Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն

Նոյեմբեր 03,2004 00:00

Նախարարն անձնական շահագրգռվածությո՞ւն ունի «Տարեգիր» էլեկտրոնային պարբերականը երեկ հրապարակել էր մի բացահայտում՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եղբորը պատկանող «Էքս օլդ էքստերնետ» ֆիրմայի մասին: Մասնավորապես նշված էր, թե ինտերնետային հեռախոսակապի ծառայություններ մատուցող «Էքս օլդ էքստերնետ» ընկերությունն այս ոլորտում ստանալու է մենաշնորհ՝ «ԱրմենՏելի» բարձր մենաշնորհի հովանու ներքո: Եվ հենց այս տեղեկությամբ էր մեկնաբանվում այն իրողությունը, որ տարեսկզբին «ԱրմենՏելի» մենաշնորհի դեմ պայքարի առաջամարտիկ Դավիթ Հարությունյանն «այժմ դարձել է «ԱրմենՏելի» մենաշնորհը բազմապատկելու գործում ամենաշահագրգիռ անձը»: Պարզաբանումների համար դիմեցինք արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանին, եւ նա հայտնեց. «Այն անձինք, ովքեր մամուլին հայտնել են «Էքս օլդ էքստերնետ»-ին վերաբերվող լուրերը՝ ի սկզբանե չարաշահել են լրատվամիջոցների վստահությունը, ինչի ապացույցը հենց այդ տեղեկատվությունն է: Առաջին հերթին նշեմ, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի մասին փորձում են խոսել, չի կոչվում «Էքս օլդ էքստերնետ», այլ պարզապես կոչվում է «Էքսօլդ»: Երկրորդը՝ նախարարի եղբայրը՝ Վահան Հարությունյանն այդ ընկերության բաժնետերը կամ սեփականատերը չէ: Նա ընդամենը գործադիր տնօրեն է, այսինքն՝ պայմանագրային հիմունքներով որոշակի գործառույթներ իրականացնող անձ: Եվ երրորդը՝ այդ ընկերությունը շուկայում է արդեն շուրջ 2 տարի եւ երբե՛ք չի օգտվել որեւէ արտոնյալ պայմաններից: Բացի այդ՝ հիշատակեմ, որ «Էքսօլդ» ընկերությունը 2 տարի աշխատելու ընթացքում արդեն 1 տարի դատական վեճի մեջ է «ԱրմենՏել» ձեռնարկության հետ: Մի շարք այլ վեճեր էլ կան «ԱրմենՏել»-ի եւ «Էքսօլդ»-ի միջեւ, որոնք վերաբերում են որոշակի անպատշաճ գործողությունների հետեւանքով կրած վնասներին»: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձավ նաեւ այն կանխատեսումներին, թե թիվ 60 արտոնագրի վերանայումից հետո, որով «ԱրմենՏելին» կտրվի IP ինտերնետային հեռախոսակապի ծառայությունների մատուցման մենաշնորհ, այդ մենաշնորհը կարող է փոխանցվել որեւէ առանձին ընկերության. «Բանակցությունների ընթացքում խմբագրված թիվ 60 արտոնագիրը հնարավորություն չի ընձեռում «ԱրմենՏելին» 3-րդ ձեռնարկության փոխանցել ինտերնետային հեռախոսակապի ծառայություն իրականացնելու իրավունքը»: Արա Սաղաթելյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ Արշակ Սադոյանի հայտարարությունը, թե «ԱրմենՏելը» կառավարության մի ներկայացուցչի խոստացել է 7 մլն դոլարի արժողության բաժնետոմսերով կաշառք՝ մենաշնորհի խնդրի լուծումը ձգձգելու համար: Մեր դիտարկմանը, թե ակնհայտ է, որ այս մեղադրանքի հասցեատերն արդարադատության նախարարն է, քանի որ նա է համակարգում արտոնագրի շուրջ բանակցությունների ամբողջ գործընթացը՝ խոսնակն արձագանքեց այսպես. «Դեռ տարիուկես առաջ եմ ասել, որ չեմ մեկնաբանում կլինիկական դեպքերը: Մենք Սադոյանին վերաբերվում ենք շատ հանդուրժողաբար՝ 1-2 ամիս է, ինչ անընդհատ ինչ-որ փորձեր է անում դետեկտիվների պատրանք ստեղծել ինչ-որ տեսաերիզների մասին պատմություններով եւ այլն: Գալիս եմ այն եզրակացության, թե Սադոյանին մեկնաբանելն անշնորհակալ գործ է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել