Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ»

Նոյեմբեր 04,2004 00:00

«Ճիշտ» երիտասարդությունը օգտակար է հասարակությանը Երեկ հավաքվեցին ԱՊՀ-ի «բազեները» Երեկ երիտասարդությանը նվիրված միջոցառումների պակաս չէր զգացվում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ եվրոպացի փորձագետների աջակցությամբ մշակվում էր երիտասարդական պետական քաղաքականությունը, որը կարող է դառնալ երիտասարդական ազգային զեկույցի հիմք: Ծաղկաձորում երիտասարդական հասարակական կազմակերպությունները խոսում էին Սփյուռքի համանման կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Երեւանում էլ բացվեց ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների միջազգային խորհրդի 12-րդ նիստը: Խորհրդի անդամ 12 պետություններից բացմանը մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի պատվիրակները ճանապարհին էին, Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցությունից: Հավաքվածների բացման խոսքերից պարզ դարձավ, որ ԱՊՀ տարածքում երիտասարդները հիմնականում նույն հարցերն ունեն եւ նույն խնդիրներին են բախվում. աշխատանք եւ գործազրկություն, ընտանիք, կացարան, հանգիստ, կրթություն, առողջապահություն, միջազգային համագործակցություն: Տեղեկացվեց նաեւ, որ առայսօր երիտասարդության մասին օրենք չունեն Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը, Վրաստանը: Փոխարենը Տաջիկստանը վաղուց օրենքը ընդունել է եւ այժմ աշխատում է այն լրացնելու եւ փոփոխելու ուղղությամբ: Բացման ժամանակ եղան նաեւ գործնական առաջարկներ: Մոլդովայի կառավարությանն առընթեր երիտասարդության եւ սպորտի դեպարտամենտի փոխտնօրեն Լյուդմիլա Կուբեն առաջարկեց բացառել երիտասարդների հանդեպ բոլոր տեսակի խտրականությունները, պայմաններ ստեղծել նրանց ներուժի եւ հնարավորությունների դրսեւորման համար, խրախուսել ծրագրեր իրականացնելիս: Տաջիկստանի կառավարությանն առընթեր երիտասարդության հարցերի կոմիտեի նախագահ Ռախմատուլո Ասադուլոեւն էլ առաջարկեց մշակել առաջիկա տասը տարվա համար երիտասարդական քաղաքականություն: ՌԴ կրթության նախարարության երեխաների սոցիալական պաշտպանության, դաստիարակության եւ երիտասարդական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Ապամենկոն նպատակահարմար համարեց միասնական պորտալի ստեղծումը եւ «Միր» հեռուստաընկերությամբ երիտասարդական հաղորդումների կազմակերպումը: ԱՊՀ-ում երիտասարդների խնդիրները նույնն են, սակայն նույնը չեն դրանց առաջնահերթությունն ու սրությունը: Օրինակ, մոլդովացի պատվիրակներն ասացին, որ իրենց երիտասարդությունը հաջողակ է, պետությունն էլ իր բնակչության 25% երիտասարդներով համարվում է Եվրոպայի ամենաերիտասարդ երկիրը: Մոլդովան տարեկան իր բյուջեից ջահելների վրա ծախսում է 100 հազար դոլար: Նաեւ դրամաշնորհներ է շահում, որոնցից առավելագույնը եղել է 3 մլն դոլար եւ ուղղվել գյուղական բնակավայրերում երիտասարդական կենտրոնների ստեղծմանը: Ուկրաինայի բնակչության մոտ 30%-ն է մինչեւ 35 տարեկան, որոնց վրա պետությունը ծախսում է 75 մլն դոլար, իսկ ընդհանուր ծախսվում է մոտ 200 մլն: Ուկրաինան որոշել է 2005-ին պետական ծախսերը նվազեցնել մոտ 20 մլն դոլարով: Տաջիկների 61%-ն է երիտասարդ, որի վրա ծախսվում է 1 մլն դոլար, որից 30%-ը՝ պետբյուջեից է: Ըստ մարդահամարի, Հայաստանի բնակչության մոտ 25%-ն է երիտասարդ, որոնց պետությունը 2004-ին տրամադրել է մոտ 300 հազար դոլար: Սա միայն մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության բյուջեն է, որ հիմնականում ուղղվում է երիտասարդական հ/կ-ներին: Ըստ ՀԵԱԽ նախագահ Վազգեն Խաչիկյանի, եթե սրան գումարենք նաեւ բանակում, բուհերում երիտասարդների վրա արվող ծախսերը, գումարը կաճի, սակայն դա էլ բավական չէ: Ըստ Խաչիկյանի, ԱՊՀ չափանիշներով, Հայաստանի 800000 երիտասարդներին առնվազն 800000 դոլար պետք է տրամադրվի: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել