Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆ ՏՆԻՑ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ

Նոյեմբեր 04,2004 00:00

Չնայած Աթենքում նվաճած 27-ական ոսկե եւ արծաթե ու 38 բրոնզե մեդալներին, Ռուսաստանում նույնպես դժգոհ են օլիմպիական խաղերին մասնակցությունից: Այնտեղ էլ ուզում են հասկանալ պատճառները, ի հայտ բերել մեղավորներին, անհրաժեշտ հետեւություններ անել:

Ծանոթանալով ԶԼՄ-ների հրապարակումներին՝ կարծես նրանք հասկացել են, թե ինչն ինչոց է ու որոշել են համապատասխան քայլեր ձեռնարկել: Սակայն այն, ինչ հիմա ուզում են անել Ռուսաստանում, դժվար թե հասկանալի եւ ընդունելի լինի Հայաստանում: Նախ, որքան հասկանում ենք, այնտեղ՝ Աթենքում տեղի ունեցածը չեն փորձում քաղաքականացնել, այլ առաջնորդվում են նախ եւ առաջ միջազգային մարզական աշխարհում երկրի երբեմնի հեղինակությունը վերականգնելու մտահոգությամբ: Երկրորդ, պարզվում է ռուսները խնդրի լուծմանը յուրահատուկ մոտեցումներ ունեն, որոնք արմատապես տարբերվում են ներկայումս մեզանում տիրող տենդենցներից: Այսպես, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի գործկոմում նույնպես, ինչպես մեզ մոտ, ըստ առանձին մարզաձեւերի՝ քննարկումներ են ծավալվել: Դրանց ներկա է եղել սպորտի պետական կառույցի ղեկավար Վյաչեսլավ Ֆետիսովը, որը քննարկումների ավարտին իր մտորումներն է արտահայտել: «Ես մարզական ֆեդերացիաների ղեկավարներից ու հավաքականների մարզիչներից այդպես էլ նախապատրաստական փուլում կատարված աշխատանքների ընթացքում թույլ տված սխալների մասին կոնկրետ որեւէ զեկույց չլսեցի»,- ասել է նա: Ֆետիսովի կարծիքով՝ անհրաժեշտ է վերափոխել մարզիչների աշխատանքը մարզիկների հետ: Պետք է յուրաքանչյուր մարզիկի անհատական մոտեցում ցուցաբերել, մարզիչների աշխատանքը կատարելագործել տարածաշրջաններում: Ֆետիսովը պահանջել է, որպեսզի մարզաձեւերի ղեկավարները վայր դնեն լիազորությունները, եթե նրանց վստահված ոլորտներում արդյունքներ չկան: «Մենք հաղթանակներ չենք ունենա, եթե հիմա որեւէ մեկին խնայենք»,- ընդգծել է նա՝ միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ ինքն անձնական որեւէ հարց չունի ֆեդերացիաների ղեկավարների, հավաքականների մարզիչների հետ. «Պարզապես, եթե այսօր վճռական քայլերի չդիմենք, ապագայում էլ արդյունքներ չենք ունենա: Եթե հիմա պրոֆեսիոնալ մոտեցում չցուցաբերենք, ապագա չենք ունենա»:

Համաձայնելով Վյաչեսլավ Ֆետիսովի հետ՝ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովն ավելացրել է. «Մենք սպորտում քիչ մարդիկ ունենք, դրա համար էլ պետք է միավորվենք, այլ ոչ թե միմյանց բաժանենք աջերի ու ձախերի, պետականների ու հասարակականների: Բայց միեւնույն է՝ եթե չկա արդյունք, տվյալ մարզաձեւի ղեկավարներն ու պատասխանատուները պետք է թողնեն իրենց պաշտոնը»:

Մի հետաքրքիր բան էլ. պարզվում է, որ Ռուսաստանում սպորտի պետական կառույցի ղեկավարը պետք է միաժամանակ զբաղեցնի նաեւ օլիմպիական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը (իսկ մեզ մոտ հիմա հակառակն են պնդում): Այդ իսկ պատճառով էլ Ֆետիսովն անցած շաբաթ համապատասխան դիմում է ներկայացրել Լեոնիդ Տյագաչովին, որն էլ մակագրել է ու փոխանցել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Զուրաբովին, որի ղեկավարած գերատեսչության կառուցվածքում է ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի ֆեդերալ գործակալությունը:

Իրոք որ չգիտես՝ որն է ճիշտ եւ որը՝ սխալ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել