ՈՐՊԵՍԶԻ ՉՍՏԵՂԾՎԵՆ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը – Ստամբուլի գագաթաժողովում Հարավային Կովկասը հռչակվեց առաջնահերթային տարածաշրջան ՆԱՏՕ-ի համար: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Դաշինքի քաղաքականության ինչպիսի՞ կոնկրետ փոփոխություններ եք ներկայացնելու տարածաշրջան կատարելիք Ձեր այցի ընթացքում: – Ստամբուլի գագաթաժողովում դաշնակիցները հաստատեցին ՆԱՏՕ-ի հարավկովկասյան գործընկերների հետ ավելի սերտ եւ անհատականացված հարաբերություններ հաստատելու իրենց հավատարմությունը: Մենք պատրաստ ենք աշխատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ հիմնվելով վերջիններիս առաջնահերթությունների վրա: Հենց սա էլ կլինի իմ գլխավոր ուղերձը: Այցը հնարավորություն կտա կոչ անել տարածաշրջանի երեք երկրներին օգտագործել Գործընկերության այն գործիքները, որոնք առավելագույնս համապատասխանում են իրենց պահանջներին: Խոսքը, մասնավորապես, Պլանավորման եւ գնահատման գործընթացի մասին (PARP) է, որը խորհրդատվություն է տրամադրում ռազմական բարեփոխման հարցերի շուրջ եւ գործընկերների զինված ուժերին հնարավորություն է տալիս աշխատել ՆԱՏՕ-ի հետ, Գործընկերության անհատական ծրագրի մասին (IPAP), որը ձեւաչափ է տրամադրում ՆԱՏՕ-ի հետ անհատական հարաբերությունների համար, եւ Պաշտպանական ինստիտուտների կառուցման գործընկերության նոր ծրագրի մասին, որը կօգնի ստեղծել հաստատություններ, որոնց առկայությունն անհրաժեշտ գործոն է ցանկացած ժողովրդավարական հասարակությունում պաշտպանական քաղաքականության հաջող մշակման եւ իրագործման համար: 2002 թվականին մենք բոլոր գործընկերներին առաջարկեցինք օգտվել Գործընկերության անհատական ծրագրից: Այս նոր մեխանիզմը թույլ է տալիս ավելի անհատականացված, բարեփոխումների վրա կենտրոնացած հարաբերություններ զարգացնել ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ն դաշինք է, որը հիմնված է ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների, հիմնարար ազատությունների եւ օրենքի գերակայության վրա: Հաջող իրագործվելու համար ռազմական եւ այլ բարեփոխումները պետք է ամրագրվեն այս արժեքներով: Մենք գիտենք, որ բարեփոխումների ճանապարհը երկար է եւ դժվարին, եւ հենց այդ պատճառով էլ դաշնակիցները պատրաստ են օգնել տարածաշրջանի երկրներին: Գործընկերության անհատական ծրագրում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավվածության փաստը վկայում է այն մասին, որ նրանք ցանկանում են ուշադրություն հատկացնել բարեփոխումների բոլոր ոլորտներին: Եվ մեր համագործակցությունն առաջ տանելու համար երկրներից կպահանջվեն իրական ջանքեր՝ իրենց առջեւ դրված խնդիրները լուծելու համար: – Հայաստանում ոմանք կարծում են, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել Ռուսաստանի հետ սերտ կապերի պահպանման եւ ՆԱՏՕ-ին հետագա ինտեգրման միջեւ: Կա մեկ այլ տեսակետ. Հայաստանը կարող է «կամուրջ» դառնալ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Այս երկու մոտեցումներից ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ: – Դաշինքը ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Չնայած անցյալում Հայաստանը չէր զարգացնում իր Գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ նույն տեմպերով, ինչ հարավկովկասյան մյուս երկու պետությունները, այսօր մենք տեսնում ենք հստակ ազդանշաններ, որոնք վկայում են մեր հարաբերությունները խորացնելու՝ Երեւանի հաստատակամության մասին: Հայաստանն իսկապես լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն դա չպետք է որեւէ կերպ խոչընդոտի ՆԱՏՕ-ի հետ նրա հարաբերությունների զարգացմանը: Հայաստանն ապացույցն է այն իրողության, որ երկիրը կարող է սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ եւ միաժամանակ հանդիսանալ ՆԱՏՕ-ի շատ ակտիվ գործընկեր: Դաշնակիցները, Ռուսաստանը եւ Կովկասի երկրները շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ: Բոլոր այս երկրները բախվում են սահմաններ չճանաչող ահաբեկիչների, զանգվածային ոչնչացման զենքի տարածման եւ «չկայացած երկրների» սպառնալիքներին: Այս նոր մարտահրավերներին հակազդելու ունակությունը կախված կլինի նրանից, թե կկարողանա՞նք մենք միացնել հին բաժանարար գծերը եւ խուսափել մրցակցության դրսեւորումներից: Համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ զարգանում է՝ հիմնվելով այս գիտակցման վրա: Եվ քանի որ Հայաստանն ամուր կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ, նա ոչ միայն կշահի այդ հարաբերություններից, այլեւ շահագրգռված է դրանց աջակցելու մեջ: – Երեւանում կարծում են, որ եթե Վրաստանը եւ Ադրբեջանը ի վերջո դառնան ՆԱՏՕ-ի անդամներ, իսկ Հայաստանը՝ ոչ, ապա դա նոր բաժանարար գծեր կառաջացնի Կովկասում: Դուք տեսնո՞ւմ եք նման վտանգ: – Դժվար է պատասխանել ենթադրական սցենարի վրա հիմնված հարցին: ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը թելադրվում է Դաշինքի նոր անդամներին կայունության եւ անվտանգության այն նույն առավելությունները տրամադրելու ցանկությամբ, որոնցից օգտվում են ՆԱՏՕ-ի մնացած մասնակիցները: Դա ուղղված չէ մյուս երկրների դեմ, Դաշինքի նպատակը մեր անդամների անվտանգության ապահովումն է: Քանի որ անվտանգության ապահովման ուղիների ընտրությունը ցանկացած երկրի հիմնարար իրավունքն է, ՆԱՏՕ-ի ընդլայնումը նախագծված է այնպես, որպեսզի չստեղծել բաժանարար գծեր, այլ հակառակը՝ վերացնել դրանք: Սա ընդլայնման հիմնարար սկզբունքն է, որը չի փոխվելու նաեւ ապագայում: – Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը բացասաբար է ազդում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը չի կարող ազդել իր անդամների արտաքին քաղաքականության վրա: Այնուամենայնիվ, Ձեզ չի՞ մտահոգում այս խնդրի առկայությունը: – Դուք իրավացի եք այն հարցում, որ ՆԱՏՕ-ն չի արձագանքում իր անդամների քաղաքականությանը: Չնայած դրան, ես կցանկանայի նշել, որ Թուրքիան երբեւէ չի կանգնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության ճանապարհին, եւ Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շատ հանդիպումներ անց են կացվել հենց Եվրաատլանտյան Գործընկերության Խորհրդի (ԵԱԳԽ) շրջանակներում: Ինձ համար դա ակնառու ապացույց է, որ Գործընկերությունը շատ օգտակար ձեւաչափ է երկխոսության պահպանման համար: – Համաձա՞յն եք այն տեսակետին, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է այնքան զարգացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, որքան դրան պատրաստ է ինքը՝ Հայաստանը: – Բերեմ ձեզ մեկ օրինակ: 1994 թվականին ՆԱՏՕ-ն գործընկերներին առաջարկեց Պլանավորման եւ գնահատման գործընթացը (PARP)՝ շատ կարեւոր մի մեխանիզմ, որը ցուցադրում էր, թե ինչպե՞ս համատեղելի դարձնել զորքերը ՆԱՏՕ-ի հետ: Երկար տարիների ընթացքում մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող գործողություններին Հայաստանի համար առաջնային չէր, եւ նա չէր մասնակցում PARP-ին: Երկու տարի առաջ Հայաստանի իշխանությունները որոշեցին, որ ցանկանում են ունենալ զորքեր, որոնք կարող են մասնակցել միջազգային գործողություններին, եւ Հայաստանը միացավ PARP-ին: Գործընկերության անհատական ծրագիրը կնքելուց հետո կկարողանանք ասել, որ Հայաստանն օգտվում է Գործընկերության բոլոր հնարավոր մեխանիզմներից: Սա պարզ վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու ցանկություն ունեցող երկրի համար կա ընդամենը մեկ նախապայման, այն է՝ դա անելու իր սեփական ցանկությունը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համար