Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԸ,

Հոկտեմբեր 30,2004 00:00

ԹՈՇԱԿԸ, ՋՈՒՐՆ ՈՒ ԲԱՐՈՆ ՀԱՈՒՍՄԱՆԸ «Պարոն իշխանավորներ, դուք մի՞շտ եք կուշտ եղել, որ չեք պատկերացնում ժողովրդի վիճակը». այս ենթատեքստով է գրված հոկտեմբերին «Առավոտին» ուղղված նամակների մեծ մասը: Սակայն այս արտահայտությունը բառացի վերցրել ենք «Հայ ժողովրդի փրկության կոմիտեի» բաց նամակից: «Ամառային բերք ու բարիքի ժամանակ թոշակառուներին զրկում եք միրգ համտես անելուց կամ ձմեռվա պահածոներ փակելու հնարավորությունից: Թոշակները ուշացնում եք, կուզեք՝ կտաք, չեք ուզի՝ չեք տա այն մարդկանց, ովքեր ձեզնից մի քանի աստիճանով բարձր են ե՛ւ հայրենասիրությամբ, ե՛ւ վաստակով: Դա հանցագործություն է»,- գրում են կոմիտեի ղեկավարներ Կ. Առաքելյանն ու Ս. Կարապետյանը: Եթե «հայ ժողովրդի փրկարարներն են» տրտնջում, ապա շարքային քաղաքացիների դժգոհությունները կասկածի տեղիք չեն կարող տալ: Շենգավիթ համայնքի 1-ին եւ 2-րդ խմբի պատերազմի եւ աշխատանքի 5400 վետերաններ չեն կարողանում գոյատեւել ստացած ցածր թոշակներով: Հաշմանդամների տարածքային ընկերության ղեկավարությունը դիմել է տարբեր գործարարների՝ նյութական օգնություն ստանալու խնդրանքով, բայց՝ ապարդյուն: «Հովանավորչության մասին վերջին բացասական պատասխանը ստացել ենք օգոստոսին»: Ս. Եսայանը, սակայն, հույսը չի կտրում այլ բարերարներից: Տարեց այգեգործների մի մեծ խումբ՝ 145 հոգի, բողոքում է «Երեւան-ոռոգում» ընկերության «անպատասխանատու եւ անբարեխիղճ» աշխատանքից: Այգիները նրանց եկամտի հիմնական աղբյուրն են, բայց ոռոգման ջրի սակավության պատճառով այս տարի բերքի մեծ կորուստ են ունեցել: Ոռոգող կազմակերպությունը ողջ սեզոնի ընթացքում տարբեր պատճառաբանություններով ջուր չի մատակարարել, իսկ վերջում էլ հայտարարել է, թե «Էրեբունու այգեգործական կոլետիվներին հատկացված ջրային ռեսուրսը սպառվել է»: «Ժամանակին Թուրքիայում հայերն իրենց հողերը դրախտավայր էին դարձնում, իսկ թուրքերը նախանձից բերքի հասունացման եւ շոգ եղանակին կտրում էին նրանց ջուրը: Այսօր նույն բանն անում են անկախ Հայաստանի ջրամատակարարները»,- գրում են «Լուսաբաց» եւ «Կիրովեց-2» այգեգործական ընկերությունների նախագահները: Կենսական դժվարություններից եւ իշխանությունների անտարբերությունից դժգոհել են ոչ միայն ահելները, այլեւ ջահելները: «Քրիստինե Մուրադյանից. Երեւան-անհասցե, անապաստան»՝ իր նամակն այսպես է սկսում երկու անչափահաս տղաների մայրը, որին ապաստան տալ մերժել են բոլոր թաղապետարանները: Հիմնական պատճառաբանությունը՝ տիկինն իրենց բնակիչը չէ: «Ի՞նչ անեմ, ո՞ր պետության գիրկը եւ ոտքերն ընկնեմ: Մի՞թե քարացած է ձեր մարդկային խիղճը, մի՞թե դուք թոռնիկներ չունեք ու չեք պատկերացնում երկու մանչուկներիս անօթեւան վիճակը»,- իշխանավորներին հարցնում է «թափառաշրջիկ Քրիստինե Մուրադյան» ստորագրած միայնակ մայրը: Դավիթաշեն գյուղի բնակիչների բողոքը վերաբերում է իրենց գյուղով անցնող թվով 7 երթուղագծերին, «որոնք իրենց մեկնարկային կետից գալիս են լեփ-լեցուն ու անցնում առանց կանգառի»: Իսկ գյուղում ապրում է ավելի քան 6000 մարդ՝ աշխատողներ, սովորողներ: Դավիթաշենցիների կարծիքով, ելքը թիվ 33 ավտոբուսի երթուղու վերականգնումն է, ինչը, ըստ քաղաքապետարանից ստացված պատասխանների, առայժմ հնարավոր չէ, քանի դեռ բավարար չափով ավտոբուսներ չկան: Մեկ այլ արձագանք, թեեւ պարունակում է բողոք, բայց ավելի շատ պատմական էքսկուրս է 18-19-րդ դարերի Եվրոպայի փողոցներով: Ամիսներ առաջ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Առավոտի» էջերում դժգոհել էր հայ մտավորականների կենցաղային մտածողությունից, ասելով, թե «մեր մտավորականները ոչ թե ոգեւորվում են Երեւանում ընթացող քաղաքաշինական փոփոխություններից, այլ հետաքրքրվում են միայն օբյեկտատերերի ինքնությունը պարզելով»: Ն. Սարգսյանը քաղաքի ճարտարապետական «հեղափոխությունը» համեմատել էր 19-րդ դարում Փարիզի վերակառուցման հետ: «Առավոտի» հետ իրենց «ոգեւորությունը» կիսող ընդամենը երկու մտավորական գտնվեց՝ ինժեներներ Մարտին եւ Արամայիս Ասլանյանները. «Հայ ճարտարապետի համեմատությունը պատրանքների ոլորտից է: 19-րդ դարում Փարիզի պրեֆեկտ բարոն Հաուսմանի՝ քաղաքը վերաձեւելու համարձակ քայլն ուներ իր լուրջ հիմնավորումը: Այդ ժամանակ կանխատեսվում էր համաշխարհային տեխնիկական հեղաշրջում՝ ծնվում էր ավտոմոբիլաշինությունը: Դրան պետք էր նախապատրաստվել, եւ առաջին քայլն արեց բարոն Հաուսմանը՝ Փարիզում: Իսկ Երեւանի քաղաքաշինական խնդիրը հստակ է՝ քաղաքը դարձնել ժամանակակից, հավատարիմ մնալով քաղաքաշինական թամանյանական ֆորմուլային, որում տրանսպորտային ցանցի եւ բնապահպանական խնդիրների լուծումը այսօր էլ կենսունակ է, եւ նոր ձեւափոխման խնդիր չկար»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել