Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԻՍԿԱՊԵ՞Ս ԿՔԱՆԴՎԵՆ

Նոյեմբեր 02,2004 00:00

ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԻՍԿԱՊԵ՞Ս ԿՔԱՆԴՎԵՆ Վերջերս քաղաքապետը հայտարարեց ապօրինի շինարարության դեմ պայքար սկսելու մասին: Ի՞նչ ծավալների է հասել այն Երեւանում եւ որքանո՞վ է անկեղծ քաղաքապետի ցանկությունը: Այս հարցերն ուղղեցինք Երվանդ Զախարյանին: – Ապօրինի շինարարության սովորույթը գալիս է դեռ սովետական հասարակարգի ժամանակներից: 2001թ. կառավարությունը հատուկ օրենքով հնարավորություն տվեց օրինականացնել տվյալ պահին առկա այն ապօրինի շինությունները, որոնք չեն հակասում ընդհանուր շինարարական նորմերին եւ չեն ընկնում այլ սահմանափակումների տակ: Հսկայական քանակությամբ ինքնակամ շինությունների հանձնվեցին սեփականության վկայականներ: Սա նախատեսված էր որպես մեկանգամյա միջոցառում՝ վերջ դնելու այն խառնիճաղանջ վիճակին, որ ստեղծել էին ինքնակամ, չհաշվառված կառույցները: Սակայն այդ օրենքի ընդունումը եւ հետագայում այդ կապակցությամբ կայացվող կառավարության համապատասխան որոշումները քաղաքացիների կողմից սխալ կերպով ընկալվեցին որպես թողտվություն: 2001 թվականից սկսած ավելի խթանվեցին անօրինական կառուցումները, քանի որ մարդիկ մտածում էին, որ դրանք հետագայում միեւնույն է՝ օրինականացվելու են: Այսօր, չնայած կադաստրի պետական մարմինների կողմից ինքնակամների զանգվածային գրանցմանը, արդեն իսկ գոյացել է նոր կառույցների (եւ կառուցվողների) զգալի քանակություն, որ հաշվառումից դուրս է եւ ամբողջովին անօրինական: Եվ այս գործընթացը ակտիվորեն շարունակվում է: Այդ իսկ պատճառով ինքնակամ շինությունների դեմ պայքարը անհամեմատ մեծ ուժեր եւ աշխատանք է պահանջում, որ նախապես հնարավոր չէր անգամ պատկերացնել: Չնայած քաղաքապետարանի վերահսկողության վարչության աշխատակիցների քանակը էականորեն ավելացվեց (հասցվելով մինչեւ 40-ի), սակայն նրանցից ծայրահեղ արդյունավետ աշխատանք է պահանջվելու՝ ստեղծված խառնաշփոթը կարգի բերելու համար: – Ապօրինի շինարարության դեմ ձեռնարկվող միջոցառումները ինչո՞վ կնպաստեն Երեւանի կյանքի զարգացմանը: – Ապօրինի կառույցներն այսօր կապիտալ մեծ սպասարկման օբյեկտներ չեն, 100 տոկոսով կառուցվել են առանց կառուցապատման նախագծերի, եւ դրանք չեն կարող որեւէ կերպ նպաստել քաղաքի զարգացմանը, ընդհակառակը, համոզված կարող եք լինել՝ որոշ ժամանակից հետո, ասենք՝ մի 10-15 տարի անց, ինքը՝ ժամանակը կստիպի, որ, թեկուզ պետական փոխհատուցմամբ, այդ ինքնակամ կառույցները, այդ թվում նույնիսկ այսօր օրինականացվածներից շատերը, ի վերջո վերացվեն: Վաղ թե ուշ քաղաքը պետք է սկսի ամբողջովին եւ խստորեն առաջնորդվել համապատասխան կառուցապատման սխեմաների, գործող եւ հետագա զարգացման ենթակա գլխավոր հատակագծի թելադրանքով: Հետագա այսպիսի զարգացման համար այսօր ամենակարեւորը բոլոր ապօրինի շինարարությունների լրիվ արգելումն է, ընդհանրապես «անլեգալ» կառուցապատման քաղաքականության իսպառ կանխումը: – Ձեր նախաձեռնությունը մեկանգամյա միջոցառո՞ւմ է, թե՞ երկարաժամկետ ծրագիր: – Ստեղծված իրավիճակում ինքնակամ շինությունների նկատմամբ միջոցառումները չեն կարող տարվել մեկանգամյա «կամպանիայի» կարգով, հարցն այնպես է խորացել, որ, իմ կարծիքով, դեռ բավական երկար ժամանակ այս գործընթացը ջանքեր եւ միջոցներ է խլելու: – Ի՞նչ կարժենա քաղաքապետարանին այս ձեռնարկը, եւ ո՞վ պիտի այդ գումարները տրամադրի։ – Պետբյուջեով նման միջոցառումների համար հատկացումներ չեն նախատեսվել, եւ քաղաքապետարանն էլ նման բյուջե չունի։ Մեծ դժվարությամբ անհրաժեշտ միջոցների մի մասը հայթայթում ենք Մայրաքաղաքի հիմնադրամից, մի մասը՝ այլ գումարներից՝ վարձակալության եւ այլն: – Հնարավո՞ր չէ, որ այն կոռուպցիայի մի նոր օղակի վերածվի, երբ ողջ պատասխանատվությունը դարձյալ ընկնի պաշտոնյայի ազնվության վրա: – Իհարկե, ցանկացած ձեռնարկ չի կարող արդյունավետ լինել, եթե արհամարհում է իրականության մեջ գոյություն ունեցող հարաբերությունները, ըստ այդմ ճիշտ չի լինի պնդել այդ համակարգի հետ շփվող բոլոր աշխատողների բացարձակ անբասիր լինելու կանխավարկածի վրա: Հասկանալի է նաեւ, որ այս բնագավառում ավանդաբար մեծ են եղել կոռուպցիոն վտանգները։ Սակայն մեր ձեռնարկած բոլոր միջոցառումները ուղղված են հենց կոռուպցիան բացառելուն, որի համար գոյություն ունեն ներքեւից ահազանգերն ու ակտիվությունը օգտագործելու, փոխադարձ վերահսկողության, բյուրոկրատի, չինովնիկի դերը նվազեցնելու բազմաթիվ մեխանիզմներ: Եթե կուզեք, սա երկրում նախաձեռնված հակակոռուպցիոն ծրագրերի մի մասն է կազմում: Վերջապես մեր նպատակադրումն իսկ վկայում է, որ առանց կոռուպցիայի երեւույթները վերացնելու կամ գոնե կտրուկ կրճատելու, առաջադրված արդյունքներին հասնել հնարավոր չի լինի։ Մենք պայքարելու ենք բոլոր այն միջնորդությունների դեմ, որ լինում են նման դեպքերում: Ուղղակի որոշված է, որ օրենքի գործունեության ժամկետը ավարտվելուց հետո, իսկ դա 2005 թ. փետրվարն է, ոչ մի հնարավորություն չի տրվելու ընդհանրապես ապօրինի եւ ինքնակամ շինարարություն ծավալելու: Ապօրինի կառուցվող օբյեկտները, որոնք կնկատվեն հետագայում, ուղղակի պիտի քանդվեն: Ի վերջո, ցանկացած պահի, երբ առաջանում է քաղաքաշինական օրենքների կիրառման անհրաժեշտություն, ապօրինի շինությունները դժբախտություն են դառնում հենց դրանց տերերի համար՝ իրենց անհեռատեսության պատճառով հանգեցնելով երբեմն անելանելի վիճակների: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել