Քանի որ դա օրենքով կարգավորված չէ
Այս տարվա հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաեւ «Պատգամավորի պահվածքի մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Սկզբունքորեն տրամաբանական նախաձեռնություններ են, սակայն մանրամասն ծանոթանալով դրանցից յուրաքանչյուրին՝ հասկանում ես, որ այս խորհրդարանը պարզապես բանուգործ չունի: Ի սկզբանե Կանոնակարգի փոփոխության անհրաժեշտությունը կոալիցիոն գործընկերները բացատրում էին քաղաքական բոյկոտի կանոնակարգման հրատապությամբ եւ հայտարարում էին, որ քանի դեռ բոյկոտը չի կանոնակարգվել, իրենք չեն կարող վճռել ընդդիմությանը մանդատներից զրկել- չզրկելու հարցը: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Կանոնակարգի փոփոխություններում ոչ մի խոսք չկա բոյկոտի կանոնակարգման մասին, փոխարենը՝ բավականին զավեշտական կետեր կան, որոնք նկատել եւ մեզ հետ զրույցում ներկայացրեց խորհրդարանի աշխատանքները առանց կանոնակարգման բոյկոտած, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:
Կանոնակարգի փոփոխություններում արձանագրված է, որ խորհրդարանի աշխատանքները տեղի են ունենալու երեք շաբաթը մեկ: Սա պարոն Դալլաքյանին հիմք է տալիս եզրակացնել. «Սրանով կոալիցիան եւ Ռ. Քոչարյանը խոստովանում են՝ ԱԺ-ն, կառավարությունը եւ հանրապետության նախագահը սպառել են իրենց»: Ինչո՞ւ է այդպես կարծում մեր զրուցակիցը. «որովհետեւ օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն կառավարությունն ու ԱԺ-ն, իսկ Ռ. Քոչարյանն ունի վետոյի իրավունք: Այսինքն՝ այս կամ այն ձեւով ինքը դրան մասնակից է: Սա, փաստորեն, ինքնախոստովանություն է առ այն, որ այդ կառույցները սպառել են իրենց եւ կաթվածահար վիճակում են»:
Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, որ երբ 2003թ. հաստատվեց կառավարության գործունեության քառամյա ծրագիրը, դրա հետ միասին ԱԺ-ին պետք է ներկայացվեր այդ ծրագրի օրենսդրական բազան՝ չորս տարվա կտրվածքով: Սակայն նման բան չի ներկայացվել: Այսինքն՝ չկա օրենսդրական քաղաքականության հայեցակարգ եւ օրենքների այն փաթեթը, որով պետք էր չորս տարի միասին աշխատել: Կառավարությունը, ըստ պարոն Դալլաքյանի, օրինագծեր քննարկելու եւ ԱԺ ներկայացնելու փոխարեն զբաղված է սեփականության վերաբաժանմամբ:
Նկատեցինք, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների փաթեթում խորհրդարանի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչեւ հինգ տարի: Եթե իսկապես խորհրդարանը անելիք չի գտնում, ինչո՞վ է պայմանավորված այս երկարաձգումը: Վիկտոր Դալլաքյանի համար ամեն ինչ միանշանակ է. «Ռ. Քոչարյանը այդ քայլով ուզում է շահագրգռել պատգամավորներին՝ հասկացնելով, որ վերջիններս պարտավոր են կողմ լինել իր Սահմանադրությանը, քանի որ ինքը նրանց հինգ տարի աշխատելու հնարավորություն է տալիս»: Արդեն նկատեցինք, որ Կանոնակարգի հիմնական փոփոխություններից պետք է լիներ բոյկոտի սահմանումը, սակայն այդ փոփոխությունը չկա. «ընդամենը տրված է, թե ինչ է նշանակում բացակայել, իսկ բոյկոտը քաղաքական կատեգորիա է, եւ բացակայությունները միջազգային պատվիրակությունների կազմավորման հետ կապելն անտրամաբանական է: Այո, քաղաքական բոյկոտը եթե դուք սահմանեք, դա բացակայությունների հետ կարող է կապ չունենալ»: Ըստ մեր զրուցակցի, սրանով փորձ է արվում զսպաշապիկ հագցնել ընդդիմությանը, բայց ընդդիմությունն այն հագնողը չէ:
Ավելի զվարճալի է «Պատգամավորի պահվածքի մասին» օրինագիծը, որում պարզապես փորձ է արվում օրենքով կարգավորել պատգամավորների ազնվությունը, պարկեշտությունը եւ այլ համամարդկային հատկանիշներ: Կարելի է կարծել՝ օրենքով վերապահված բոլոր արժանիքները ազգիս երեսփոխաններն ունեին, մնում էր բարոյական դաշտն օրինականացնել: Այս հարցերի կապակցությամբ եւս Վիկտոր Դալլաքյանը իր նկատառումներն ունի. «Օրենքով ամրագրել են, որ պատգամավորը պետք է լինի ազնիվ: Հարց եմ տալիս՝ իսկ քաղաքացին, լրագրողը եւ մյուս մահկանացուները, որ պատգամավոր չեն, ազնիվ չպե՞տք է լինեն: Կամ՝ կա՞ երկիր, որտեղ օրենքի ուժով պարտադրում են լինել ազնիվ»: Ըստ «Արդարություն» խմբակցության քարտուղարի, խիստ վտանգավոր է օրինագծի 10-րդ հոդվածը, որում նշված է, որ պատգամավորը պետք է դրսեւորի այնպիսի վարքագիծ, որը կպահպանի եւ կամրապնդի հասարակության հավատն ու վստահությունը ՀՀ ԱԺ-ի գործունեության նկատմամբ. «Այսինքն՝ եթե պատգամավորը հայտարարում է, որ ԱԺ-ն ընտրակեղծիքներով է ընտրվել, նրան կարող են մեղադրել, որ հասարակության վստահությունը խաթարել է: Ո՞վ է որոշելու, ի՞նչ ձեւաչափով, ի՞նչ ջերմաչափով: Հաջորդը՝ գրված է, որ պատգամավորը չպետք է ծավալի այնպիսի գործունեություն, որը կասկածի տակ կարող է դնել ԱԺ պատգամավորի բարի համբավն ու հեղինակությունը: Սա ի՞նչ մոտեցում է, ուղղակի ծիծաղելի է»:
Օրինագծի կետերից մեկում էլ ֆիքսված է, որ պատգամավորը միջազգային ատյաններում իրավունք չունի վնասել պետության ու հասարակության հեղինակությունը: Բնական հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է լինելու դատողը, եթե այսօրվա «դատավորները»՝ ուրեմն Շավարշ Քոչարյանին ԵԽԽՎ-ում իր պահվածքի համար պետք էր խստորեն պատժել:
Վիկտոր Դալլաքյանը որպես օրինագծի թերություն նշեց այն, որ նրանում գրված չէ, թե պատգամավորները պետք է իրար բարեւեն, եւ առաջարկեց շտկել այդ սխալը, քանի դեռ ուշ չէ:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ