Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՎԱԾՆԵՐ

Հոկտեմբեր 30,2004 00:00

ՀԱՐՎԱԾՆԵՐ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ Է ՊԵՏՔ Առաջարկում է Դավիթ Շահնազարյանը Օրերս ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեն քննարկեց ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի խնդրանքը Գլխավոր վեհաժողովի օրակարգ մտցնել Ադրբեջանի զավթված տարածքներում տիրող իրավիճակի մասին հարցը: Ինչպես հայտնի է, կոմիտեն 9 «կողմ», 14 «ձեռնպահ» եւ ոչ մի «դեմ» ձայնով խորհուրդ տվեց հարցը մտցնել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգ: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունը հանգեցրել է Ադրբեջանի տարածքների զգալի մասի զավթմանն ու մեծ թվով մարդկանցով վերաբնակեցմանը, նաեւ ահռելի վնաս է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը»: Բացի այդ, ներկայացված փաստաթղթում պնդում կա, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները արդյունավետ չեն եղել, «քանի որ այդ տարածքներում տեղի է ունենում անօրինականություններ. մասնավորապես՝ դրանք վերաբնակեցվում են արհեստականորեն ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելու համար»: Մեկնաբանելով Ադրբեջանի հերթական հաջողված նախաձեռնությունն ու դրա վերաբերյալ ՀՀ իշխանությունների դրսեւորած վերաբերմունքը՝ Դավիթ Շահնազարյանը նախ պնդեց, որ նույնիսկ 90-ականների սկզբին, պատերազմի տարիներին, անգամ ղարաբաղյան ուժերի կողմից ԼՂ-ին կից տարածքներ մտնելուց հետո միջազգային մթնոլորտը Հայաստանի նկատմամբ այնքան անբարենպաստ չի եղել, որքան այսօր: Ըստ նրա, «Հայաստանի ներկայիս իշխանությունների հերթական անհաջողության պատճառը ոչ միայն ՄԱԿ-ում, այլեւ ԵԽԽՎ-ում, ինչպես նաեւ միջազգային այլ կառույցներում նա համարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ձգձգելու իշխանությունների կողմից վարվող քաղաքականության ուղղակի հետեւանք է»: Նա նաեւ ավելացրեց, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ միջազգային ատյաններում անբարենպաստ որոշումները կանխելու փորձերի՝ գոնե արտաքուստ բացակայությունը եւ ընդհանուր առմամբ ՀՀ իշխանությունների անգործությունն ու վերջին շրջանի հայտարարությունները տրամաբանական շարունակությունն են իշխանությունների եւ նրանց սպասարկու կուսակցությունների կողմից վերջին տարիներին շրջանառության մեջ դրված այն թեզիսի, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է, եւ ըստ այդմ, անիմաստ են հակամարտության կարգավորման շուրջ բոլոր քննարկումները: Դավիթ Շահնազարյանը միաժամանակ մատնանշեց այն անհապաղ եւ հետեւողական քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել ստեղծված իրավիճակում. «Հայաստանը ոչ միայն չպետք է խոչընդոտի միջազգային կազմակերպություններում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող քննարկումներին, այլեւ հանդես գա քննարկումներ նախաձեռնողի դերում: Այսուհետեւ (Ադրբեջանի նախաձեռնությունն ընդունվելուց հետո) արդարացված չեն լինի նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հարցի քննարկումներին խոչընդոտելու փորձերը: Միաժամանակ, քանի դեռ Ադրբեջանի առաջարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում քննարկման չի դրվել, ՀՀ իշխանությունները պարտավոր են մոբիլիզացնել իրենց դիվանագիտական ուժերն ու հետեւողականորեն սկսեն աշխատանքներ տանել ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես այդ հանդիպումներում, այնպես էլ միջազգային ատյաններում հանդես բերվող բոլոր նախաձեռնություններում Հայաստանի իշխանությունները պետք է ձգտեն հիմնավորել այն ճշմարտությունը, որ նշվող տարածքներն առայժմ հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու միակ երաշխիքը, եւ, հետեւաբար, տարածքներն ազատելու պահանջները պետք է զուգորդվեն Լեռնային Ղարաբաղի համար միջազգային երաշխիքներ ապահովելու եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման պահանջների հետ»: Դավիթ Շահնազարյանն ավելացրեց, որ իր մատնանշած քայլերն իրականացնելու համար Հայաստանի ներկայիս իշխանությունները նախ պետք է քաղաքական կամք ունենան՝ հրաժարվելու հակամարտության կարգավորումը ձգձգելու դատապարտված քաղաքականությունից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել