Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կբացվի դուդուկահարների դպրոց

Հոկտեմբեր 30,2004 00:00

Կբացվի դուդուկահարների դպրոց Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը արդեն 20 տարի երազում է բացել դուդուկահարների կենտրոն: Այս տարի որոշել է անպայման իրականացնել այդ երազանքը. «Ես չեմ ուզում մի րոպե ժամանակ կորցնել, եթե անգամ շենքը պատրաստ չլինի, վարձով մի տեղ կվերցնեմ, գարնանը պարապմունքները կսկսվեն»: Դեռ խորհրդային տարիներին կառավարությունը ողջունել է երաժշտի՝ փողոցից տաղանդավոր երեխաներին հավաքելու եւ նվագել սովորեցնելու նպատակը եւ դրա համար տրամադրել է Կոմայգում գտնվող միհարկանի հին շենք, որտեղ նախկինում երկաթե մահճակալներ են պատրաստել: Այդ շենքի տեղում նոր կառույց հիմնելու կամ հինը վերանորոգելու համար անհրաժեշտ է մոտ 200 հազար դոլար: Արդեն մոտ 12 հազար դոլար իր լոնդոնյան համերգների գումարից փոխանցել են, երեկ 10 հազար դոլար էլ նվիրեց «Յունիբանկը»: Պարոն Գասպարյանը գումարի համար առանձնապես չի մտահոգվում, ինչքան հավաքվի՝ մնացածը իր միջոցներից կտրամադրի. «Ես չեմ գնա սրան-նրան խնդրեմ, ասեմ ինձ փող տվեք: Հայերը երեւի էդքան թասիբ կունենան, էլի: Թող մի քանի անգամ սեղան չնստեն, իրար խմիչք պատիվ չտան, էդ փողը ուղարկեն երեխաներին»: Պարոն Գասպարյանը նշեց, որ նոր շենքը լինելու է բարձրահարկ, որի նկուղային հարկը դարձնելու են ձայնագրությունների, իսկ առաջին հարկը՝ համերգային սրահ, որտեղ շաբաթական երկու-երեք անգամ աշակերտները համերգներով հանդես կգան: Վերին հարկերում էլ դասեր կանեն: «Նրանք պիտի սովորեն ոչ միայն հայկական, այլեւ անգլիական, ճապոնական, չինական, վրացական երաժշտություն, որ կարողանան տարբերել մերը ուրիշ երաժշտությունից»,- ասաց Ջ. Գասպարյանը: Նա մոտ 20 տարի դասավանդել է Կոնսերվատորիայում եւ շատ դժգոհ է ուսանողների գիտելիքներից. «Նրանք գալիս են ճաշարանային, ռեստորանային մակարդակով, եւ դժվար է նրանց փոխել, դրա համար ուզում եմ 8 տարեկանից երեխաներին ընդունել իմ դպրոց»: Պարոն Գասպարյանը պատմում էր, որ ժամանակին Ադրբեջանում իր համերգից հետո լրագրողներ են մոտեցել ու հայտարարել, թե իրենց ազգն էլ է դուդուկ նվագում, բայց այն անվանվում է բալաբա: «Հայերն էլ բալաբա չէ, բալալայկա են նվագում, դա չի նշանակում, թե այն հայերինն է»,- լրագրողներին պատասխանել է Ջ. Գասպարյանը: Դրանից հետո ադրբեջանցիները մամուլում աղմուկ են բարձրացրել, թե հայերն իրենց գործիքը յուրացրել են եւ աշխարհին ներկայացնում են իբրեւ հայկական: Այսօր արդեն, շնորհիվ Ջ. Գասպարյանի, ամբողջ աշխարհը դուդուկի հայրենիքը Հայաստանն է համարում. «Ես ապացուցեցի, որ դուդուկի իսկական անունը ծիրանափող է, որի արմատները գալիս են Մուշից, Վանից, Գյումրիից, Էջմիածնից»: Վերջերս պարոն Գասպարյանը Ժնեւում ձայնագրվել է անգլիական «Քուին» հանրաճանաչ խմբի հետ: Նրա կարծիքով, նման ձայնագրություն առաջին անգամ է կատարվել, քանի որ «այն հիմնված է տիեզերական ձայների վրա»: Վիկտոր Համբարձումյանի աշակերտը, որն ապրում է Իսպանիայում, մի հայտնագործություն է արել՝ հավաքելով արեւի, աստղերի, լուսնի, քամու բնական ձայները, որոնք էլ հատուկ գործիքավորմամբ միացվելու են Ջ. Գասպարյանի ձայնագրություններին: Ամբողջական աշխատանքը ներկայացնելու են Իսպանիայում, որտեղ փետրվարին բացվելու է աշխարհի խոշորագույն աստղադիտարանը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել