Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Նոյեմբեր 03,2004 00:00

Կիրակի
օրը Ծաղկաձորում կանգնեցվեց կառուցվող նոր ճոպանուղու առաջին եւ երկրորդ հատվածների
վերջին՝ 21-րդ հենասյունը: Դա իրադարձություն էր թե տեղացի, թե արտասահմանից ժամանած
մասնագետ շինարարների համար: Ավստրո-իտալական «Լայթներ» ֆիրման, որ մասնագիտացած
է ճոպանուղիների շինարարության մեջ, մեծ համբավ ու ճանաչում ունի: Այս ֆիրման ամբողջ
աշխարհում կառուցել է լավագույն ճոպանուղիները: Սակայն նրանց համար Ծաղկաձորը առանձնահատուկ
է տարբեր առումներով: Նախ, Թեղենիսի լանջի ռելիեֆը որոշ հատվածներում արտակարգ բարդ
է՝ ցանկացած տեսակի շինարարական աշխատանք իրականացնելու համար: Երկրորդ, տեղում եղած
տեխնիկան՝ իրենց դարն ապրած «Կրազներ», տրակտորներ, «Կամազներ», բուլդոզերներ, ամբարձիչներ
եւ այլն, ըստ ամենայնի չէր համապատասխանում բարձր ճշգրտություն պահանջող շինարարությունն
իրականացնելուն: Համենայնդեպս, սկզբում այդ համոզմանն են եղել գերմանացի եւ շվեյցարացի
մասնագետները: Սակայն, ինչպես այնտեղ էին պատմում, ընթացքում նրանք նախ զարմացան
հայ շինարարների մասնագիտական հմտությունների, բարդագույն պայմաններում աշխատելու
կարողությունների վրա, ապա իրենց աչքով տեսան ու անձամբ համոզվեցին, որ ամեն բան
կարգին կլինի: Ճիշտ է, սկզբնական շրջանում մեր շինարարներն էլ շատ նրբությունների
չէին տիրապետում: Բայց շատ արագ յուրացրին դրանք: Հետաքրքիրն այն է, որ հենասյուների
տեղադրումն սկսելով հոկտեմբերի 6-ին՝ վերջինը կանգնեցվեց 26-րդ օրը, ժամանակահատված,
որը նույն արտասահմանցի մասնագետների վկայությամբ ռեկորդային ցուցանիշ է: Կարող
է հարց ծագել, թե շտապողականությունը, որը եղանակային բարենպաստ պայմաններն առավել
արդյունավետ օգտագործելու նպատակ ունի, արդյոք չի՞ ազդի որակի վրա: Բայց հաշվի առնելով,
որ հենասյուների տեղադրված նոր հիմքերն ընդունել են ֆիրմայի ներկայացուցիչները, իսկ
սյուների տեղադրումն իրականացնում են գերմանացի մասնագետները, որոնք ոչ մի հարցում
չեն հանդուրժում որեւէ թերացում, պետք է ենթադրել, որ ամեն բան նորմալ է ընթացել:
Ինչեւէ, հիմնական աշխատանքներն ավարտվեցին բարեհաջող: Հիմա ապագա դահուկուղու հարթեցման
աշխատանքներն են ընթանում: Մնում են այն գործերը, որոնք այլեւս առանձնակի դժվարություն
չեն ներկայացնում: Օրերս Ծաղկաձոր են ժամանելու ֆիրմայի էլեկտրամոնտաժողները: Նրանք
հենասյուների վրա «կգցեն» ճոպանները, կտեղադրեն նստարանները եւ ամենայն հավանականությամբ
ճոպանուղու առաջին փորձարկումը կլինի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆՀ. Գ. Կիրակի երեկոյան, հենասյուների տեղադրման աշխատանքներն
ավարտելուց հետո, սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը արդեն օլիմպիական
մարզաբազայում շինարարների հետ հաջորդ օրվա անելիքները ծրագրելու ժամանակ մի քանի
օրով Գերմանիա վերադարձող հենասյուների մոնտաժող Օլլիին հարցրեց, թե որպես հուշ՝
Հայաստանից ի՞նչն է նրա մեջ ամենից ավելի տպավորվել եւ ի՞նչ կուզենար հետը տանել:
Գերմանացի մասնագետն առանց երկար մտածելու՝ կեսկատակ–կեսլուրջ պատասխանեց. «Այստեղի
«Կրազ» ավտոմեքենան ու ամբարձիչի վարորդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել