Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոալիցիա-ընդդիմություն հանդիպումներ չկան

Հոկտեմբեր 30,2004 00:00

Երբ
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մամուլում հայտարարեց, թե հանդիպում է եղել ընդդիմադիր
գործիչների հետ եւ պայմանավորվել են հետագայում շարունակել գործընթացը՝ ընդդիմության
առաջնորդներն իրար ետեւից հերքեցին, թե սկսվել են կոալիցիայի հետ հանդիպումներ: Մասնավորապես՝
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասել էր. «Եթե ինչ-որ մեկի հետ ինչ-որ խոսակցություն
եղել է, դա որեւէ բան չի նշանակել», եւ հավելել, թե անձամբ ինքը չի մասնակցել նման
որեւէ քննարկման: «Արդարության» ղեկավարը նաեւ նշել էր. «Կարող եմ ընդամենը ասել՝
ով կգնա, չնայած ես չունեմ նման ինֆորմացիա, «սեպարատ» բանակցությունների, նա իրեն
դուրս կդնի դաշինքից»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը
եւս ասել էր. «Որեւէ շփում, որեւէ բանակցություն տեղի չի ունեցել»: Նա «Ազատություն»
ռ/կ-ին պարզաբանել էր, թե ինքը դեմ չէ կոալիցիայի հետ հանդիպումներին. «Բայց նույնիսկ
այդ հանդիպումները որոշակի խանդ են առաջացնում հասարակության մեջ: Իրենք պահանջում
են, որ չհանդիպեմ: Իրենց մոտ կասկածներ են ծնվում»: Իսկ «Ազգային միաբանության» նախագահ
Արտաշես Գեղամյանը նույնպես պնդել էր, թե իրենց հետ չեն ընթանում բանակցություններ:
Այս հերքումները նկատի առնելով՝ Տ. Թորոսյանից փորձեցինք պարզել, թե ի վերջո
ո՞ւմ հետ է հանդիպել, եթե ընդդիմության բոլոր թեւերը ժխտում են. «Նախ ասեմ, որ հանդիպումները
պաշտոնական չեն եղել: Սովորական հանդիպումներ էին՝ որեւէ մեկին ոչինչ չպարտադրող:
Անկեղծ ասած, դժվար էր նման արձագանք ակնկալելը՝ անգամ սեպարատիզմի մեջ մեղադրանքներ
եւ այլն: Ի սկզբանե եմ ասել, որ սրանք ուղղակի քննարկումներ էին, թե հնարավո՞ր է
ընդհանրապես վերադառնալ խորհրդարան, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ պիտի արվի դրա
համար»: Նորից խնդրեցինք, որ որոշակիացնի, թե ո՞ւմ հետ է նման քննարկումներ ծավալել,
սակայն պրն Թորոսյանը դարձյալ հրաժարվեց. «Ի սկզբանե էլ չեմ ցանկացել անուններ տալ՝
իմանալով Հայաստանի քաղաքական ասպարեզում տիրող բարքերը, որ լինելու են նման, իմ
կարծիքով, անհեթեթ արձագանքներ: Եվ ցանկություն չունեմ այժմ այդ մասին խոսելու»:
Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել