Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արհեստագործական ուսումնարանները վերաբացվեցին

Նոյեմբեր 04,2004 00:00

Սակայն
ուսուցումն այնտեղ կիրականացվի խորհրդային շրջանի ծրագրերով ու դասագրքերով Երեկ
ԿԳ նախարար Սերգո Երիցյանը հրավիրել էր լրագրողներին՝ հայտնելու, որ հանրապետությունում
վերականգնվել է 26 նախնական մասնագիտական ուսումնարան՝ 20-22 մասնագիտությունների
գծով, որտեղ արդեն սովորում է 2200 հոգի: Առաջիկա 6 ամիսների ընթացքում ԿԳՆ-ն հնարավորություն
կունենա 300 մանկավարժի աշխատանքի տեղավորել այս հաստատություններում: Եթե
2002 թ. կառավարության որոշման համաձայն, արհեստագործական ուսումնական հաստատությունները
վերածվել էին դպրոցների՝ արհեստագործական հոսքերով, եւ ըստ այդմ դիպլոմներ կամ վկայականներ
այդ մասնագիտությունների գծով չէին տրվում, ապա այժմ արդեն ԿԳՆ-ն, իր կարծիքով, շտկում
է կրթական համակարգի այդ բացթողումը: Ի դեպ, մասնագիտությունների ընտրությունը կատարվել
է ՏԱՍԻՍ-ի ուսումնասիրության արդյունքում: Այդ ուսումնասիրությունները ցույց են տվել,
որ, օրինակ, Տավուշի եւ Լոռու մարզերում մեծ է շինարարների, զոդողների, մետաղամշակման
մասնագետների, գորգագործների, կոշկագործների պահանջարկը, Սյունիքում՝ լեռնահանքարդյունաբերության
մասնագետների, Վայոց ձորում՝ գյուղատնտեսության մասնագետների: Նախարարը հավաստիացնում
է, որ այսօր արդեն ձեռնարկությունները պատրաստ են ընդունել նման մասնագետներ, որոնք
դեռ չկան: «Եվ մենք հայտնվում ենք դժվարին իրավիճակում, երբ բանվորական տեղերին հավակնում
են բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ: Սա ցանկացած երկրի, առավելեւս մեզ համար
շռայլություն է»: ԿԳ նախարարը խոստովանեց, որ նախնական մասնագիտական այս հաստատությունները
կրթական չափորոշիչներ դեռեւս չունեն, եւ ուսուցումը կազմակերպվում է նախկին համակարգից՝
խորհրդային շրջանի «ՊՏՈՒ»-ներից մնացած ծրագրերով: Բացի այդ, չկան նաեւ հայալեզու
դասագրքեր, այլ միայն՝ հնից մնացած ռուսերեն գրականությունն է: Իսկ ռուսաց լեզվի
մակարդակն այսօր հանրակրթական դպրոցներում բավարար չէ, որպեսզի այդ լեզվով ուսուցում
կազմակերպվի, այն էլ՝ արհեստագործական: Մեր այս մտահոգությանն ի պատասխան, պրն Երիցյանը
նախ համաձայնեց, որ ռուսերենից այսօրվա սերունդը չի փայլում, ապա պատասխանեց. «Դասագրքերի
ստեղծումը շատ բարդ է, այս փուլում պետք է գնանք թարգմանչական դասագրքեր ունենալու
ճանապարհով: Ինչ վերաբերում է կրթական չափորոշիչներին, ապա դա շատ աշխատատար գործընթաց
է, իսկ մենք չէինք կարող սպասել»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել