Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Հոկտեմբեր 29,2004 00:00

ԴԱՎԻԹ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում հոկտեմբերի 12-16-ը անցկացվեց բազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությունը, որտեղ 24 երկրների 585 մասնակիցների մեջ էին նաեւ երկու հայաստանցիներ՝ 78կգ քաշային Դավիթ Ներսիսյանը (Երեւանից) եւ 95կգ քաշային, իջեւանցի Արմեն Չափուխյանը: Բայց չնայած մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանում էր ընդամենը երկու հոգի, այդուհանդերձ, ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանը 11 միավորով գրավեց 7-րդ տեղը: Դրանում մեծ ավանդ ունեցավ հատկապես հարկային պետական ծառայության աշխատակից Դավիթ Ներսիսյանը, որին հանդիպեց մեր թղթակիցը: – Ինչո՞ւ այս անգամ այդքան քիչ մասնակիցներ ունեցանք: – Կազմակերպիչներից ստացվել էր տասը հոգու հրավեր: Սակայն փաստաթղթերը նրանք ուշ էին ուղարկել: Մինչեւ հասցրինք գոնե չորս հոգու անձնագրերն ուղարկել Մոսկվայում գտնվող Բրազիլիայի դեսպանատուն, էլի ժամանակի կորուստ եղավ: Բացի դա, դեսպանությունում մեզ անհասկանալի պատճառներով երկու հոգու մերժեցին: – Դու Սան-Պաուլուում նվաճեցիր բրոնզե մեդալ: Գո՞հ ես արդյունքից: – Անշուշտ, առավել եւս, որ վերջին շրջանում միջազգային ասպարեզներում մեր մեդալները որոշ չափով քչացել են: Ասեմ, որ աշխարհի առաջնությանը ԱՊՀ-ից մասնակցում էինք միայն մենք եւ ռուսները: Ես սկզբում հանդես եկա աջ ձեռքով «Masters» կարգի մրցումներում: Իմ քաշային կարգում ութ հոգի էինք: Առաջին մարտը շահեցի ամերիկացուց: Այնուհետեւ տանուլ տվեցի մեկ այլ ամերիկացու, որը Սուզդալում կայացած աշխարհի նախորդ առաջնությունում ավելի բարձր քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել ու վերջերս է տեղափոխվել մեր քաշային կարգ: Ճիշտն ասած, հոգեբանորեն պատրաստ չէի նրա հետ պայքարին ու քիչ դիմադրեցի: Բայց դա մի կողմից էլ թույլ տվեց ուժերս խնայել: Երրորդ մարտում հաղթեցի բրազիլացի բազկամարտիկին, սակայն կրկին պարտություն կրեցի Հարավային Ամերիկայի բացարձակ չեմպիոն արգենտինացի մարզիկից: Եվ ամենավերջում պարտության մատնելով եւս մի բրազիլացու՝ արժանացա բրոնզե մեդալի: Երբ արդեն ինքս իմ առջեւ դրած առաջադրանքի նվազագույնը կատարել էի, որոշեցի մասնակցել նաեւ «Senyor»-ների միջեւ ձախ ձեռքով մրցումներին: Այստեղ էլ տարա երեք հաղթանակ, կրեցի երկու պարտություն եւ 14 հոգու մեջ գրավեցի 6-րդ տեղը: – Ի՞նչ կասես թիմակցիդ՝ Արմեն Չափուխյանի մրցելույթների մասին: – Նա հանրապետության անցած տարվա չեմպիոնն է: Նախկինում ըմբիշ է եղել: Առաջին անգամ էր մասնակցում նման բարձր կարգի մրցման ու զգացվում էր, որ դեռ երիտասարդ է եւ փորձի պակաս ունի: «Senyor»-ների ձախ ձեռքով մրցապայքարում Արմենը գրավեց 4-րդ տեղը: Դա վատ արդյունք չէ, բայց պիտի ասեմ, որ նա կարող էր մեդալների համար էլ պայքարել, եթե մրցավարությունն անկողմնակալ լիներ: Օրինակ, տանտերերի ներկայացուցչի հետ մարտում մրցավարները, պարզապես, չթողեցին, որ նա հաղթի: Շատ էր նյարդայնացել: Նույնիսկ ուզում էր հետագա պայքարից դուրս գալ: Մի կերպ կարողացել եմ ետ պահել այդ որոշումից: Աջ ձեռքով էլ մի մարտ անցկացրեց ու հաղթեց: Բայց հետո մրցասեղանին չմոտեցավ: – Լսել եմ, որ Սան-Պաուլուում դոպինգային ինչ-ինչ պատմություններ են եղել: – Այո, պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարվեց, որ մրցանակակիրները դոպինգ ստուգման են ենթարկվելու: Սկզբում շատերը դա կատակ համարեցին, որովհետեւ առաջ այդպիսի բան չի եղել եւ աշխարհի առաջնության կանոնադրությունում էլ նման կետ գրված չէ: Բայց երբ երկրորդ անգամ հայտարարեցին, դահլիճն, ասես, դատարկվեց: Ամբողջ կազմով անմիջապես հեռացան ամերիկացիները, ռուսները, արգենտինացիները, որոնք նվաճել էին մեդալների առյուծ բաժինը: Ես եւ Արմենը մոտեցանք սպիտակ խալաթավորներին, որպեսզի արյուն տանք: Վերցրին միայն ինձնից: Այդ ընթացքում բազկամարտի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահը, որ բրազիլացի է, ինձ ասաց, որ ստուգումից խուսափողները կորակազրկվեն: Հաջորդ օրը թերթերն էլ նույն բանը գրեցին: Սակայն պաշտոնական որեւէ հայտարարություն չեղավ: Եթե այդպես լինի, ինձ «արծաթը», նույնիսկ «ոսկին» կտան, քանի որ մեր քաշային կարգի առաջին երկու տեղերը գրաված բազկամարտիկները նույնպես դոպինգ ստուգում չեն անցել: Այնպես որ, հնարավոր է՝ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունենան: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել