Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՇԸ

Նոյեմբեր 04,2004 00:00

ԲՈՒՇԸ ՀԱՅԵՐԻՑ ՎՐԵԺ ՉԻ ԼՈՒԾԻ Քերիին սատարելը մեզ համար վատ հետեւանքներ չի ունենա՝ վստահ է հայաստանյան քաղաքական գործիչների մեծ մասը: ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ-սենատոր Ջոն Քերին ընտրություններում կրած իր պարտության վերաբերյալ պաշտոնական համապատասխան հայտարարությամբ հանդես պետք է գար երեկ երեկոյան, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին, Բոստոնում, իսկ մեկ ժամ անց պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ԱՄՆ գործող եւ վերընտրված նախագահ Ջ. Բուշը: «Շնորհավորում եմ ձեզ, պարոն նախագահ»,- հեռախոսազրույցի ժամանակ ասել էր Ջ. Քերին՝ արժանանալով Բուշի կողմից «արժանի, կոշտ եւ պատվաբեր մրցակից» գնահատականներին: Ջ. Քերին միաժամանակ կարծիք է հայտնել, թե երկիրը չափազանց մասնատված է, ուստի ինքն անհրաժեշտ է համարել երկրի միասնությունը պահպանելու համար ընդունել իր պարտությունը, ինչի հետ Բուշը, բնականաբար, համաձայնել է: Հայտնի է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին ավելի քան ակտիվ մասնակցություն ունեցավ հայկական համայնքը: Վերջինս, որ հանդես էր եկել նաեւ Ջ. Բուշի դեմ ԱՄՆ-ում կազմակերպված բողոքի ցույցերին, կոչ էր արել հայազգի ամերիկացիներին քվեարկել հօգուտ Ջ. Քերիի՝ վերջինիս ԱՄՆ Սենատում իրականացրած հայանպաստ նախաձեռնությունների համար: Նա նաեւ խոստացել էր 2005-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ հայաստանյան քաղաքական գործիչների, Բուշի վերընտրության պարագայում արդյո՞ք նրա քաղաքականությունը հայերի նկատմամբ ավելի կոշտ դրսեւորումներ չի ունենա: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի դիտարկմամբ, Բուշի համար, որպես գործող նախագահի, այսքան փոքր տարբերությամբ վերընտրվելը պարտություն է նշանակում, եւ ընդհանրապես ավելի ճիշտ կլիներ, որ որեւէ երկրում, երբ նախագահական աթոռի համար պայքարում է գործող նախագահը, նրա վերընտրությունն արձանագրվի միայն իր մրցակցից գոնե 10 տոկոս ավելի քվե ունենալու դեպքում: Ինչ վերաբերում է Բուշի վերընտրության պարագայում Քերիին աջակցած հայերին «վատ աչքով» նայելուն, ապա Հ. Խաչատրյանի համոզմամբ, «ընտրությունների պատճառով նա դժվար թե քինախնդրություն դրսեւորի»: Բացի այս, ՍԻՄ նախագահի կարծիքով՝ Հայաստանի ու հայերի համար Բուշի կամ Քերիի ընտրությունը էական բան չէր փոխելու: Դավիթ Շահնազարյանն էլ «Արմինֆոյին» կարծիք էր հայտնել, թե «Հայաստանի եւ հայերի համար բացարձակապես ոչ մի տարբերություն չկա, թե ով կհաղթի ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում՝ Ջորջ Բուշը, թե՝ Ջոն Քերին»: Ըստ նրա, վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ նախագահի բացառապես բոլոր թեկնածուները նախընտրական շրջանում խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը ու նախագահ դառնալով՝ այդ խոստումները չեն կատարել: «Եկեք մենք մեզ չխաբենք եւ հասկանանք, որ ԱՄՆ-ի ողջ քաղաքականությունը ժառանգական է, անկախ այն բանից՝ հանրապետական, թե դեմոկրատական կուսակցության թեկնածուն է հաղթում ընտրություններում, ուստի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում ոչ մի արմատական փոփոխություն ակնկալել չարժե»,- նկատել է Դ. Շահնազարյանը: Որ ԱՄՆ նախագահի փոփոխության դեպքում երկրի հիմնական քաղաքական գիծը չի փոխվի, կարծում էր նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: «Օրինաց երկրի» փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանի՝ «Առավոտին» փոխանցած դիտարկմամբ եւս՝ «Բուշի ընտրության արդյունքում հայերի եւ Հայաստանի նկատմամբ նրա վարչակազմի քաղաքականությունը գլոբալ փոփոխություններ չի կրի, որովհետեւ այն վաղուց արդեն ծրագրված է»: Այդուհանդերձ, պատգամավորի ասելով՝ «Բուշի վարչակազմում հայկական լոբբինգ անելու ազդեցությունները կփոքրանան»: Ինչ վերաբերում է ամերիկահայերին, ապա, ըստ Մ. Շահգելդյանի, նրանք ԱՄՆ քաղաքացիներ են եւ աջակցելով Ջ. Քերիին՝ նրանք իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել: ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր ոլորտում ԱՄՆ նախագահի ընտրությունների ազդեցությանն անդրադառնալով՝ վստահեցրել է, թե «ԱՄՆ նախագահի հնարավոր փոփոխումը չի ազդի հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունների զարգացման վրա»: Իսկ ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ, ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որ հայերի եւ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունն անձերով պայմանավորվի: «Անկախ այն բանից, թե ով կլինի այդ երկրի նախագահը, նրա վարած քաղաքականությունը մեզ համար լուրջ ազդեցություն չի ունենա, որովհետեւ ես այն կարծիքին եմ, որ ԱՄՆ-ի վարած պետական քաղաքականությունը վաղուց արդեն հստակ մշակված է եւ անձերն այնտեղ էական դեր չեն խաղում»: Ահավասիկ, երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ է հավաստիացրել, թե՝ «ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքներից անկախ՝ վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել