Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԱԺԻՇՏԸ ՊԵՏՔ Է ԻՆՖՈՐՄԱՑՎԱԾ ԼԻՆԻ

Նոյեմբեր 02,2004 00:00

Վստահ
են Լուսինե եւ Սերգեյ Խաչատրյանները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության
հրավերով Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենան Եվրոպայում արդեն ճանաչված, միջազգային
մրցույթների եւ փառատոների բազմակի դափնեկիրներ, գերմանաբնակ երաժիշտներ, քույր եւ
եղբայր Լուսինե ու Սերգեյ Խաչատրյանները: Նրանք նոյեմբերի 3-ին մենահամերգով
հանդես կգան Կամերային երաժշտության տանը, իսկ նոյեմբերի 5-ին՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում:
Ս. Խաչատրյանը ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ հանդես կգա Շոստակովիչի առաջին ջութակի
եւ նվագախմբի կոնցերտի մեկնաբանմամբ: Լ. եւ Ս. Խաչատրյանները ծնվել են Երեւանում:
Ծնողները պրոֆեսիոնալ դաշնակահարներ են: 1993-ից ընտանիքով բնակվում են Գերմանիայում:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է ընթացել նրանց սկզբնական երաժշտական ուսումնառությունը,
երիտասարդ երաժիշտները միանգամից տեղեկացրին, որ Հայաստանի եւ Գերմանիայի երաժշտական
ուսման ընթացքը նույնը չէ: Եվրոպայում երաժշտական դպրոցում ուսուցանվում է միայն
մասնագիտություն առարկան, այսինքն՝ դաշնամուր, ջութակ եւ այլն: Իսկ երաժշտական տեսական
առարկաները անցնում են հանրակրթական դպրոցներում: Եվրոպայում շատ տարածված են մասնավոր
դասընթացները, բայց ոչ մեզանում ընդունված 7-ամյա երաժշտական դպրոցը: Պատանի
երաժիշտների հետ զրույցից պարզ դարձավ, որ մինչեւ կոնսերվատորիա կամ ակադեմիա դիմելը
այս կամ այն երաժիշտը ինչ-որ չափով արդեն ճանաչված անուն է ոչ միայն տվյալ երկրում,
այլեւ Եվրոպայում. «Ասել կուզենք, որ Եվրոպայում կապ չունի, թե դու որ երկրի քաղաքացի
ես: Եվրոպան մի մշակութային ընտանիք է»: Երաժիշտները կարեւորում են մշակութային
ինֆորմացիայի առկայությունը, որը Հայաստանում, ըստ իրենց, բավարար չէ: «Դիտելով հայկական
հեռուստատեսության հաղորդումները, կոնկրետ մենք՝ դժգոհ ենք ներկայացվող երաժշտական
անցուդարձից: Կարող ենք պնդել, որ Հայաստանը համաշխարհային երաժշտական կյանքից լավ
տեղեկացված չէ կամ տեղեկացվում է ուշացումով: Իսկ գրագետ, բարձրարվեստ երաժիշտ՝ նշանակում
է լինել առաջին հերթին ինֆորմացված: Եվրոպայի ցանկացած երկրի կոնսերվատորիա կամ ակադեմիա
ընդունվելիս առաջին հերթին հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում երաժշտական
ընդհանուր պատրաստվածության մակարդակին»,- հայտնեցին Խաչատրյանները: Երրորդ
տարին է՝ Լ. Խաչատրյանը ուսանում է Կառլսռուհեի երաժշտական ակադեմիայում՝ պրոֆեսոր
Սպայդելի, իսկ Ս. Խաչատրյանը 1996-ից սովորում է աշխարհահռչակ Յ. Ռիսինի ղեկավարությամբ:
Քույր ու եղբայր բազմիցս ելույթներ են ունեցել Ռուսաստանում, Եվրոպայի, Հեռավոր Արեւելքի,
Ամերիկայի տասնյակ երկրներում, ամենահեղինակավոր նվագախմբերի՝ Բեռլինի սիմֆոնիկի,
Տոկիոյի ֆիլհարմոնիկի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի, Անգլիայի թագավորական եւ այլ
նվագախմբերի հետ, հայտնի դիրիժորներ Վ. Ֆեդոսեեւի, Գ. Հերբիգի, Յուկկա-Պեկկա Սարասատեի,
Կ. Մազուրի եւ այլոց ղեկավարությամբ: Թողարկվել են նրանց ձայնագրությամբ CD-ներ:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀ. Գ. Երեւի ժամանակն է
քաղաքակիրթ երկրների օրինակով հանրակրթական դպրոցների ծրագրում անցնել երաժշտական
տեսական առարկաներ: Իսկ երաժշտական դպրոցներում լավ կլիներ հիմնական ուշադրությունը
դարձվեր մասնագիտական առարկաներին եւ ոչ թե երգչախմբի փորձերից բացակայելու պատճառով
աշակերտը զրկվեր երաժշտական դպրոցի վկայական ստանալուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել