Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ

Նոյեմբեր 03,2004 00:00

«ԵՍ ՕՐԳԱՆԻ ԱՇԽԱՏՈՂ ԵՄ» Այդպես է իր հանցագործությունը բացատրում Ռուբեն Կարախանյանը 2004թ. սեպտեմբերի 22-ին Երեւանի Կենտրոնի ոստիկանության հարեւանությամբ գտնվող Ս. Սպանդարյանի անվան դպրոցի մերձակայքում հանրահայտ ռեժիսոր Կարեն Գեւորգյանն ու օպերատոր Գագիկ Հարությունյանը հանդիպեցին հերթական «ուժային» խուլիգանի: «Ես եւ Կարեն Գեւորգյանը մեքենայով դպրոցի կողքից դուրս եկանք դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց: Դիմացից «Մերսեդես ջիպ» մեքենան թեքվեց սուր անկյան տակ, եկավ դեմս կտրեց եւ պահանջում էր, որ ես իրեն ճանապարհ տամ: Նա չպետք է գար իմ դեմով անցներ, այլ իր ճանապարհով պետք է գնար: Եկավ դեմս փակեց, ասում է՝ ճանապարհ տուր, ես էլ ձեռքով ցույց եմ տալիս՝ ո՞նց ճանապարհ տամ, գլխիս վրայո՞վ ես անցնելու: Չէի կարող ճանապարհ տալ, հետեւում մեքենաներ էին ու տեղ չկար հետ գնալու: Նա սկսեց հետ ու առաջ տալ մեքենան, էդ ընթացքում էլ ուզում էր մի կնոջ խփել, ես ազդանշան տվեցի, մարդիկ սկսեցին գոռալ՝ թե էդ ի՞նչ ես անում: Հետո եկավ, մեքենայով մոտս կանգնեց, ասաց՝ արա՛, քեզ չե՞մ ասում՝ ճանապարհ տուր: Ես էլ պատասխանեցի՝ արան դու էս, քո հերն ա: Ասաց՝ քաշի աջ, խոսենք: Քանի որ տեղ չկար, ինքը երկրորդ գծի վրա էր, ասացի՝ գնանք առաջ»,- հիշում է Գագիկ Հարությունյանը: «Ինքը առաջ ընկավ, թե՝ հետեւիցս եկեք: Ինքը արագ գնաց, թեքվեց դեպի Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհը, իսկ մենք չուզեցինք իր հետեւից գնալ, ուղիղ գնացինք «Ձկան խանութի» մոտ կանգնեցինք: Նա էդ ճանապարհի մեջտեղով թեքվեց, թեեւ դա խախտում էր, եկավ «Ձկան խանութի» մոտ, ուր մենք էինք»,- պատմությունը շարունակում է Կարեն Գեւորգյանը: «Մենք մեքենայից դուրս չեկանք: Նա մեքենայից իջավ, մոտեցավ, աջ ձեռքով մեքենայի դուռը բռնեց, ձախով հարվածեց դեմքիս: Դուռը պահում էր, որ չկարողանամ դուրս գալ: Կարենը դուրս եկավ, հետո դուռը բաց թողեց, ես էլ դուրս եկա: Ասաց՝ խփել եմ, լավ եմ արել, հետո էլ, թե՝ օրգանի աշխատող եմ: Ասացի՝ դե գնացինք ոստիկանություն: Մենք գնացինք ոստիկանություն, ինքը ճանապարհից փախավ»: «ML Mersedes Jeep» մեքենայի համարն է՝ 70 ՏՕ 600: «Ես իմացա, որ ղեկին նստած այդ տղայի անուն-ազգանունը Ռուբեն Կարախանյան է: Ասում են՝ Սարյան փողոցի «Էգսիստ» խանութն իրենն է, միայն այսքանը գիտեմ»,- ասում է Գագիկը: Այնուհետեւ Գագիկը ոստիկանությունում դիմում է գրում. «Մի դիմում գրելը տեւեց չորս ժամ: Ասում էին՝ զբաղված ենք, եւ այլ պատճառաբանություններ: Հետո ինչ-որ մարդիկ եկան, փորձեցին լեզու գտնել: Մենք էլ ասացինք՝ ոչ, մենք էս գործը տանելու ենք մինչեւ վերջ»: Նշենք, որ Գագիկի քիթը կոտրվել էր, եւ ոստիկանությունում դիմում գրելու պահին դեմքն արյունոտված էր: Հոկտեմբերի 8-ին Կենտրոնի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Չնայած քրեական գործ հարուցելու համար Քրեական օրենսգիրքը սահմանում է տասնօրյա ժամկետ: Այդ ընթացքում մեքենայի տերերը փորձում էին «առնել» Գագիկին: Սակայն բոլոր ջանքերը ապարդյուն էր: Գ. Հարությունյանը հոկտեմբերի 10-ին ճանաչվել է տուժող: Հարցաքննվել են վկա Կարեն Գեւորգյանը եւ տուժող Գագիկ Հարութունյանը: Գործը քննում է ՀՀ ոստիկանության Երեւանի Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Խաչիկ Խաչատրյանը: Գագիկը պատմում է, որ քննիչները ոչ մի գործողություն չեն կատարել, մեքենայի դռնից չեն վերցրել մատնահետքերը՝ չնայած նա մի քանի օր շարունակ դիմել է ոստիկաններին, որ գան վերցնեն: Գ. Հարությունյանը ոստիկանությանը հայտնել է նաեւ, որ իրեն հարվածողը, ամենայն հավանականությամբ, թմրանյութ օգտագործած է եղել, եւ խնդրել էր նրան տանել նարկոլոգիական դիսպանսեր՝ հետազոտելու: Ռուբեն Կարախանյանը սակայն չի հետազոտվել: Կարախանյանի բարեկամները փորձել են հաշտության եզրեր գտնել եւ մի քանի անգամ հանդիպել են Գագիկին. «Միջնորդները, որ եկան հաշտեցման մասին խոսելու, ասացին, որ էդ մեքենան Ռուբենինը չէ, խանութն էլ ուղղակի աշխատեցնում է: Նրանք եկել են ինձ գնելու: Իրենք ասում են՝ եկեք մտածենք, թե մենք ինչքան ենք փող ծախսում, դու ինչքան պիտի ծախսես: Ասում էին՝ էդ գումարը քեզ տանք եւ միանգամից էդ հարցը լուծենք: Ես ասացի՝ ոչ, սա մենք պետք է նախադեպ դարձնենք ու բոլորին ցույց տանք, որ պետք չէ վախենալ՝ ով էլ ուզում է լինի: Մարդկանց կոչ եմ անում՝ մի՛ հաշտվեք, փոխհատուցում մի՛ վերցրեք, որովհետեւ փող տալը էդ մարդկանց համար պատիժ չէ, նրանք նման ծախսեր իրենց բյուջեում նախատեսում են: Պետք է ցույց տանք, որ նրանց դեմ կարելի է պայքարել եւ պատժել»: «Էսօր սա դարձել է սոցիալական երեւույթ՝ սափրած գլուխներ, թանկարժեք մեքենաներով փողոցներում այսպես պահելը, նրանց մեքենաների համարները, խփելով, ջարդելով՝ նրանք այսպես են ինքնահաստատվում, այս հոգեբանությունն արդեն նստում է էդ մարդկանց մեջ: Սրա դեմ պետք է պայքարենք օրինական ճանապարհով՝ դատարանով, սրա դեմ պետք է պայքարի նաեւ հասարակությունը»,- ասում է ռեժիսոր Կարեն Գեւորգյանը: Ակնհայտորեն, «առյուծի» սրտով Ռուբեն Կարախանյանի թիկունքում պաշտոնյա է: Այն էլ՝ ոչ փոքր տրամաչափի. Ռազմական ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Ստեփանյանը: Վերջինս «ՆԱՄ գրուպի» (կտորեղեն, ներքնաշորեր է ներկրում) իրական տերն է, նրան է պատկանում նաեւ Երեւանի Մաշտոցի պողոտայի փակ շուկայի մոտ գտնվող ջահերի խանութը: Զբաղվում է նաեւ մեքենաների բիզնեսով: Հայկ Ստեփանյանը շրջում է տարբեր մեքենաներով՝ երբեմն նաեւ դիվանագիտական համարներով: Ընդհանրապես, ռազմական ոստիկանության պաշտոնյաները հաջողված գործարարներ են, բայց սա արդեն այլ պատմություն է: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել