Լրահոս
Օրվա լրահոսը

Սադոյանը գիտի, թե ում են $5 եւ $7 մլն կաշառք տվել

Նոյեմբեր 03,2004 00:00

Սադոյանը գիտի, թե ում են $5 եւ $7 մլն կաշառք տվել Բայց առայժմ չի ասում Երեկ Ազգային ժողովրդավարների դաշինքի ղեկավար Արշակ Սադոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելու «ԱրմենՏելի» շուրջ ծավալված վերջին աշխուժության մասին: Արմենտելյան թեմաներով խոսելու իր իրավունքը Սադոյանը հիմնավորեց նրանով, որ պատգամավորության տարբեր շրջաններում մշտապես զբաղվել է այդ խնդրով: Իր իսկ խոսքով ասած՝ «փախուստից վերադառնալուց հետո (նկատի ունի 1997թ. ընդհատակից դուրս գալը- Ն.Գ.) այդ հարցով եմ զբաղվել, ձեռքիս տակ եղած փաստաթղթերը այս սեղանի բոյին են հասնում»: Մանրամասնորեն ներկայացնելով «ԱրմենՏելի» ստեղծման պատմությունը, իր՝ այդ թեմայով գործունեությունը, հանգելով 1998 թվականի Սահմանադրական դատարանի՝ «ԱրմենՏելի» մասին կայացրած որոշմանը՝ բանախոսը եզրակացրեց. «2003թ. մարտի 5-ին մենաշնորհի ժամկետը լրանում է: Դա ամրագրված է ՀՀ օրենքներով: Այսօր տարվող բոլոր խոսակցությունները բլեֆ են: Կաշառակերները փորձում են ժողովրդին խաբել, այլ խնդիր չկա»: Տեղեկացանք նաեւ, որ Հունաստանի Հանրապետության նախկին դեսպանը պարոն Սադոյանին առաջարկել է գնալ Հունաստան՝ «ասում էր, գիտե՞ք, պարոն Սադոյան, այնտեղ այնպիսի հնարավորություններ կան, գուցե դուք էլ ինչ-որ մի գործի մեջ մտնեք, ուղղակի կաշառելու փորձեր էր անում: Եվ Յորղուլասը, եւ Մանգլարասը անընդհատ ինձ ասում էին՝ գիտե՞ք մենք ինչքան ենք տուժում այս իշխանությունների ձեռքից, քանի՞ միլիոն դոլար կաշառք ենք տալիս: Երբ ասում էի՝ գրեք, ասում էին ՝ հո էդպես չի կարգը, միջպետական հարաբերություններ են եւ այլն»: Սադոյանը հայտարարեց նաեւ, որ վերջապես երկու պինդ անձնավորությունների է հայտնաբերել, որոնք պաշտոնապես հայտարարել են, որ հույները, տարբեր խողովակներով հինգ եւ յոթ միլիոն դոլարի կաշառք են տվել մերոնց: Այդ տեսագրությունները Սադոյանն ունի, բայց ելնելով տվյալ՝ կառավարական շրջանակները ներկայացնող անձանց ավտանգության խնդիրներից, չհրապարակեց նրանց անունները: Հավելյալ բացահայտումներ ենթադրող բոլոր հարցերը մնացին անպատասխան: Փոխարենը՝ ԱԺԴ նախագահը հայ իրավապահներին ուղղորդեց. «Փորձեք մի հատ պարզել, այդ ի՞նչ բանակցություններ են գնացել Լոնդոնից սկսած: Ի՞նչ հարցեր են դրվել: Առանց նյութական անմիջական շահագրգռության ոչ Դավիթ Հարությունյանը, ոչ վարչապետը հենց այնպես, դիտմամբ վատություն չէին անի ՀՀ-ին»: Ըստ Սադոյանի, գումարները տրվել են՝ հնարավորինս ձգելու մենաշնորհը, մինչեւ OTE-ն կարողանա իր բաժնետոմսերի մի մասը վաճառել արդեն իբրեւ բաց բաժնետիրական ընկերություն: Իսկ ինչո՞ւ է հունական կողմը այդքան կաշառք տալիս հանուն բաժնետոմսերի մի մասի վաճառքի՝ «Եթե հաջողվի բաժնետոմսերի մի մասը վաճառել, ապա նոր գնորդը, ՀՀ օտարերկրյա ներդրումների մասին օրենքի համաձայն, իրավունք կունենա եւս հինգ տարով պահպանել «ԱրմենՏելի» մենաշնորհը, կամ Հայաստանը պետք է փոխհատուցում տա»,-պարզաբանում է Ա. Սադոյանը: Վերջում Սադոյանը ազգի ապագայով մտահոգ բոլոր կուսակցություններին, կազմակերպություններին եւ անհատներին հինգշաբթի օրը, ժամը 11-ին հրավիրեց Կառավարության շենքի մոտ. «ասենք, որ մենք ժողովուրդ ենք եւ թույլ չենք տա մեր ապագան վաճառել»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել