Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

20 տարվա այգին կդառնա «մոյկա»

Նոյեմբեր 04,2004 00:00

Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչ, դոցենտ Սուրեն Եղյանի ընտանիքը եւ հարեւան չորս ընտանիքներ շուտով կզրկվեն իրենց՝ տասնամյակներ շարունակ մշակած պտղատու այգիներից:

Այս ընտանիքները պայքարում են Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում գտնվող իրենց՝ մոտ 20 տարեկան պտղատու այգիները փրկելու համար: Բնակիչները ցավով են պատմում, թե տարիների ընթացքում ինչ դժվարություններով են բուսականությունից զուրկ, ամայի ու քարքարոտ հողատարածքը մշակել, քարերից մաքրել, դույլերով ջուր կրել, տոննաներով սեւ հող լցրել ու պարարտացրել. «500-ից ավելի պտղատու ծառեր ենք տնկել ու տանջանքով մեծացրել: Այդքան տարիների չարչարանքից հետո մեր այգիները մեզնից խլում են՝ պատճառաբանելով, որ տարածքը վաճառված է»:

Այժմ Եղյանների եւ մնացած չորս ընտանիքների այգիները գտնվում են հողի նոր սեփականատեր՝ «Տիգրան» ՍՊԸ-ին մրցույթով տրամադրված 3500 քմ հողամասում, եւ սեփականատերը պահանջում է տարածքն ազատել: Այգիների տերերը ասում են, որ հողատարածքի համար կայանալիք մրցույթի մասին իրենք տեղեկացված չեն եղել, իսկ այգիների նոր սեփականատերն իրենց անակնկալի է բերել. «Մոտ երեք շաբաթ առաջ պահանջել են եղած-չեղածներս հավաքենք եւ տարածքն ազատենք, որպեսզի տեխնիկա բերեն՝ ծառերն արմատախիլ անեն, քանի որ տեղում ավտոտեխսպասարկման կետ է կառուցվելու»:

Դեռեւս 2003-ին Սուրեն Եղյանը դիմել է Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան՝ իր կողմից օգտագործվող հողակտորն օրինականացնելու եւ իրեն տրամադրելու խնդրանքով: Թաղապետարանը չի առարկել եւ միջնորդագրով դիմել է քաղաքապետարան՝ հիմնավորելով, որ «մատնանշված հողատարածքը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 72 հոդվածի 2-րդ կետի պահանջներին»: Քաղաքապետարանը բնակչի հարցին ընթացք չի տվել՝ նշելով, որ «դրան կանդրադառնան նշված տարածքի կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտելուց հետո միայն»: Ս. Եղյանի հավաստմամբ, մեկ տարի սպասելուց հետո պարզել են, որ հողատարածքն արդեն վաճառված է: Ս. Եղյանի տեղեկություններով, իրենց հողատարածքը քաղաքապետարանը աճուրդի է հանել՝ ներկայացնելով որպես բանջարանոցային տարածք. «Այնինչ՝ 15-20 տարեկան բերքատու մոտ 500 ծառ կա մեր 5 ընտանիքների այգիներում»: Ի դեպ, նոր սեփականատերը տարածքն ազատելու ուղղությամբ արդեն գործնական քայլերի է դիմել՝ գիշերով հիմնահատակ անելով Ս. Եղյանի այգուն կից հողամասում գտնվող կիսակառույց քարաշեն տնակն ու զուգարանը, իսկ այգու տերերին նետել է «մեջք ունեցողների» ավանդական «ասույթը»՝ «ուր ուզում եք դիմեք»: Այգու տերերը ենթադրում են, որ նշյալ հասցեի համար աճուրդ չի էլ կազմակերպվել, կամ եթե եղել է՝ «ձեւական բնույթ է կրել, քանի որ ի սկզբանե պարզ է եղել, թե ով է լինելու հողատարածքի սեփականատերը»: Հարցի առնչությամբ քաղաքապետարանի հողամասերի վարձակալության եւ օտարման մրցութային ու աճուրդային հանձնաժողովի քարտուղար Վիգեն Եղիազարյանը պարզաբանեց, որ «նշյալ տարածքը պետական սեփականություն հանդիսացող հողամաս է, որը վաճառվել է 2004 թվականի օգոստոսի 31-ին կայացած աճուրդով»: Աճուրդի հայտարարությունը, ըստ Վ. Եղիազարյանի, տրվել էր «Հայաստանի Հանրապետություն» թերթում՝ աճուրդից մեկ ամիս առաջ: Ուրեմն 20 տարվա աշխատանքը պետք է ջո՞ւրն ընկնի, ինչ է թե՝ մարդիկ թերթ չեն կարդում: Պարոն Եղիազարյանի ասելով՝ նման դեպքերի համար օրենքով ոչինչ սահմանված չէ, եւ դա մնում է սեփականատիրոջ ու այգիների տերերի փոխհամաձայնությանը: Որպես կանոն՝ նման վեճերը լուծվում են դատարաններում՝ հօգուտ սեփականության «թուղթ» ունեցողների:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել