Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ

Նոյեմբեր 03,2004 00:00

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ՝ ՈՉԻՆՉ Չէի ցանկանա «Շանթ» հեռուստաընկերության իմ գործընկերների հետ բանավեճ սկսել, բայց վստահ եմ, որ ժողովուրդը պատրաստ է իմանալ ողջ ճշմարտությունը եւ ոչինչ՝ ճշմարտությունից բացի: «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանը սեպտեմբերի 28-ին «Շանթով» հեռարձակված, բայց ամբողջությամբ «Ազատություն» ռ/կ-ի հեղինակած «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդման վերաբերյալ մամուլում հայտարարել էր. «Ազատություն» ռադիոկայանի հետ ընդամենը մեկ հեռուստահաղորդում հեռարձակելու պայմանագիր ենք ունեցել, որը եւ կատարվել է. սեպտեմբերի 28-ին հեռարձակվել է «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդումը», «Այդ հաղորդման պատրաստումն էլ սկզբունքորեն հեռուստաընկերության վրա էր եւ միայն վարողն ու պրոդյուսերն էին «Ազատությունից»: Կարելի է եզրակացրել, թե «Շանթ» հեռուստաընկերությունն ինքն է որոշել հաղորդման ձեւն ու բովանդակությունը կամ, ինչպես սիրում էր կրկնել պարոն Եզեկյանը՝ ձեւաչափը, գրել սցենարը, ձեռքբերել պայմանավորվածությունները, իրականացրել դրսի նկարահանումները եւ այլն: Իրականում դա այդպես չէ: Սեպտեմբերի 7-ին, երբ ես «Շանթ» հեռուստաընկերության նախագահի հետ պայմանավորվում ու բանակցում էի հաղորդման նախապատրաստական աշխատանքների եւ տեսագրության վերաբերյալ, Արթուր Եզեկյանը նախ ասաց, թե «թոք-շոու» ոճի հաղորդման համար իրենք շատ քիչ ժամանակ ունեն, չեն կարող սրահը ձեւավորել, եւ բացի այդ՝ զբաղված են հեռուստաընկերության 10-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով: Փաստորեն, մեզ պարտադրվեց «Երկրորդ հայացք» հաղորդման համար ձեւավորված սրահը: Առաջարկվեց, որ «Երկրորդ հայացք»-ի հեղինակ ու վարող Արթուր Կիրակոսյանն ինձ հետ համատեղ վարի նաեւ «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդումը: Սակայն բոլոր պայմանավորվածությունները հաղորդման մասնակիցների՝ դատախազության, արդարադատության նախարարության, փաստաբանների, ուսանողների ու այլ մասնակիցների հետ, ձեռք են բերվել իմ կամ «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի կողմից: Դրսի նկարահանումների պարագայում միայն մեկ անգամ ենք աջակցություն ստացել «Շանթից». պատահական անցորդների հարցումը նկարահանել է «Շանթի» օպերատոր Գագիկ Սարհատիկյանը՝ հեռուստաընկերության տեսախցիկով: Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի հետ հարցազրույցը Ստրասբուրգում իրականացրել է «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Արմեն Զաքարյանը՝ Պրահայի տեխնիկայով, իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ հարցազրույցի նկարահանումը, չնայած նախնական պայմանավորվածությանը, «Շանթը» պարզապես ձախողեց՝ նկարահանման օրը միայն ինձ ասացին, թե օպերատոր եւ տեխնիկա չունեն: Ստիպված նկարահանումներն արեցի իմ անձնական ծանոթների օգնությամբ եւ տեխնիկայով: Այդպես էլ գրեթե ոչ մի օժանդակություն չստացանք ստուդիայի ձեւավորման հարցում: Երկար բանակցություններից հետո ի վերջո կարողացանք հասնել միայն նրան, որ հաղորդման տեսագրությունից ընդամենը մեկ օր առաջ պատրաստվեց ու սրահում տեղադրվեց երկու պաստառ. հաղորդման կարգախոսը՝ «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» եւ «Ազատություն» ռադիոկայանի լոգոն: Չնայած մեր բազմաթիվ խնդրանքներին ու հորդորներին, Արթուր Եզեկյանը կատեգորիկ հրաժարվեց հաղորդման «շապկա» պատրաստել. փոխարենը հաղորդումը բացվեց էկրանին հավաքված տեքստով, ինչպես երեւի չէին անում 20 տարի առաջ արդեն: Նույնիսկ մի քանի վայրկյանանոց մեկ «բլյում» չուզեցին հավաքել՝ հաղորդման մասերն իրարից անջատելու համար: Հաղորդման սցենարը գրել եմ ես: Արթուր Կիրակոսյանը եթերում արտասանել է այն, ինչ գրված էր սցենարում: Մի խոսքով՝ «Շանթ» հեռուստաընկերությունը, բացի տեխնիկական աջակցությունից, որեւէ այլ առնչություն չունի այս հաղորդման հետ: Վերջում էլ հանուն ճշմարտության ասեմ, որ իրենց հաղորդումների ձեւաչափից մնացել էին 5 եւ 10 րոպեանոց դադարներ գովազդային հոլովակների համար: ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ«Ազատություն» ռ/կ-ի թղթակից, «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդման վարող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել