Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԱԿՏԻՎ ԵՆ

Նոյեմբեր 03,2004 00:00

Նոյեմբերի
2-ին ԱՄՆ-ում մեկնարկած նախագահական ընտրությունները երեկ ուշ երեկոյան դեռեւս իրենց
ամենաակտիվ փուլում էին: Դրանք պետք է ավարտվեն արդեն այսօր՝ Երեւանի ժամանակով առավոտյան
ժամը 9-ին: Իսկ մինչ այդ ընտրողները երկար հերթեր էին կանգնել ընտրություն կատարելու
համար: Նախընտրական քարոզարշավն ԱՄՆ-ում ընթացավ գործող նախագահ, հանրապետական
Ջորջ Բուշի եւ դեմոկրատ-սենատոր Ջոն Քերիի միջեւ կոշտ բանավեճի մթնոլորտում, որի
կիզակետում էին նախեւառաջ Իրաքում սանձազերծված պատերազմն ու հետպատերազմական շրջանում
այդ երկրում մասնավորապես՝ ԱՄՆ գործողությունների արդյունավետությունը, ապա նաեւ՝
ԱՄՆ արտաքին, ներքին եւ տնտեսական քաղաքականությունը: Դատելով ԱՄՆ-ում անցկացված
վերջին հարցումների արդյունքներից՝ քվեարկության նախօրեին թեկնածուները պահպանել
էին նախագահ ընտրվելու գրեթե հավասար հնարավորությունները: Երեկ, Երեւանի
ժամանակով ժ. 15:00-ին, 9 նահանգներում՝ Նյու Յորք, Կոննեկտիկուտ, Կենտուկկի, Մեն,
Ինդիանա, Նյու Հեմպշիր, Նյու Ջերսի, Ռոյ-Այլենդ եւ Վերջինիա, արդեն բացվել էին առաջին
ընտրատեղամասերը: Ընտրությունների արդյունքում կորոշվի ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլեւ
Կոնգրեսի եւ Սենատի ճակատագիրը: Բանն այն է, որ ընտրություններից հետո ամբողջովին
նորացվելու են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը եւ Սենատի մեկ երրորդը:
Այդուհանդերձ, դիտորդները, ըստ ռուսական ԶԼՄ-ների, ենթադրում են, որ Կապիտոլիումում
ուժերի հարաբերակցությունը արմատական փոփոխությունների չի ենթարկվի եւ հանրապետականներին
կհաջողվի առավելություն ունենալ երկու պալատներում էլ: Բացի այս, ԱՄՆ-ում միաժամանակ
տեղի են ունենում նահանգապետերի, տարածքային դատավորների եւ նահանգների օրենսդիր
ժողովների անդամների ընտրություններ: ԱՄՆ-ում ընտրությունների մասնակցելու իրավունք
ունեցող քաղաքացիների թիվն այսօր 217,8 մլն է: Դիտորդները կանխատեսում են վերջին
40 տարիների ընթացքում ընտրությունների աննախադեպ ակտիվ մասնակցություն, ընդհուպ
մինչեւ 78 տոկոս: «Բի-Բի-Սի» գործակալության թղթակիցներից մեկը երեկ ճշգրտորեն
կանխատեսել էր, որ այս անգամ թեկնածուները թերեւս խախտեն ընդունված ավանդույթը եւ
ընտրությունների օրը հանդես գան ընտրողների առջեւ: Երեկ առաջիններից մեկը
հայրենի Տեխաս նահանգում քվեարկություն էր կատարել գործող նախագահ Ջորջ Բուշը, որը
հայտարարել էր, թե վստահ է իր հաղթանակում: «Ես հանգիստ եմ եւ վստահ: Հույս ունեմ,
որ ընտրությունները կավարտվեն այսօր երեկոյան: Ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես
է աշխատում մեր հզոր ժողովրդավարությունը, եւ մեր երկրի համակարգի համար ոչինչ ավելի
լավ չի կարող լինել, եթե այսօր երեկոյան ամեն ինչ ավարտվի որեւէ ընտրությամբ: Կարծում
եմ՝ հաղթողը ես կլինեմ»,- հայտարարել է Ջ. Բուշը՝ միաժամանակ հաջողություն մաղթելով
իր մրցակից Ջ. Քերիին: Ջ. Քերին իր քաղաքացիական պարտքը մտադիր էր կատարել
Մասաչուսեց նահանգում: Իսկ Վիսկոնսիայի ընտրողների առաջ հանդես գալով՝ նա հայտարարել
էր. «Այս ժողովրդի որոշումներում մենք միասին կվերադարձնենք ողջամտությունն ու ճշմարտությունը»:
Ի դեպ, Ջ. Բուշն իր առաջին եւ խորհրդանշական հաղթանակն արդեն երեկ տարել էր: Նյու
Հեմպշիր նահանգի փոքրիկ՝ Դիքսվիլ-Նոտչ քաղաքում, որտեղ, ավանդույթի համաձայն, առաջինն
են քվեարկում, Բուշին տվել են 19 ձայն, մինչդեռ Ջ. Քերին ստացել է ընդամենը 7 քվե:
Նույն նահանգի մեկ այլ բնակավայրում՝ Հարթս Լոքեյշնում, գրանցվել է «մարտական ոչ-ոքի»:
Այստեղ երկու թեկնածուներն էլ ստացել են հավասար քվեներ՝ 15 ձայն: Ի դեպ,
ԱՄՆ-ն էլ զերծ չէ ընտրական կեղծիքներից: Այստեղ այդպիսիք են համարվում «մեռած հոգիների»
քվեարկության դեպքերը: Օրինակ՝ Ֆլորիդա նահանգում նախապես արդեն քվեարկել է 1,8 մլն
մարդ, որոնց մեծամասնությունը տարեցներ են: Նկատի ունենալով, որ այստեղ օրական մահանում
է 455 մարդ, ենթադրվում է, որ «մեռած հոգիների» քվեաթերթիկները կարող են էական նշանակություն
ունենալ Սպիտակ տան աթոռի համար մղվող մրցապայքարի համար: Նկատի ունենալով թեկնածուների
հավասար հնարավորությունները՝ շատերը կարծում են, որ կարող է կրկնվել 2000թ. պատմությունը,
երբ նախագահի ընտրությունների արդյունքները որոշվեցին դատական կարգով: Մասնավորապես
Ֆլորիդայում հանրապետական եւ դեմոկրատ հազարավոր իրավաբաններ, նաեւ՝ միջազգային դիտորդներ,
պատրաստվում են հնարավոր դատական մարտերի՝ նկատի ունենալով տեղեկությունները քվեաթերթիկների
կորստի, ընտրությունների համար նախատեսված էլեկտրոնային մեքենաների մասին ոչ հստակ
տեղեկություններն ու ընտրողների վրա կատարվող ճնշումները: Սակայն եւ Բուշը, եւ Քերին
հայտարարել են, որ քվեարկությունից հետո իրավական դաշտում ճակատամարտերի սպասել չարժե:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել