Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ ՉԿԱ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՀՈԳԻ

Հոկտեմբեր 30,2004 00:00

Ըստ թիվ 27 դպրոցի աշակերտների՝ դա է պատճառը, որ օլիմպիական խաղերում մենք հաղթանակ չունեցանք:

ԿԳՆ-ի եւ Սպորտկոմիտեի՝ մայիսին համատեղ մշակած կանոնադրության համաձայն, դպրոցի տնօրեններին հանձնարարվել է սեպտեմբերի սկզբին 2 փուլով (մարզային եւ հանրապետական) շարադրությունների մրցույթ կազմակերպել՝ «Ես, դպրոցը եւ օլիմպիական խաղերը» թեմայով՝ նվիրված Աթենքի օլիմպիադային: Դեռեւս այն ժամանակ թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանն այս առնչությամբ ասել էր «Առավոտին», թե անպայման անցկացնելու է այդ մրցույթը. «Նաեւ խոստանում եմ՝ լավագույն շարադրությունները հրապարակել մամուլում»:

Տիկին Բախշյանն իր դպրոցում արդեն անցկացրել է շարադրությունների մրցույթի առաջին փուլը եւ մեզ տրամադրեց դրանցից լավագույնները: Ներկայացնում ենք հատվածաբար:

Մարիաննա Դանիելյան, 8-րդ դասարան- «Հիասթափություն, հուսալքում. ահա այն զգացողությունները, որ ապրեց մեր ժողովուրդը օլիմպիական խաղերի ավարտի ժամանակ: Քանզի 18 մարզիկներից եւ ոչ մեկը չվերադարձավ հայրենիք՝ հաղթության բերկրանքը վայելած, որով պիտի համակեր իր հայրենակիցներին: Եվ ո՞րն է դրա պատճառը: Միգուցե սպորտկոմիտեի «հետեւողական ու կայուն» աշխատանքի արդյո՞ւնքն էր այդ: Հայաստանի նման մի փոքրիկ հանրապետության համար հոգալ 18 մարզիկների ծախսերը, եւ փոխարենը չստանալ որեւէ մեդալ՝ այդ արդեն չափազանց է: Եվ սարսափելին այն է, որ սպորտկոմիտեի նախագահը հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ. «Ոչինչ, մի ընկճվեք, տղաներ»:

Աշոտ Ավագյան, 9-րդ դասարան- «Սպորտի բնագավառում շատ ենք ունեցել այնպիսի անհատներ, որոնցով հպարտացել ենք եւ հպարտանում ենք, անհատներ, որոնք մի ողջ հայրենիք են ներկայացրել աշխարհին: Սակայն ինչո՞ւ, ինչո՞ւ է նրանց թիվը մեծ արագությամբ կրճատվում: Իմ կարծիքով պատճառն այն է, որ այժմյան մարզիկները, թեեւ ունեն առողջ եւ տոկուն մարմին, ավա՜ղ, այնտեղ բացակայում է պարզ, մաքուր եւ անկոտրում հոգին: Մի ժամանակ մեր մարզիկներով հպարտանում եւ նրանց առջեւ խոնարհվում էր մի ողջ ազգ: Սակայն այդ անհատների գլխավերեւում այն ժամանակ ծածանվում էր ոչ թե հայոց եռագույնը, այլ Խորհրդային Միության դրոշը: Մեզ մնում է հուսալ եւ սպասել, որ կգա այն օրը, երբ հայ հաղթանակած մարզիկների գլխավերեւում կփողփողա հայոց եռագույն դրոշը»:

Վահե Մարտիրոսյան, 9-րդ դասարան- «Մեր պատանիներից շատերը ցանկանում են նմանվել օտարերկրյա ֆուտբոլիստներին: Ինչո՞ւ: Պատանին, երբ տեսնում է, որ օտար սպորտսմենն ավելի նվիրումով է պայքարում իր երկրի պատվի համար, ավելի լուրջ մոտեցում է ցուցաբերում խաղին, հետեւաբար նրան էլ կերկրպագի: …Կամ էլ մասնակցում ենք՝ ասելով, որ կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը եւ այլն: Որքան ցածր ենք մենք մեզ գնահատում: Եկեք հիշենք ֆուտբոլային հանդիպումների սկիզբը, երբ երկու ակումբների ֆուտբոլիստներն ուղիղ գծով կանգնած են մարզադաշտի կենտրոնում եւ սպասում են, որ հնչի իրենց պետության հիմնը: Շատ մարզիկներ այն լսում են գլուխները կախ, ձեռքները կրծքին սեղմած եւ ոգեւորված: Նրանց նայելիս մտածում ես, որ այդ մարդիկ պատրաստ են այս երգն աշխարհի մարզադաշտերում հնչեցնելու համար անել ամեն ինչ: Իսկ մեր ֆուտբոլիստները հիմնի ժամանակ ծամոն ծամելով նայում են շուրջները: Եթե ինքդ չես հարգում քո ազգայինը, արդյոք կարո՞ղ ես ստիպել, որ հարգեն ուրիշները»:

9-րդ դասարանի աշակերտ Վահան Հարությունյանի տպավորությամբ, մեր մարզիկները գնացել էին Աթենք՝ «ուղղակի երկիր տեսնելու եւ զվարճանալու: Մեր ղեկավարությունն արել էր ամեն ինչ, որպեսզի մեր մարզիկները հաջող հանդես գան: Ես սրտի թրթիռով էի սպասում այն պահին, երբ Աշոտ Դանիելյանը պետք է բարձրացներ ծանրաձողը: …Հիմա մեր մարզիկները իրավունք չունեն մարզիկ կոչվելու»:

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել