Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԲԱՂՁԱԼԻ ՕՐԸ ԵԿԱՎ

Նոյեմբեր 04,2004 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԲԱՂՁԱԼԻ ՕՐԸ ԵԿԱՎ Երեկ կառավարությունը արտահերթ նիստում ընդունեց մի որոշում, որը նիստին բռնի ուժով մասնակցած Արշակ Սադոյանը գնահատեց «ամենամեծ ազգային դավաճանություն», իսկ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը՝ «շատ դրական որոշում»: Թիվ 60 լիցենզիայի փոփոխված եւ կառավարության կողմից հաստատված տարբերակը այլ գնահատականների դեռ կարժանանա: Մեզ մնում է առայժմ ներկայացնել այն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մեկնաբանությամբ: «Ես կներկայացնեմ փոփոխությունները իրավական տեսանկյունից, ոչ թե փաստական, որովհետեւ փաստականն այսօրվա վիճակում չի համապատասխանում լիցենզիայից բխող իրավական նորմերին»,- երեկ ասուլիսն այսպես սկսեց նախարարը: Նա նշեց, որ սխալ է մեկնաբանված այն, որ նախկինում «ԱրմենՏելի» մենաշնորհը տարածվում էր միայն հեռախոսային ծառայությունների վրա, իսկ ներկայումս՝ հեռահաղորդակցության ողջ ցանցին: Պարզվում է՝ նման մենաշնորհ ընկերությունն ունեցել է նախկին լիցենզիայով նույնպես: Պարզապես այդ դրույթը բաժանված էր տարբեր մասերի եւ գտնվում էր տարբեր բաժիններում՝ «եթե համադրեիք, կհասկանայիք, որ մենաշնորհը տարածվում է բոլոր այն ծառայությունների վրա, որոնք մատուցվում են հանրային համակցված հեռախոսացանցով»: Էական փոփոխություն չի կրել քարտերով եւ մետաղադրամով աշխատող հեռախոսների մենաշնորհը, պարզապես նախկինում ձեւակերպված էր «այդ հեռախոսները՝ ներառյալ, բայց չսահմանափակված, իսկ հիմա միայն ներառյալ»: «ԱրմենՏելը» բացառիկության իրավունքից զրկվել է շարժական հեռախոսակապի ծառայության ոլորտում՝ GSM (ոչ իզի), շարժական արբանյակային եւ շարժական ռադիոծառայություններ: Ինտերնետի մասին՝ պարզվում է, որ նախկինում էլ «ԱրմենՏելը» ունեցել է տվյալների հաղորդման միջազգային ելքի եւ մուտքի հասանելիության բացառիկ իրավունք: Բայց անգլերենից հայերեն սխալ թարգմանության հետեւանքով ընկերությանը բաժին է մնացել միայն ելքը: Սակայն արբանյակային սեգմենտի միջոցով տվյալների մուտքը նոր փոփոխությամբ այլեւս մենաշնորհային չէ: Նախարարը գտնում է, որ փաստացի մարդիկ մինչ այժմ օգտվել են՝ անտեսելով մենաշնորհային իրավունքը: Միայն թե այսուհետ այն օրինականացվում է: Ինտերնետային տվյալների մուտքը Հայաստան 8 անգամ մեծ է տվյալների ելքից, եւ Դ. Հարությունյանի գնահատմամբ՝ «սրանով ինտերնետի էական հատվածը ազատականացնում ենք»: «ԱրմենՏելը» զրկվելու է նաեւ օպտիկական մալուխով ներմուծված տվյալների միանձնյա վաճառքի մենաշնորհից, եւ այսուհետ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ իրավունք ունի գիծ վարձակալել «ԱրմենՏելից» եւ ներմուծել տվյալներ արտերկրի ցանկացած պրովայդերից: Վարձակալության գինը կկարգավորի կապի եւ տրանսպորտի նախարարությունը, իսկ սակագնի ձեւավորման սկզբունքը՝ ինքնարժեք գումարած ողջամիտ շահույթ: Հետաքրքիր է, իսկ կա՞, արդյոք, ողջամիտ շահույթի չափորոշիչ: Ինչ վերաբերում է IP ինտերնետային ծառայությանը, ապա, ըստ նախարարի, մինչ այժմ պրովայդերները ունեցել են միայն տվյալների փոխանցման արտոնագրեր՝ առանց ձայնայինի, բայց օգտվել են երկուսից էլ: Կառավարությունն այս հարցում ընդունել է միջանկյալ որոշում. զիջել «ԱրմենՏելին» եւ դեռեւս չազատականացնել միջազգային կապի շուկան, նրան տրամադրել ձայնային ինտերնետային կապի մենաշնորհը՝ փոխարենը զսպելով տեղական զանգերի գների սակագները: Նախարար Դ. Հարությունյանը վստահեցրեց, որ փոփոխությունը էական տարբերություն չի բերի նոր գներով վարձակալված ծառայությանը: Բացի այդ, «այն շահույթը, որը գնում էր ինչ-որ մարդկանց գրպանը, հիմա կվերադարձնենք «ԱրմենՏելին», որպեսզի նա կարողանա մեղմել տեղական հեռախոսակապի սակագների աճը»։ Մի շարք այլ դրույթների մասին նախարարը գերադասեց լռել, քանի որ դեռեւս կնքված չէ հաշտության համաձայնագիրը: Փոխարենը հաճույքով մանրամասնեց «ԱրմենՏելի» պարտավորությունների փոփոխված տարբերակը: Հիմնական թերակատարումը՝ 800 գյուղերի հեռախոսակապի թվայնացումն է: Կառավարությունը որոշել է էլի ժամանակ տալ ընկերությանը: Ըստ այդմ՝ մինչեւ 2005 թ. դեկտեմբերի 31-ը 700 գյուղ պետք է ունենա որակյալ թվային հեռախոսակապ. մինչեւ 2006 թ. դեկտեմբերի 31-ը պետք է թվայնացվեն այն գյուղերը, որոնք ունեն 50-ից ավելի բնակիչ: Ավելի փոքրաթիվ բնակչություն ունեցող 19 գյուղերից 12-ը գտնվում են այլ համայնքների կազմում եւ նրանց խնդիրը լուծվում է ինքնըստինքյան: «Անկապ» են մնում 7 հեռավոր սակավամարդ գյուղեր: Նախարարի ասելով՝ հաշտության համաձայնագիրը այս ենթատեքստով «ԱրմենՏելի» սրտովը չէ: «Սակայն 10 օր հետո, եթե ընկերությունը չստորագրի լիցենզիայի նոր տարբերակն ու պայմանագիրը, ուրեմն կրկին կվերադառնանք մարտադաշտ՝ դատական պրոցես»,- ասաց նախարարը: Իսկ ինչպե՞ս կլուծվի փոխադարձաբար միմյանց հասցված նյութական վնասի խնդիրը: «Կողմերը ներում են մինչեւ հաշտության համաձայնագիրը միմյանց նկատմամբ թույլ տված վնասները»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել