«ԹՈՂ
ՍՏՈՒԳԵՆ՝ ՈՒՄ ԻՆՉ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ» Հայաստանյան
մամուլում շարունակվում են տեղեկություններ տպագրվել այն մասին, որ մի շարք նախարարներ,
այդ թվում՝ Անդրանիկ Մանուկյանը, կառավարության արտահերթ նիստում դեմ են արտահայտվել
IP հաղորդակցական կապը «ԱրմենՏելին»՝ որպես մենաշնորհ տալուն զուտ անձնական շահագրգռվածության
պատճատով: Նշվում է, որ նախարարներն այդ ոլորտում իրենց բիզնեսն ունեն: Ի դեպ, «Առավոտը»
պատրաստակամություն է հայտնել հրապարակել այն ֆիրմաների ցուցակը, որոնք պատկանում
են այդ նախարարներին, բայց առայժմ այդ առաջարկը որեւէ արձագանք չի ստացել: Երեկ
մենք այդ հարցով կրկին դիմեցինք տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին.
«Իմ գործընկերների եւ իմ մասին նման լուրեր տարածելը բարոյական չէ: Կառավարության
արտահերթ նիստում մենք մեր տեսակետներն ենք արտահայտել, ինչը պարտավոր էինք անել
որպես նախարարներ: Այդ տեսակետներին, կարծում եմ, պետք է հակադրվեն բանական եւ մասնագիտական
փաստարկներ, ոչ թե վարկաբեկման անհաջող փորձեր: Ինչ մնում է անձամբ ինձ, ապա
ես ստիպված եմ դիմել նախագահի վերահսկողական ծառայությանը, գլխավոր դատախազությանը,
ազգային անվտանգության ծառայությանը եւ հարկային պետական ծառայությանը՝ խնդրելով
նրանց մանրակրկիտ ստուգում անցկացնել ու պարզել՝ արդյոք կա՞ IP որեւէ ֆիրմա, որի
հետ ես թեկուզ հեռավոր առնչություն ունեմ: Մենք փոքր հանրապետություն ենք եւ, վստահ
եմ, մեր իրավապահ մարմինների համար որեւէ դժվարություն չի ներկայացնի պարզել, թե
ում ինչ է պատկանում: Եթե նման ֆիրմա կա, ապա ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել
օրենքի ողջ խստությամբ: Բայց եթե նման ֆիրմա գոյություն չունի, ապա ես պահանջելու
եմ պատասխանատվության ենթարկել նման լուրերը տարածողներին»:
Սեփ. լր.