Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ՝ ՈՉԻՆՉ

Նոյեմբեր 03,2004 00:00

Չէի ցանկանա «Շանթ» հեռուստաընկերության
իմ գործընկերների հետ բանավեճ սկսել, բայց վստահ եմ, որ ժողովուրդը պատրաստ է իմանալ
ողջ ճշմարտությունը եւ ոչինչ՝ ճշմարտությունից բացի: «Շանթ» հեռուստաընկերության
նախագահ Արթուր Եզեկյանը սեպտեմբերի 28-ին «Շանթով» հեռարձակված, բայց ամբողջությամբ
«Ազատություն» ռ/կ-ի հեղինակած «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդման վերաբերյալ
մամուլում հայտարարել էր. «Ազատություն» ռադիոկայանի հետ ընդամենը մեկ հեռուստահաղորդում
հեռարձակելու պայմանագիր ենք ունեցել, որը եւ կատարվել է. սեպտեմբերի 28-ին հեռարձակվել
է «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդումը», «Այդ հաղորդման պատրաստումն էլ սկզբունքորեն
հեռուստաընկերության վրա էր եւ միայն վարողն ու պրոդյուսերն էին «Ազատությունից»:
Կարելի է եզրակացրել, թե «Շանթ» հեռուստաընկերությունն ինքն է որոշել հաղորդման
ձեւն ու բովանդակությունը կամ, ինչպես սիրում էր կրկնել պարոն Եզեկյանը՝ ձեւաչափը,
գրել սցենարը, ձեռքբերել պայմանավորվածությունները, իրականացրել դրսի նկարահանումները
եւ այլն: Իրականում դա այդպես չէ: Սեպտեմբերի 7-ին, երբ ես «Շանթ» հեռուստաընկերության
նախագահի հետ պայմանավորվում ու բանակցում էի հաղորդման նախապատրաստական աշխատանքների
եւ տեսագրության վերաբերյալ, Արթուր Եզեկյանը նախ ասաց, թե «թոք-շոու» ոճի հաղորդման
համար իրենք շատ քիչ ժամանակ ունեն, չեն կարող սրահը ձեւավորել, եւ բացի այդ՝ զբաղված
են հեռուստաընկերության 10-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական
աշխատանքներով: Փաստորեն, մեզ պարտադրվեց «Երկրորդ հայացք» հաղորդման համար
ձեւավորված սրահը: Առաջարկվեց, որ «Երկրորդ հայացք»-ի հեղինակ ու վարող Արթուր Կիրակոսյանն
ինձ հետ համատեղ վարի նաեւ «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդումը: Սակայն
բոլոր պայմանավորվածությունները հաղորդման մասնակիցների՝ դատախազության, արդարադատության
նախարարության, փաստաբանների, ուսանողների ու այլ մասնակիցների հետ, ձեռք են բերվել
իմ կամ «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի կողմից:
Դրսի նկարահանումների պարագայում միայն մեկ անգամ ենք աջակցություն ստացել «Շանթից».
պատահական անցորդների հարցումը նկարահանել է «Շանթի» օպերատոր Գագիկ Սարհատիկյանը՝
հեռուստաընկերության տեսախցիկով: Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
անդամ Ալվինա Գյուլումյանի հետ հարցազրույցը Ստրասբուրգում իրականացրել է «Ազատություն»
ռ/կ-ի թղթակից Արմեն Զաքարյանը՝ Պրահայի տեխնիկայով, իսկ արդարադատության նախարար
Դավիթ Հարությունյանի հետ հարցազրույցի նկարահանումը, չնայած նախնական պայմանավորվածությանը,
«Շանթը» պարզապես ձախողեց՝ նկարահանման օրը միայն ինձ ասացին, թե օպերատոր եւ տեխնիկա
չունեն: Ստիպված նկարահանումներն արեցի իմ անձնական ծանոթների օգնությամբ եւ տեխնիկայով:
Այդպես էլ գրեթե ոչ մի օժանդակություն չստացանք ստուդիայի ձեւավորման հարցում:
Երկար բանակցություններից հետո ի վերջո կարողացանք հասնել միայն նրան, որ հաղորդման
տեսագրությունից ընդամենը մեկ օր առաջ պատրաստվեց ու սրահում տեղադրվեց երկու պաստառ.
հաղորդման կարգախոսը՝ «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» եւ «Ազատություն» ռադիոկայանի
լոգոն: Չնայած մեր բազմաթիվ խնդրանքներին ու հորդորներին, Արթուր Եզեկյանը
կատեգորիկ հրաժարվեց հաղորդման «շապկա» պատրաստել. փոխարենը հաղորդումը բացվեց էկրանին
հավաքված տեքստով, ինչպես երեւի չէին անում 20 տարի առաջ արդեն: Նույնիսկ մի քանի
վայրկյանանոց մեկ «բլյում» չուզեցին հավաքել՝ հաղորդման մասերն իրարից անջատելու
համար: Հաղորդման սցենարը գրել եմ ես: Արթուր Կիրակոսյանը եթերում արտասանել
է այն, ինչ գրված էր սցենարում: Մի խոսքով՝ «Շանթ» հեռուստաընկերությունը,
բացի տեխնիկական աջակցությունից, որեւէ այլ առնչություն չունի այս հաղորդման հետ:
Վերջում էլ հանուն ճշմարտության ասեմ, որ իրենց հաղորդումների ձեւաչափից մնացել էին
5 եւ 10 րոպեանոց դադարներ գովազդային հոլովակների համար: ԿԱՐԻՆԵ
ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ«Ազատություն» ռ/կ-ի թղթակից, «Ոչինչ՝ ճշմարտությունից բացի» հաղորդման
վարող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել