3000 մարդ կդառնա գործազուրկ Իսկ ՀՀ-ում IP ինտերնետ հեռախոսակապի գները կթանկանան առնվազն տասն անգամ Երեկ ինտերնետ հեռախոսակապ մատուցող ընկերությունների կազմկոմիտեի անդամները ասուլիս էին հրավիրել՝ հանրությանը տեղեկացնելու եւ իրենց դժգոհությունն արտահայտելու հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստում քննարկված՝ IP ինտերնետ հեռախոսակապի ծառայությունը «ԱրմենՏելի» մենաշնորհը դարձնելու վերաբերյալ: Կազմկոմիտեի անդամները ասուլիսի ընթացքում նաեւ հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Նիստում ներկայացված նախագծում առանձնակի ուշադրության արժանի բազմաթիվ կետեր կան, ըստ որոնց ընդլայնվում են «ԱրմենՏելին» տրված մենաշնորհի շրջանակները: Նախագծում տեղ գտած դրույթների համաձայն, «ԱրմենՏելին» տրվում է IP ինտերնետ հեռակապի մենաշնորհը, որից հետեւում է, որ այս ոլորտում գրանցված շուրջ 250 կազմակերպություններ ստիպված են լինելու դադարեցնել իրենց գործունեությունը: Վերոնշյալ կազմակերպություններում աշխատում է շուրջ 3000 մարդ: Այս ընկերությունները տրամադրում են էժան, հասանելի եւ որակյալ կապ: Հետեւաբար նախագծի ընդունումից հետո մեր՝ առանց այն էլ գործազրկությամբ հարուստ երկրում շուրջ 3000 հոգի կհամալրի գործազուրկների բանակը: Ազգաբնակչությունը կզրկվի մոտ 8 միլիոնանոց Սփյուռքի հետ էժան, օպերատիվ կապի հնարավորությունից»: Ասուլիսավորները համոզված են, որ այս նախագծով մեր երկրում վտանգվում է նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ մանր ու միջին բիզնեսի ոլորտների հետագա զարգացումը: Նրանց հավաստմամբ, IP հեռախոսակապը «մենաշնորհելու» փորձեր «ԱրմենՏելն» արդեն արել է՝ խոչընդոտելով ընկերությունների բնականոն աշխատանքը. «Տարիների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ «ԱրմենՏելը» ապօրինի անջատումներ է արել կամ միտումնավոր կապուղիներ չի տրամադրել, դրա վերաբերյալ տնտեսական դատարանի վճիռները կան, ընդհուպ մինչեւ վնասների հատուցում»: Բանախոսների մեկնաբանմամբ, «ԱրմենՏելը» մինչ այդ էլ կարող էր IP հեռախոսակապ մատուցել, պարզապես չի ցանկացել ազատ մրցակցության դաշտում աշխատել, քանի որ ստիպված էր միջազգային հեռախոսակապի գներն էժանացնել, որպեսզի մրցակցությանը դիմանար, սակայն «ԱրմենՏելը» ձգտում է մենաշնորհի եւ ուզում է գերշահույթ ստանալ»: Ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը կոչ արեցին որոշումն ընդունելուց առաջ վերանայել նախագծում տեղ գտած վերոնշված դրույթները: Նրանք վստահեցրին, որ կազմկոմիտեն պայքարելու է մինչեւ վերջ եւ պաշտպանելու է այս ոլորտում գործող կազմակերպությունների, ՀՀ քաղաքացիների օրինական շահերը, սահմանադրական իրավունքները: ԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ R