Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆԱԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ-ՈՒՄ»

Նոյեմբեր 02,2004 00:00

«ԱՄԵՆԱԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ-ՈՒՄ» Գնահատում է առաջին նախագահի օգնական եւ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Լեւոն Զուրաբյանը, որն, ինչպես մեզ հայտնի էր դարձել, ժամանակին շփվել է այժմ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Քերիի հետ: Խնդրեցինք, որ պատմի այդ հանդիպման մասին: 1995-ին Լեւոն Զուրաբյանը այցելել էր ԱՄՆ եւ հանդիպումներ ունեցել Սենատի, ԱՄՆ նախագահի վարչակազմի, նաեւ Միացյալ Նահանգների առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ամերիկայի հայկական համագումարը նրան հրավիրել էր Բոստոն, որտեղ հանդիպումներ էին եղել նաեւ Մասաչուսեթսի փոխնահանգապետի եւ այդ նահանգից ընտրված սենատորների հետ, որոնցից մեկն էլ Ջոն Քերին էր: «Նրա հետ հանդիպումը կայացավ Ալբերտ Պապոյանցի տանը (լուսանկարում), որը մեծահարուստ գործարար է եւ զբաղվում է բեռնափոխադրումներով,- պատմեց պրն Զուրաբյանը:- Եվ նրա տանը երեկույթին ներկա էր նաեւ Ջոն Քերին»: Ըստ մեր զրուցակցի՝ Քերին լուրջ կապեր ունի Բոստոնի հայ համայնքի հետ՝ շատ հայեր ֆինանսավորել են նրա ընտրարշավները: «Երեկույթի ժամանակ ինձ խնդրեցին ելույթ ունենալ, եւ ես անդրադարձա նախորդ օրն ունեցածս հանդիպմանը փոխնահանգապետի հետ, որ հանրապետական է: Նա հետաքրքրվել էր, թե ինչ ուժ է ՀՀՇ-ն: Ես պատասխանել էի, թե ազատական ենք՝ լիբերալ: Մինչդեռ ցանկացած պահպանողական հանրապետականի համար «լիբերալ» բառը գրեթե հայհոյանքի պես մի բան է: Եվ տեսնելով փոխնահանգապետի թթված դեմքը՝ շտապեցի իրեն բացատրել, թե մենք ազատական ուժ ենք կոմունիստների՛ համեմատ եւ ամերիկյան հանրապետականների նման աջ ուժ ենք: Այդ ժամանակ նո՜ր բացվեց նրա դեմքը,- ասաց Լեւոն Զուրաբյանը:- Երեկույթի ժամանակ պատմելով այդ ամենի մասին՝ ասացի, թե քանի որ այժմ այստեղ դեմոկրատներ են հավաքված՝ նման հնարքների կարիքը չունեմ եւ հանգիստ կարող եմ ասել, որ մենք ազատական ուժ ենք: Բայց նաեւ ընդգծեցի, որ ո՛չ հանրապետականները, ո՛չ դեմոկրատները, ո՛չ առավել եւս՝ ՀՀՇ-ն անսխալական չեն, եւ Աստծուց ու պատմությունից բացի կա միակ՝ ամենակարեւոր դատավորը, որը վճռում է, թե ով է ճշմարիտ՝ ժողովո՛ւրդը: Այս ելույթիցս հետո Ջոն Քերին մոտեցավ ինձ եւ ողջագուրվեց: Ասաց, որ իր քաղաքական փիլիսոփայության հիմնակետը միշտ դա է եղել, եւ որ կուսակցականությունը չպիտի ուղղափառության պես մի բան դառնա եւ մարդ չպիտի իրեն անվերապահորեն նվիրի կուսակցական նպատակներին՝ ավելի կարեւոր է ճշմարտությունը: Ի դեպ, ԱՄՆ-ում Քերիի հակառակորդները հաճախակի քննադատում են նրան դրա համար՝ ասում են, թե նա շատ հաճախ է փոխել իր տեսակետները, անհետեւողական է, դաշնակցել է հանրապետականների հետ եւ այլն: Չեմ կիսում այդ տեսակետները եւ համարում եմ, որ Քերիի ուժը ճշմարտությունը փնտրելու նրա խիզախության մեջ է»: Արդյոք հայ համայնքի հետ սերտ շփումնե՞րը չեն պատճառը, որ Ջոն Քերին այժմ խոստացավ ճանաչել մեր Ցեղասպանությունը: «Բնականաբար, դա նշանակություն ունի,- ասաց Լեւոն Զուրաբյանը:- Սակայն պետք չէ ընկնել էյֆորիայի մեջ, քանի որ, այնուամենայնիվ, մի բան է նախընտրական արշավը, մեկ այլ՝ ԱՄՆ ազգային շահերից բխող քաղաքականությունը, որ կարող են հակասել միմյանց»: Այսինքն՝ մտավախություն ունի, թե ընտրվելու դեպքում Ջոն Քերին կարող է Բուշի պես չհարգե՞լ իր տված խոստումը. «Ես այդքան կոշտ չէի ձեւակերպի: Կարծում եմ՝ այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն կունենան նրա լուրջ կապերը հայերի հետ: Բայց հենց այն պահին, երբ հայկական լոբբիի ճնշումները հակասության մեջ կմտնեն ԱՄՆ ազգային անվտանգության շահերի հետ՝ խոսք չի լինելու անգամ փոխզիջման մասին»: Ջոն Քերին հարցումներով սկզբում պարտվում էր Բուշին, հետո հաղթեց հեռուստաբանավեճերում, սակայն նախնական ընտրությունների արդյունքներն էլի հօգուտ Բուշի էին: Այս պայմաններում դժվար է գուշակել, թե նոյեմբերի 2-ին ո՞վ է ընտրվելու ԱՄՆ նախագահ: Մեր հարցին՝ կարելի՞ է ասել, թե ընտրությունների ելքը կանխատեսելի է, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բացարձակապես ո՛չ: Սա ամենաանկանխատեսելի ընտրությունն է ԱՄՆ պատմության մեջ: Անգամ անցյալ՝ Բուշ-Գոր ընտրությունում ավելի որոշակի էր պատկերը, քան այսօր: Երբե՛ք չի եղել այսքան անորոշ վիճակ, այսքան հավասար պայքար»: Մեր զրուցակիցը, սակայն, կարեւորեց. «Բուշը ուժեղ եւ վստահելի լիդերի հատկություններ ունի, եւ նրա վերընտրվելը դժվար չէր լինի, եթե ամերիկյան հասարակության մեջ կասկածներ չլինեին Իրաք ներխուժելու նրա որոշման հիմնավորվածության վերաբերյալ: Կարծում եմ, որ այս հարցում Քերին իրավացի է՝ Իրաքը չէր սպառնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Իսկ այդ ներխուժման հետեւանքով ստեղծվել է բավական քաոսային մի իրավիճակ, որից դեռ չի երեւում ելքը: Ավելին, եթե ամերիկացիները ստիպված լինեն ետ քաշվել Իրաքից, այն կարող է վերածվել արմատական ջիհադիստների եւ ահաբեկիչների օջախի»: Սակայն քանի որ այս ամենը համարում է «ոչ ակնհայտ» ամերիկյան հասարակության համար՝ ուրեմն, վստահ է, թե վերընտրվելո՞ւ է Բուշը: «Իրոք անիմաստ է գուշակելը՝ ոչ ոք չի կարող կանխատեսել»,- պնդեց Լեւոն Զուրաբյանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել