ԿԱ ՈՉ, ԿԱ ՈՉ, ԱՅ… Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը երեկ լրագրողներին ներկայացել էր ասելու, թե որքան «լավ եմ պատկերացնում ուղեւորափոխադրումների ծանր վիճակը, բայց փող չունենք, որ այն լավացնենք»: Թեպետ ինքն անձամբ մայրաքաղաքային տրանսպորտից չի օգտվում 20 տարուց ավելի: Վարչության պետը վերջերս է վերադարձել Մինսկից, իր հետ բերելով ցնցող մի նորություն. այնտեղ, ինչպես նաեւ մնացած մեծ մայրաքաղաքներում, երթուղային տաքսին հիմնական փոխադրամիջոց չէ: Ուրեմն մեզ էլ են անհրաժեշտ մեծ շարժակազմեր, դրանք ձեռք բերելու համար՝ վարկային գումար, իսկ շահագործումն արդարացնելու համար՝ ուղեվարձի բարձրացում: Մի խոսքով, ավտոբուս գնելու համար քաղաքապետարանին գումար է պետք: Ու քանի որ բանկերի եւ անհատ ձեռներեցների հետ բանակցություններն առայժմ ձախողվում են, Տ. Ղազարյանը ցանկություն է հայտնել «հսկողության տակ վերցնել» տաքսի ծառայությունները, իսկ գանձված հարկը ռեալ հնարավորություն է ամսական 3 ավտոբուս գնելու ու քաղաքապետի երեսը պարզ անելու համար: Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյանը ծրագիր ուներ մինչեւ 2007թ. Երեւան բերել շուրջ 1000 ավտոբուս: Հունիսին Լիոնի քաղաքապետի հետ ստորագրած հուշագրի համաձայն, մինչեւ սեպտեմբեր պետք է քաղաքով սլանային եւս 20-ական ավտոբուս եւ տրոլեյբուս: «Բայց խաբում են, մինչեւ հիմա հաշիվը չեն ուղարկել, մի ամիս ձգձգեցին, օգոստոսին էլ Լիոնը արձակուրդում էր, ոչ մեկը չէր աշխատում: Այնուհետեւ, քաղաքապետի լուրջ հորդորներից հետո, Լիոնի տրանսպորտի վարչությունը տեղի է տվել եւ, եթե ֆինանսավորում լինի, 20 հատ «Ռենո» ավտոբուս կնվիրեն»,- հերթական ձախողումը պարզաբանեց Տիգրան Ղազարյանը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ