Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԲԱՐԻԿԱԴՆԵՐՈՒՄ»

Հոկտեմբեր 30,2004 00:00

Կուսակցական
ակտիվին խոստացավ Արամ Կարապետյանը Վեցամսյա լռությունից հետո երեկ Կինոյի
տանը «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը ժողովել էր կուսակցության
ակտիվին: Հավաքին ներկա էր նաեւ Աշոտ Մանուչարյանը, որն իր ելույթում համաձայնություն
հայտնեց Արամ Կարապետյանի առաջարկած սկզբունքներին: Իսկ պարոն Կարապետյանը, ինչպես
արդեն տեղեկացրել ենք, առաջարկում է հեղափոխություն՝ ներքեւից: «Եթե մենք ներքեւից
ճնշում չգործադրենք, ոչինչ էլ երկրում չի փոխվի: Եվ եթե այդ ճնշումը ներքին ռեսուրսի
վրա հիմնված չլինի, արտաքին ազդեցությունների միջամտությունը շատ վատ է ազդելու»,-
ասաց պարոն Կարապետյանը: Երկրում ստեղծված «դեզօրգանիզացիային» վերջ դնելու համար
բանախոսը Ռոբերտ Քոչարյանին մեկ անգամ եւս սթափության կոչ արեց, այլապես՝ «կհանդիպենք
բարիկադներում»,- խոստացավ պարոն Կարապետյանը: Ի դեպ, բարիկադները, ըստ նրա, սարի
ետեւում չեն, այլ՝ 2005-ի շեմին, հղումներ կատարելով ՌԴ-ի փորձին, հավաստում է ՆԺ
ղեկավարը: Վերլուծելով անցած քաղաքական իրավիճակը՝ Ա. Կարապետյանը ընդդիմությանը
չի մեղադրում՝ «Արեցին այն՝ ինչ կարող էին: Բայց մեր խնդիրը լինելու է՝ պատրաստ լինել
բոլոր քայլերին: Հարց չպիտի ծագի՝ անցնե՞լ փշալարը, թե՞ ոչ: Եթե հասել ենք փշալարին,
պիտի անցնենք»: Սա, իհարկե, բանախոսը լավագույն ճանապարհը չի համարում, բայց գտնում
է, որ եթե մեր երկրում իշխանափոխությունը ձգվեց մինչեւ 2008 թվականի ընտրությունները,
ապա իշխանությունը վերարտադրվելու է: Առանձին-առանձին քննադատության ենթարկվեցին
իշխանության բոլոր ճյուղերը՝ նախագահի գլխավորությամբ: ԱԺ-ի մասով առաջարկվեց. «Թող
հավաքվեն ամիսը մեկ անգամ, գոնե իրար հետ խոսելու բան կունենան»: Նաեւ հռետորական
հարցեր հնչեցվեցին՝ «Կառավարությունն անհանգստանում է, արդյո՞ք, որ Ադրբեջանի բյուջեն
մերի քառապատիկն է, ռազմական հատկացումները՝ կրկնակին, որ որեւէ գործառույթ չունենք,
որպեսզի բյուջեն համալրվի»: Արտաքին քաղաքականության մասով էլ հեգնեց. «Աստված մի
արասցե, բայց եթե Արցախը դառնա Ադրբեջանի անքակտելի մաս, Օսկանյանը կասի՝ մենք հաղթել
ենք: Հայաստանի նախագահը գնում է Վրաստան, ստորագրվելիք պայմանագրով Ջավախքը վերջնականապես
պետք է զիջվի Վրաստանին: Մենք այդ հարցը չենք բարձրացրել: Իսկ ի՞նչ է անում ՀՅԴ-ն,
որի ծրագրի մեխն է եղել դա. ինչպե՞ս պիտի պաշտպանեն Քոչարյանի արտաքին քաղաքականությունը»:
Նախագահի վրաստանյան այցի հետ կապված մի դիտարկում եւս. «Քոչարյանն այնտեղ հարցազրույց
է տալիս եւ ասում՝ Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանում ամեն ինչ շտկվեց: Ես
հասկանում եմ, որ նախագահը մեզ հորդորում էր, ասում է՝ դուք էլ հեղափոխություն արեք»:
Խոսք ուղղվեց նաեւ խորհրդարանական ընդդիմությանը, որն, ի դեպ, ներկա չէր ժողովին.
«Եթե դուք համոզված եք, որ խորհրդարանը լավ չի աշխատում, եթե դուք գիտեք, որ նա ապիկար
է՝ ինչո՞ւ չեք դնում մանդատները եւ դուրս գալիս: Չէ՞ որ այդպիսով նոր քաղաքական իրավիճակ
եւ հնարավորություն կստեղծվի՝ իշխանությունների վրա ճնշում գործադրելու: Հեշտ է լինել
մարմնի անդամ եւ քննադատել: Բայց եթե ամեն ինչ վատ է, ինչո՞ւ շարունակել մնալ այդտեղ»:
Մի խոսքով՝ «Նոր ժամանակները» ձեռնարկում է իմիտացիաներին վերջ դնելու գործընթաց.
«Պիտի ձեւավորվի բանակի նման քաղաքական ուժ»: Իշխանափոխության արդյունքում ակնկալվում
է ձեւավորել մասնագետների կառավարություն եւ ԱԺ, շատ հարցեր լուծում կգտնեն նախագահի
հրամանագրով՝ «ավանտյուրաները» բացառելու նպատակով: Ի՞նչ չի լինի. «Այդ հեղափոխությունը
պիտի չլինի սոցիալական, էթնիկ, դասակարգային»,- պարզաբանեց Ա. Կարապետյանը: Ազնիվ
մարդիկ իրենց ուրույն տեղն են ունենալու, վհուկների որս չի նախատեսվում, բայց երբեւէ
կատարած անհարկի արարքի համար պատասխան են տալու բոլորը: Երկիրն ընտրելու է արդյունաբերական
զարգացման ուղին: Կատարվելու է ֆինանսական ամնիստիա: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել