ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ Կիրակի օրը Ծաղկաձորում կանգնեցվեց կառուցվող նոր ճոպանուղու առաջին եւ երկրորդ հատվածների վերջին՝ 21-րդ հենասյունը: Դա իրադարձություն էր թե տեղացի, թե արտասահմանից ժամանած մասնագետ շինարարների համար: Ավստրո-իտալական «Լայթներ» ֆիրման, որ մասնագիտացած է ճոպանուղիների շինարարության մեջ, մեծ համբավ ու ճանաչում ունի: Այս ֆիրման ամբողջ աշխարհում կառուցել է լավագույն ճոպանուղիները: Սակայն նրանց համար Ծաղկաձորը առանձնահատուկ է տարբեր առումներով: Նախ, Թեղենիսի լանջի ռելիեֆը որոշ հատվածներում արտակարգ բարդ է՝ ցանկացած տեսակի շինարարական աշխատանք իրականացնելու համար: Երկրորդ, տեղում եղած տեխնիկան՝ իրենց դարն ապրած «Կրազներ», տրակտորներ, «Կամազներ», բուլդոզերներ, ամբարձիչներ եւ այլն, ըստ ամենայնի չէր համապատասխանում բարձր ճշգրտություն պահանջող շինարարությունն իրականացնելուն: Համենայնդեպս, սկզբում այդ համոզմանն են եղել գերմանացի եւ շվեյցարացի մասնագետները: Սակայն, ինչպես այնտեղ էին պատմում, ընթացքում նրանք նախ զարմացան հայ շինարարների մասնագիտական հմտությունների, բարդագույն պայմաններում աշխատելու կարողությունների վրա, ապա իրենց աչքով տեսան ու անձամբ համոզվեցին, որ ամեն բան կարգին կլինի: Ճիշտ է, սկզբնական շրջանում մեր շինարարներն էլ շատ նրբությունների չէին տիրապետում: Բայց շատ արագ յուրացրին դրանք: Հետաքրքիրն այն է, որ հենասյուների տեղադրումն սկսելով հոկտեմբերի 6-ին՝ վերջինը կանգնեցվեց 26-րդ օրը, ժամանակահատված, որը նույն արտասահմանցի մասնագետների վկայությամբ ռեկորդային ցուցանիշ է: Կարող է հարց ծագել, թե շտապողականությունը, որը եղանակային բարենպաստ պայմաններն առավել արդյունավետ օգտագործելու նպատակ ունի, արդյոք չի՞ ազդի որակի վրա: Բայց հաշվի առնելով, որ հենասյուների տեղադրված նոր հիմքերն ընդունել են ֆիրմայի ներկայացուցիչները, իսկ սյուների տեղադրումն իրականացնում են գերմանացի մասնագետները, որոնք ոչ մի հարցում չեն հանդուրժում որեւէ թերացում, պետք է ենթադրել, որ ամեն բան նորմալ է ընթացել: Ինչեւէ, հիմնական աշխատանքներն ավարտվեցին բարեհաջող: Հիմա ապագա դահուկուղու հարթեցման աշխատանքներն են ընթանում: Մնում են այն գործերը, որոնք այլեւս առանձնակի դժվարություն չեն ներկայացնում: Օրերս Ծաղկաձոր են ժամանելու ֆիրմայի էլեկտրամոնտաժողները: Նրանք հենասյուների վրա «կգցեն» ճոպանները, կտեղադրեն նստարանները եւ ամենայն հավանականությամբ ճոպանուղու առաջին փորձարկումը կլինի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՀ. Գ. Կիրակի երեկոյան, հենասյուների տեղադրման աշխատանքներն ավարտելուց հետո, սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը արդեն օլիմպիական մարզաբազայում շինարարների հետ հաջորդ օրվա անելիքները ծրագրելու ժամանակ մի քանի օրով Գերմանիա վերադարձող հենասյուների մոնտաժող Օլլիին հարցրեց, թե որպես հուշ՝ Հայաստանից ի՞նչն է նրա մեջ ամենից ավելի տպավորվել եւ ի՞նչ կուզենար հետը տանել: Գերմանացի մասնագետն առանց երկար մտածելու՝ կեսկատակ8211կեսլուրջ պատասխանեց. «Այստեղի «Կրազ» ավտոմեքենան ու ամբարձիչի վարորդին»: