Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կուսհամաձայնությունը» մտահոգված է

Հոկտեմբեր 30,2004 00:00

Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը «թվերի լեզվով» ներկայացնելու նպատակով երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հանդիպում էր կազմակերպել Շիրակի մարզի «Կուսհամաձայնությունը»:

Չնայած թեմայի կոնկրետ լինելուն, բանախոս Էմիլ Կիրակոսյանը (Ազգային միաբանությունից) մարզում ու քաղաքում առկա ոչ մի պրոբլեմ չանտեսեց՝ մատնանշելով էլ թալանված ձեռնարկությունները, էլ թոշակների ձգձգումները, էլ «կասկածելի» բնակբաշխումն ու «դաշնակների՝ մարզը սեփականաշնորհելու քաղաքականությունը»: Պարոն Կիրակոսյանի ասելով, հսկա Շիրակի մարզը իր արդյունաբերական արտադրանքի ծավալով 11 մարզերի հետ համեմատած գտնվում է նախավերջին տեղում, մարդկանց թվաքանակով՝ 7-րդ, իսկ գործազրկության թվի մասին խոսելը, ըստ նրա, անիմաստ է. վերջին տարիներին ոչ միայն աշխատատեղեր չեն ստեղծվել, այլ կառավարությունը տապալել է շաքարի, ապակու նոր գործարանների կառուցման ծրագրերը: «Մինչդեռ խորհրդային տարիներին 38 արդյունաբերական ձեռնարկություններում 34 500 մարդ էր աշխատում»,- կարոտախտով հիշում էր բանախոսը: Նա նաեւ անդրադարձավ կիսատ մնացած բնակարանային շինարարությանը. ժամանակին սարեր խոստացողներն այսօր ձեռքերը հետ են քաշել՝ մի կերպ իրականացնելով խոստացածի 3,7 տոկոսը:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության փոխնախագահ Լեւոն Գալստյանն էլ մի շարք «օգտակար առաջարկներ» արեց կառավարությանը, օրինակ՝ անիմաստ աշխատավարձ ստացող մարզպետարանի վարչությունները վերացնել ու տեղը մարզի համար հակակարկտային կայանքներ ստեղծել կամ թե իրենց էլ սովորեցնել 10-12 հազար դրամ աշխատավարձով միանգամից 10 խանութ կառուցելու գաղտնիքը: Վերջինս կառավարությանը նաեւ խնդրեց օգնել իրենց՝ հասկանալու Ազգային անվտանգության մարմինների ֆունկցիան, որոնք, ի դեպ, «Շիրակի մարզում բացի բուհերի ընդունելության քննություններին մասնակցելուց, ոչնչով չեն զբաղվում»: Լեւոն Գալստյանի համար անհայտ էր նաեւ իր քաղաքապետի ազնիվ կամ անազնիվ լինելը: «Ինչո՞ւ դատախազությունը, որին հանձնարարված է քաղաքապետի կատարած բնակբաշխումն ուսումնասիրել, մինչ օրս չի պարզաբանում՝ քաղաքապետը չարաշահումներ կատարե՞լ է, թե՞՝ ոչ, եթե ոչ, ինչու՞ են մարդուն վարկաբեկում»: «Կուսհամաձայնության» անդամների խոսքից չվրիպեց նաեւ դաշնակցականների՝ Շիրակի մարզը իրենց հենարանը դարձնելու հանգամանքը: Նրանք մասնավորապես քննարկեցին մարզում դաշնակցականների կատարած կադրային փոփոխությունները. օրինակ՝ դպրոցների տնօրեններին ՀՅԴ-ականներով փոխելու հանգամանքը: «Այսօրվանից դաշնակցականները պատրաստվում են ընտրությունների. չէ՞ որ, որպես կանոն, ընտրատարածքների ղեկավար դառնում են դպրոցի տնօրենները, որոնք էլ անգիր գիտեն իրենց անելիքը»,- մտահոգված էին «Կուսհամաձայնության» ներկայացուցիչները:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել