«27»-Ի ԳՈՐԾՈՒՄ ԴԵՌ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդ Սամվել Դեմիրճյանի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանին երեկ հարցրինք՝ ի՞նչ տեղեկություն ունի «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածների մասին: Աշոտ Սարգսյանը մասնավորապես ասաց. «Դեռեւս Վռամ Գալստյանի, այսպես կոչված, կախվելուց հետո ես գրություն ուղարկեցի արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե ինչո՞ւ էր վերջինս գտնվել մեկուսարանում: Ինձ պատասխանեցին, որ դա մեկուսարան չէ, այլ քրեակատարողական հիմնարկ, որը հատուկ ցմահ ազատազրկման դատապարտվածների համար է: Բնական հարց առաջացավ, արդյո՞ք այն երկու տականքները /խոսքը Նաիրի եւ Կարեն Հունանյանների մասին է- Մ. Ե./ եւս գտնվում են այդ նույն հիմնարկում: Պատասխանեցին, որ այդ երկուսը գտնվում են «Կենտրոն» կոչվող մեկուսարանում, որը նախարարի հրամանով վերածվել է քրեակատարողական հիմնարկի: Բայց զավեշտն այն է, որ իմ առաջին գրությունից հետո է նախարարի հրամանով «Կենտրոնը» վերածվել այդպիսի հիմնարկի»: Փաստաբան Աշոտ Սարգսյանն ասաց նաեւ, որ անկախ ամեն ինչից, իրենք շարունակելու են իրենց աշխատանքը, քանի դեռ ամբողջովին չի բացահայտվել «Հոկտեմբերի 27-»-ը. «Եվ պետությունն էլ պետք է մեզ օժանդակի, որովհետեւ հանցագործությունն ուղղված էր պետության դեմ: Դատախազության այսօրվա քննչական խումբը եւս պետք է շահագրգիռ լինի՝ մեզ հետ համագործակցելու: Մենք քրեական գործի շրջանակներից դուրս չենք գալու: Արվելու են միջնորդություններ, անկախ նրանից՝ ո՞ւմ դուրը կգա, ո՞ւմ շահերին կխփի, մեր քայլերը լինելու են զուտ քրեական գործի շրջանակներում: Մենք այդ առումով կաշկանդված չենք: Շահարկում չի լինելու, բայց եթե կա հարց, որի պատասխանը տրված չէ, մենք այդ մասին կասենք հենց այսօր, ոչ թե կսպասենք այլ ժամանակների: Բոլոր հարցերը այսօր պետք է բարձրացվեն եւ պատասխան ստանան: Որպեսզի չստանալու դեպքում կարողանանք պահանջատեր լինել եւ պարզել, թե ինչո՞ւ չկան այդ պատասխանները: Չէ՞ որ քրեական գործի վերաբերյալ միջնորդություններ են արվել, ինչո՞ւ դրանք չեն կատարվել: Այ, չկատարողները պետք է այսօր հասկանան, որ կգա մի օր, երբ իրենց առաջ կդրվեն այդ հարցերը»: Մ. Ե. Հարցազրույցը՝ վաղվա համարում: