Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԺՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 05,2004 00:00

Հարցազրույց
Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ –
Ի՞նչ միջնորդություններ եք դուք ներկայացրել «Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասով:
– Մեր ոչ մի միջնորդություն չի արվել ձեւի համար: Բոլոր միջնորդություններն
էլ կարեւոր են գործի բացահայտման համար: Դատարանում ի հայտ էին եկել հանգամանքներ,
որոնց բնականաբար չէին կարող անդրադառնալ նախաքննության ժամանակ: Մեր առաջին միջնորդությունն
արվել է Անուշ Հարությունյանի՝ դատարանում տրված ցուցմունքների հիման վրա: Նա հայտնեց
նոր տեղեկություններ այն մասին, որ իր մեջ կասկածներ էին առաջացել Տիգրան Նազարյանի
վարքագծի մասին, եւ այն, որ փաստորեն Տիգրան Նազարյանը իրեն հասցրել է այնպիսի վիճակի,
որ ինքն այդ երեքի (Նաիրի եւ Կարեն Հունանյաններ, Վռամ Գալստյան – Մ. Ե.) համար անցագիր
է գրել: Դրանից հետո, նախաքննության ընթացքում, Տիգրան Նազարյանը անընդհատ հետեւել
է Անուշ Հարությունյանին, եւ վերջինիս յուրաքանչյուր ցուցմունքից հետո, տարբեր պատրվակներով,
նրա հետ զրույցներ է ունեցել եւ հետաքրքրվել, թե Անուշը ի՞նչ ցուցմունք է տվել: Այս
ամենի մասին Անուշ Հարությունյանը պատմեց դատարանի դահլիճում: Բացի այդ, Անուշի հարցաքննության
ժամանակ ներկա է եղել Տիգրան Նազարյանը եւ միջամտել է հարցաքննությանը: Նա քննիչին
ասել է, որ ոչ մի դժվարություն չէր ներկայացնում անցաթուղթը քսերոկոպիա անելը, ամսաթիվը
փոխելն ու ԱԺ մտնելը, եթե նույնիսկ Անուշն անցաթուղթ չիջեցներ: Նախ՝ զարմանալի է
Տիգրան Նազարյանի մասնակցությունը Անուշի հարցաքննությանը, եւ հետո՝ նա ասել է ճիշտ
այն, ինչ դատարանում ասաց Նաիրի Հունանյանը: Սա, փաստորեն, դատարանում ի հայտ եկած
նոր հանգամանք էր, որի վերաբերյալ մենք միջնորդություն ներկայացրինք անջատված մասով
նախաքննական մարմնին: Այդ միջնորդությունը ընդունվեց, Անուշ Հարությունյանը հարցաքննվեց
եւ պնդեց դատարանի դահլիճում տված իր ցուցմունքը; Եվ դեռ ավելին, նոր բաներ ասաց
այն մասին, որ Տիգրան Նազարյանի հետագա վարքագիծը եւ իր հետագա մտորումները իրեն
բերել են այն համոզման, որ Տիգրան Նազարյանը պլանավորված էր իրեն հասցրել այն վիճակին,
որ անցագրերը ինքը տա: Այսինքն՝ հաստատվում է, որ Տիգրան Նազարյանը որոշակի դերակատարություն
է ունեցել այդ գործում: – Դուք ասում եք, որ ընդունվել է երկու միջնորդություն:
Ո՞րն է հաջորդը: – Հաջորդ միջնորդությունը Նաիրի Բադալյանի ներկայությամբ
քննչական փորձարարություն անցկացնելու մասին է: Իմաստը հետեւյալն է: Նախասրահում
եղել են Գուրգեն Եղիազարյանը, Արմենակ Արմենակյանը, Արայիկ Բադեյանը, Հակոբ Հակոբյանը:
Միլիցիոներները պնդում են, որ իրենք եղել են ԱԺ դահլիճի նախագահական մուտքի դռան
դիմաց: Նաիրի Բադալյանը ցուցմունք է տվել, որ Նաիրի Հունանյանի հետ վերջին պահին
եղել է կարմիր նախասրահից իջնող աստիճանների ծայրում, թղթապանակը տվել է իրեն, որից
հետո լսել է կրակոցները եւ այդ միջանցքով հետ է վազել ու եկել է 207 սենյակ: Երբ
համադրեցինք քրգործի ամբողջ տվյալները, պարզվեց, որ Նաիրի Բադալյանի ցուցմունքն ամբողջովին
հակասում է քրգործի տվյալներին: Եթե նա այնքան արագ է վազել, որ Խաչատուր Հովհաննիսյանը
եւ Արմեն Զաքարյանը չեն հասցրել «Կայունության» դռան մոտ դուրս եկած լինել, ուստի
նա պետք է ավելի շուտ մտներ 207 սենյակ, քան Հրայր Թովմասյանը: Իսկ վերջինս ցուցմունք
է տվել այն մասին, որ գտնվել է 207 սենյակում եւ հետո է Նաիրի Բադալյանը եկել այդ
սենյակ: Ուրեմն՝ Խ. Հովհաննիսյանը եւ Ա. Զաքարյանը պետք է Ն. Բադալյանին տեսած լինեին,
բայց նրանք չեն տեսել: Եվ եթե այս ամենին ավելանում է կարմիր թղթապանակի հայտնվելը
նախագահական մուտքի անկյունում, ստացվում է, որ Նաիրի Բադալյանը սուտ է ասում: Իսկ
նրա վերաբերյալ հիմնականում կասկածներ կան: Մեր այս միջնորդությունը ընդունվեց: Սակայն
կասկածելի վերջ ունեցավ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննչական փորձարարությունն
անցկացնել նստաշրջանի ավարտից հետո: Ուրբաթ օրվա իմ հիշեցումից հետո որոշվեց փորձարարությունն
անցկացնել երեքշաբթի, քանի որ կողմերը տեղեկացվել էին: Երկուշաբթի ինձ դատախազությունից
ասացին, որ հնարավոր չէ փորձաքննություն անցկացնել, քանի որ Նաիրի Բադալյանը գտնվում
է ԱՄՆ-ում: Փաստորեն նա մեկնել էր իմ միջնորդությունից հետո: Ինձ ասացին, որ կվերադառնա
2004-ի մայիսին: Բնականաբար՝ մինչ այսօր նա չի վերադարձել: Հայտնի են նրա հարցազրույցները,
որոնցում ասում է, որ չի վերադառնա: – Իսկ որո՞նք են մերժված միջնորդությունները
եւ ինչպե՞ս է բացատրված՝ ինչու են մերժվել: – Փաստորեն, այս երկուսից բացի,
բոլոր մյուս միջնորդությունները մերժվել են: Երրորդ միջնորդությունը զենքերը նախօրոք
ԱԺ-ում լինելու կասկածի մասին էր: Սա ծավալուն միջնորդություն էր: Ինձ թվում էր՝
մեզ կհրավիրեն պարզաբանումների: Բայց առանց որեւէ պարզաբանման ու քննարկման՝ այդ
միջնորդությունը մերժվեց: Հաջորդը եւս ծավալուն միջնորդություն էր: Սրա վրա աշխատել
եմ չորս ամիս: Խոսքը տեսաերիզի մոնտաժված լինելու մասին է: Բերվել էին նոր հանգամանքներ:
Առաջին անգամ միջնորդություն էր արվում ԱԺ նախագահի ընդունարանի ու վերելակի միջեւ
ընկած միջանցքում տեղադրված տեսախցիկի նկարահանած տեսաերիզի մասին, որն աշխատում
է 24 ժամ շարունակ՝ արագացված ռեժիմով: Մենք մեր ուժերով այդ տեսաերիզը բերեցինք
ռեալ ժամանակի, այսինքն՝ 24-25 կադր վայրկյանում, եւ համեմատեցինք ահաբեկչությունը
պատկերող տեսաերիզի հետ: Տեսանք, որ մի տեղ ձայն կա, մյուսում՝ ոչ: Ակնհայտ էր, որ
ինչ-որ բան չի ստացվում: Երրորդ հարկի տեսաերիզում տեսնում ենք, որ պատի ծեփը կրակոցից
թափվում է, բայց մյուս տեսաերիզում կրակոցի ձայնը չենք լսում: Այսինքն՝ սա չի կարող
կասկած չառաջացնել: Բացի դա, Անդրանիկ Մանուկյանի դուրս գալու մասին լրագրողների,
Գեւորգ Վարդանյանի ցուցմունքները համեմատելով Վռամ Գալստյանի ցուցմունքների հետ՝
տեսնում ենք, որ չէր կարող Անդրանիկ Մանուկյանի դուրս գալը լիներ այնպես, ինչպես
նկարագրում է Վ. Գալստյանը: Ուրեմն տեսաերիզը կրճատված է եւ մոնտաժված: Որովհետեւ
պարզ երեւում է, որ Վ. Գալստյանը ահաբեկչության հենց սկզբից մինչեւ վերջ կանգնած
է եղել կանաչ նախասրահի դռան մոտ, բայց ինքն ասում է, որ Ա. Մանուկյանին ինքն է բաց
թողել կարմիր նախասրահ: Հենց այդ կրճատված մասն էլ մեզ հետաքրքրում էր: Մեր հինգերորդ
միջնորդությունն արվեց հոկտեմբերի 21-ին: Սա վերաբերում էր ոստիկանների ցուցմունքների
հակասականությանը: Տեխնիկական բավականին դժվարություններից հետո այն վերցրին, ու
չմերժվեց: Մենք հասկացանք, թե ինչու, որովհետեւ անշառ միջնորդություն էր, իսկ մյուս
բոլոր մերժված միջնորդությունները շատ էական փոփոխություն էին մտցնելու քրգործի մեջ,
180 աստիճանով գործը շուռ էր գալու, քրգործի տվյալները փլվելու էին եւ նոր հանգամանքներ
էին ի հայտ գալու: – Ունե՞ք ուրիշ միջնորդություններ, որոնք ամեն դեպքում
պատրաստվում եք ներկայացնել: – Ըստ էության՝ մերժվել են մեր բոլոր այն միջնորդությունները,
որոնք վերաբերում են օժանդակողներին եւ կազմակերպիչներին: Այո, մենք նոր միջնորդություններ
ունենք, որոնք դարձյալ վերաբերում են զուտ օժանդակողներին եւ կազմակերպիչներին:
Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել