Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Հոկտեմբեր 30,2004 00:00

ԼՂՀ
ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ «ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի վերահսկողության
տակ գտնվող տարածքների հարցի քննարկում ծավալելու՝ Ադրբեջանի նախաձեռնությունն ավելորդ
անգամ ապացուցում է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ Ադրբեջանի եւ Լեռնային
Ղարաբաղի հարաբերություններում առկա խնդիրների ողջ շրջանակի կարգավորմամբ»: Այս մասին
նախօրեին հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կոմիտեի որոշումը, որով հավանություն է տրվել «Ադրբեջանի
գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» հարցի քննարկումը Վեհաժողովի օրակարգում ընդգրկելու՝
Ադրբեջանի ներկայացուցչի առաջարկին: Մասիս Մայիլյանի խոսքերով, «պաշտոնական Բաքվի
այս քայլը զուտ քարոզչական բնույթ է կրում եւ ամենեւին չի նպաստում ղարաբաղյան խնդրի
համապարփակ լուծման համար անհրաժեշտ բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»: Հակառակ դեպքում,
ասել է փոխնախարարը, Ադրբեջանը կարձագանքեր ԼՂՀ իշխանությունների բազմաթիվ առաջարկներին,
որոնցում կոչ էր արվում սկսել կողմերի միջեւ վստահության հաստատմանն ուղղված միջոցների
իրագործումը եւ վերսկսել լիաֆորմատ բանակցությունները, որոնք, Մայիլյանի խոսքերով,
հանդիսանում են հակամարտության լուծման ամենաարդյունավետ միջոցը: ԼՂՀ
ԱԳ փոխնախարարի կարծիքով, բարձրացնելով տարածքների հարցը՝ ադրբեջանական կողմը ձգտում
է շեղել միջազգային շահագրգիռ կառույցների ուշադրությունը 1992 թվականից Ադրբեջանի
կողմից գրավված ԼՂՀ տարածքի 15 տոկոսի, այդ թվում՝ ողջ Շահումյանի շրջանի բնակեցման
իր իսկ քաղաքականությունից: «Բաքվի՝ նման ոչ կառուցողական գործողություններն անհաղթահարելի
խոչընդոտներ են ստեղծում փախստականների եւ վերաբնակների խնդրի լուծման համար եւ կարող
են ի չիք դարձնել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության շուտափույթ
հաստատմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը»,- նշել է ԼՂՀ արտաքին գործերի
փոխնախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել