Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դրա՞խտ, դժո՞խք, թե՞ քավարան

Նոյեմբեր 02,2004 00:00

Կառավարության 3-րդ մասնաշենքում անցագրային ռեժիմն առայժմ չի ծառայում իր նպատակին

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի՝ հոկտեմբերի 10-ին ստորագրած հրամանի համաձայն, նոյեմբերի 1-ից կառավարության 3-րդ մասնաշենք կարող են մուտք գործել օրենսդիր եւ գործադիր մարմինների եւ շենքում տեղակայված կազմակերպությունների կողմից տրված վկայական, ինչպես նաեւ՝ միանգամյա անցագրեր ունեցողները: Հիշեցնենք, որ մասնաշենքում են գտնվում 7 նախարարություններ: Մ. Թոփուզյանի հրամանի մեջ ոչինչ ասված չէ լրատվամիջոցների մասին: Սակայն «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգի» 1-ին կետը սահմանում է, որ պետք է «բարենպաստ պայմաններ ապահովեին՝ անմիջական տեղեկատվություն ստանալու համար»: Հիշյալ կարգի 4-րդ կետը սահմանում է, որ լրագրողների հավատարմագրման, ինչպես նաեւ հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է պետական մարմնի ղեկավարի նշանակած անձը (օրինակ, մամուլի քարտուղարը), սակայն մինչ այսօր լրագրողի հավատարմագրման առաջարկով մեր խմբագրություն է դիմել միայն Բնապահպանության նախարարությունը՝ բավարարվելով միայն զանգով:

Սակայն, բացի լրագրողներից, երեկ լուրջ խնդիրների առաջ կանգնեցին նաեւ մնացած սովորական քաղաքացիները: Քաղաքացիները նախ անակնկալի եկան՝ հայտնաբերելով, որ իրենց մուտքը, ամեն անգամվա պես, այնքան էլ ազատ չէ: Մանավանդ նրանց համար, ովքեր «տանտիրոջ» (տվյալ դեպքում՝ որեւէ նախարարության որեւէ պաշտոնյայի) հետ նախապես պայմանավորվածություն չունեին: Եվ ահա, պարզվում է, որ այս անցանկալի հյուրերը դեռ անցաթուղթ պետք է հանեն: Բայց ո՞ւմ հասցեով: Միայն նախարարության հասցեն նշելը բավարար չէ: Իսկ չինովնիկը, ում հետ ուզում են հանդիպել հասարակ քաղաքացիները, գուցե բնավ էլ չի ուզում հանդիպել նրանց, ու անցագրի համաձայնություն շատ հանգիստ կարող է չտալ: Համենայնդեպս, երեկ ոչ ոք նման համաձայնություն չէր տվել: Քաղաքացիների բարձրացրած բողոքի ալիքը հասավ նպատակին: Արդյունքում՝ անցագիր ստացան բոլորը: Հետո առաջ եկավ հաջորդ խնդիրը: Ոստիկանները, ըստ կարգի, անցագրի դիմաց պահանջում էին անձը հաստատող փաստաթուղթ: Քաղաքացիների մոտ, դա որպես կանոն, անձնագիրն էր, որը, սակայն, նրանք չէին կարող թողնել ոստիկանների մոտ՝ կարող էր պետք գալ նախարարություններում: Դրա լուծումն էլ ոստիկաններն էին գտել. «Գնացեք, սերոքս արեք»: Քաղաքացիները հիմա էլ վազում էին անձնագրերը պատճենահանելու: Այդքանից հետո միայն նրանց առջեւ բացվում էին, իրենց իսկ բնորոշմամբ, «դժոխքի կամ դրախտի» դռները: Դա կախված էր նրանից՝ կհանդիպեի՞ն արդյոք նրանք իրենց երազած պաշտոնյային ու կկարողանայի՞ն հնչեցնել իրենց հուզող հարցը: Համենայնդեպս, մեզ հանդիպած Սիրանուշ տատիկը շենքից դուրս էր գալիս՝ իբրեւ քավարանից. նա այդպես էլ չէր հասկացել՝ ներվե՞ց իր «մեղքը», որ չի կարողանում թոշակով ե՛ւ իր հացի, ե՛ւ կոմունալ ծախսերի խնդիրը հոգալ:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել