Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ճիշտ» երիտասարդությունը օգտակար է հասարակությանը

Նոյեմբեր 04,2004 00:00

Երեկ
հավաքվեցին ԱՊՀ-ի «բազեները» Երեկ երիտասարդությանը նվիրված միջոցառումների
պակաս չէր զգացվում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ եվրոպացի փորձագետների աջակցությամբ
մշակվում էր երիտասարդական պետական քաղաքականությունը, որը կարող է դառնալ երիտասարդական
ազգային զեկույցի հիմք: Ծաղկաձորում երիտասարդական հասարակական կազմակերպությունները
խոսում էին Սփյուռքի համանման կազմակերպությունների հետ համագործակցության մասին:
Երեւանում էլ բացվեց ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների
միջազգային խորհրդի 12-րդ նիստը: Խորհրդի անդամ 12 պետություններից բացմանը
մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները:
Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի պատվիրակները ճանապարհին էին, Ադրբեջանը
հրաժարվել էր մասնակցությունից: Հավաքվածների բացման խոսքերից պարզ դարձավ, որ ԱՊՀ
տարածքում երիտասարդները հիմնականում նույն հարցերն ունեն եւ նույն խնդիրներին են
բախվում. աշխատանք եւ գործազրկություն, ընտանիք, կացարան, հանգիստ, կրթություն, առողջապահություն,
միջազգային համագործակցություն: Տեղեկացվեց նաեւ, որ առայսօր երիտասարդության մասին
օրենք չունեն Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը, Վրաստանը: Փոխարենը
Տաջիկստանը վաղուց օրենքը ընդունել է եւ այժմ աշխատում է այն լրացնելու եւ փոփոխելու
ուղղությամբ: Բացման ժամանակ եղան նաեւ գործնական առաջարկներ: Մոլդովայի կառավարությանն
առընթեր երիտասարդության եւ սպորտի դեպարտամենտի փոխտնօրեն Լյուդմիլա Կուբեն առաջարկեց
բացառել երիտասարդների հանդեպ բոլոր տեսակի խտրականությունները, պայմաններ ստեղծել
նրանց ներուժի եւ հնարավորությունների դրսեւորման համար, խրախուսել ծրագրեր իրականացնելիս:
Տաջիկստանի կառավարությանն առընթեր երիտասարդության հարցերի կոմիտեի նախագահ Ռախմատուլո
Ասադուլոեւն էլ առաջարկեց մշակել առաջիկա տասը տարվա համար երիտասարդական քաղաքականություն:
ՌԴ կրթության նախարարության երեխաների սոցիալական պաշտպանության, դաստիարակության
եւ երիտասարդական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Ապամենկոն նպատակահարմար
համարեց միասնական պորտալի ստեղծումը եւ «Միր» հեռուստաընկերությամբ երիտասարդական
հաղորդումների կազմակերպումը: ԱՊՀ-ում երիտասարդների խնդիրները նույնն են,
սակայն նույնը չեն դրանց առաջնահերթությունն ու սրությունը: Օրինակ, մոլդովացի պատվիրակներն
ասացին, որ իրենց երիտասարդությունը հաջողակ է, պետությունն էլ իր բնակչության 25%
երիտասարդներով համարվում է Եվրոպայի ամենաերիտասարդ երկիրը: Մոլդովան տարեկան իր
բյուջեից ջահելների վրա ծախսում է 100 հազար դոլար: Նաեւ դրամաշնորհներ է շահում,
որոնցից առավելագույնը եղել է 3 մլն դոլար եւ ուղղվել գյուղական բնակավայրերում երիտասարդական
կենտրոնների ստեղծմանը: Ուկրաինայի բնակչության մոտ 30%-ն է մինչեւ 35 տարեկան, որոնց
վրա պետությունը ծախսում է 75 մլն դոլար, իսկ ընդհանուր ծախսվում է մոտ 200 մլն:
Ուկրաինան որոշել է 2005-ին պետական ծախսերը նվազեցնել մոտ 20 մլն դոլարով: Տաջիկների
61%-ն է երիտասարդ, որի վրա ծախսվում է 1 մլն դոլար, որից 30%-ը՝ պետբյուջեից է:
Ըստ մարդահամարի, Հայաստանի բնակչության մոտ 25%-ն է երիտասարդ, որոնց պետությունը
2004-ին տրամադրել է մոտ 300 հազար դոլար: Սա միայն մշակույթի եւ երիտասարդության
հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության բյուջեն է, որ հիմնականում
ուղղվում է երիտասարդական հ/կ-ներին: Ըստ ՀԵԱԽ նախագահ Վազգեն Խաչիկյանի, եթե սրան
գումարենք նաեւ բանակում, բուհերում երիտասարդների վրա արվող ծախսերը, գումարը կաճի,
սակայն դա էլ բավական չէ: Ըստ Խաչիկյանի, ԱՊՀ չափանիշներով, Հայաստանի 800000 երիտասարդներին
առնվազն 800000 դոլար պետք է տրամադրվի: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել