Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զագսով ամուսնալուծվածները ամուսիններ են

Նոյեմբեր 03,2004 00:00

Եկեղեցին
նրանց չի բաժանում Վերջին տարիներին ամուսնական զույգերը, բացի զագսից, նախընտրում
են նաեւ եկեղեցում պսակվել: Ընդ որում, եկեղեցին եւս տալիս է ամուսնության մասին
փաստաթուղթ՝ պսակող հոգեւորականի ստորագրությամբ: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու
հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանեց, որ եկեղեցու վկայական չի
տրվում՝ առանց զագսի վկայականի: «Առանց զագսի վկայականի՝ իրավունք չունենք պսակ կատարելու:
Բայց նկատի ունենալով, որ այն կարող է 1-2 ամիս ուշանալ, իսկ մարդիկ կարող են նշանակած
լինել պսակադրության օրը եւ ժամը, ստիպված պսակում ենք զույգերին: Նրանք էլ ստորագրում
են փաստաթուղթ, որ պարտավորվում են եկեղեցուց չպահանջել ամուսնության վկայական, մինչեւ
չներկայացնեն զագսինը»,- տեղեկացրեց տեր Եսային: «Առավոտի»՝ «Որպես կանոն,
զագսով ամուսնալուծվածները չեն գալիս եկեղեցով էլ ամուսնալուծվելու: Եվ եթե զագսով
բաժանվում են, իսկ եկեղեցով շարունակում են պսակված մնալ, չի՞ ստացվում, որ եկեղեցով
ամուսնանալը ձեւական է դառնում» դիտարկման առնչությամբ քահանան ասաց. «Քահանան եւ
եկեղեցին ամուսնալուծող չեն, քահանայի դերը հաշտեցնելն է: Որպես կանոն, ամուսնացողները
խորությամբ չեն հասկանում պսակի խորհուրդը: Իհարկե, լինում են նաեւ զույգեր, որ խոստովանում
են, թե իրենց համար կարեւոր չէ ոչ զագսի, ոչ էլ եկեղեցու վկայականը: Ասում են. «Կարեւորը՝
Աստծով օրհնվենք եւ եկեղեցով միանանք»: Տեր Եսային տեղեկացրեց, որ եթե մարդիկ
զագսով կարող են բաժանվել զանազան պատճառներով, եկեղեցում դա արվում է բացառիկ դեպքերում.
«Եկեղեցին երբեք չի մտածում՝ ինչպես անեմ, որ ամուսնալուծեմ: Երբ նման խնդիրներով
դիմում են մեզ, նախեւառաջ փորձում ենք զույգերին միացնել: Հիշեցնում ենք, որ Աստծո
առաջ երդում են տվել տեր ու հնազանդ լինել՝ անկախ ամեն տեսակ փորձություններից՝ հիվանդություն,
աղքատություն եւ այլն: Եկեղեցին իրավունք ունի զույգերին ամուսնալուծել հատուկենտ
պարագաներում՝ եթե տղամարդը տնից անհետացել է 7, իսկ կինը՝ 5 տարով: Կամ եթե ամուսիններից
մեկը շնացել է»: Հոգեւորականը գտնում է, որ եկեղեցական ամուսնալուծությունը չպետք
է համեմատել զագսի ամուսնալուծության հետ, քանի որ դրանք տարբեր դիվաններ են, եւ
եկեղեցական ամուսնալուծություն՝ որպես այդպիսին, չկա: Միաժամանակ գաղտնիք չէ, որ
արտասահմանում եկեղեցու տված ամուսնության վկայականը վճռորոշ դեր է խաղում: Հարցրինք՝
ինչու՞ է եկեղեցին պսակելիս զագսի վկայականը հաշվի առնում, եթե եկեղեցական եւ քաղաքացիական
ամուսնությունները տարբեր են: «Նախկինում եկեղեցիներում եղել է հատուկ դատական ատյան,
որտեղ քննվել է այս կամ այն ամուսնալուծության հարցը: Երբ ամուսիններից մեկը հայտարարում
էր, թե ուզում է բաժանվել, եկեղեցու դատական ատյանը ամուսնալուծությունից առաջ ուսումնասիրում
էր, թե որքանով է ասվածը հավաստի: Այսօր զագսի վկայական ենք պահանջում, որովհետեւ
եկեղեցին իրավական հնարավորություն չունի ստուգելու՝ մարդիկ առաջին անգա՞մ են ամուսնանում,
ձեւակա՞ն է արդյոք ամուսնությունը, հատուկ շահադիտական նպատակո՞վ է, թե՞ ոչ: Մի խոսքով,
փորձում ենք ինչ-որ չափով վերահսկել, որ այնպես չստացվի՝ երկրորդ անգամ ինչ-որ մեկին
ամուսնացնենք»: Տեր Եսային չթաքցրեց, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ իրենց են դիմում
հայաստանցիներ՝ արտասահմանցու հետ եկեղեցով ամուսնանալու վկայական ստանալու պատրվակով:
Իրականում նպատակն այլ է՝ եկեղեցու տված ամուսնության վկայականը օգտագործել օտար
երկրում իրենց գրանցումը հեշտացնելու համար: «Առավոտի» հաջորդ՝ «Իսկ եթե որեւէ
մեկը մի քանի անգամ ամուսնալուծվել է, եւ ներկայացնելով զագսի վկայական՝ ուզում է
եկեղեցում էլ պսակվել, ինչպե՞ս է վարվում եկեղեցին այս դեպքերում» հարցին ի պատասխան
էլ՝ տեր Եսային ասաց. «Մենք ընդամենը հարցնում ենք մարդուն՝ սա ձեր առաջի՞ն ամուսնությունն
է, թե՞ երկրորդ: Եթե երկրորդն է՝ մենք պսակը կատարելուց հրաժարվում ենք, որովհետեւ
եթե նա մեկ անգամ եկեղեցով ամուսնացել է, եւ հիմա ամուսնանում է երկրորդ անգամ, ուրեմն
նախկին կնոջից դեռ չի ամուսնալուծվել»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել