասավորվում են 5 տոկոսի շեմը հաղթահարած
կուսակցությունների վրա: Փաստորեն, որոշակի քանակությամբ ընտրող ձայն է տալիս ձախ
կուսակցության գաղափարներին, նրա փոխարեն ԱԺ-ում է հայտնվում, ասենք, Հանրապետականը:
Որքանո՞վ է դա համապատասխանում մարդու իրավունքների դեկլարացիային կամ մեր Սահմանադրության
չորրորդ հոդվածին: Դրա համար մեկ մանդատի ձայն ստացող կուսակցությունը պառլամենտում
ներկայացուցիչ պետք է ունենա: 1999-ին մոտավորապես 20 տոկոս ձայներ այդպես «կորան»՝
11 մանդատ, 2003-ին՝ 24 տոկոս, 18 մանդատ հանիրավի հասցեագրվեցին այլ կուսակցությունների:
Այդքան մանդատ, փաստորեն, ժողովուրդը կորցրեց»,- պարզաբանում է պարոն Սաֆարյանը:
Դաշինքների դեպքում առաջարկվում է 5 տոկոսանոց անցումային շեմ: Հավասար պայմաններ
են պահանջում նաեւ վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջեւ, մասնավորապես
ձայների հաշվման ժամանակ: Կարեւորում են նաեւ խորհրդարանում կանանց ներկայությունը՝
«յուրաքանչյուր կուսակցության անցողիկ համարներում նաեւ կանայք պետք է լինեն»,- ասում
է Վ. Սաֆարյանը: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել