Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՐԲԱՊԱՏԿԵՐԻՑ

Հոկտեմբեր 29,2004 00:00

ՍՐԲԱՊԱՏԿԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ Արարատյան թեմի հովանու ներքո գործող Սրբապատկերի դպրոցի տնօրեն, նկարիչ Աբրահամ Ազարյանը գտնում է, որ պոռնոգրաֆիան «բնավորվել» է սրբապատկերում: Ըստ նրա, առայսօր եկեղեցիներում շարունակում են կախել հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանն ու պատկերագրությանը ոչ հարիր նկարներ, ամենուրեք վաճառվում իբր Հիսուսի կամ Աստվածածնի պատկերով խաչեր ու հուշանվերներ, որոնց առկայությունը «պետք է մտահոգեր հոգեւոր եւ պետական այրերին»: Մասնագետը համոզված է, որ եկել է ժամանակը «յուրօրինակ ցենզուրա սահմանելու, մինչդեռ տիրում է ամենաթողություն»: Սրբապատկերի նկարչի համոզմամբ, այսօր սրբապատկերից մինչեւ պոռնոգրաֆիա՝ մեկ քայլ է: Եվ դա հատուկ է արվում ինչ-ինչ ուժերի կողմից: Պրն Ազարյանը ձեռնպահ մնաց մանրամասնել, թե ինչ ուժերի մասին է խոսքը: «Փողոցներում, Վերնիսաժում վաճառվող առանց լուսապսակի սրբապատկերները սիրունիկ են, գեղեցիկ: Դրանցով մարդկանց ընտելացնում են պոռնոգրաֆիային, սկսում են սովորեցնել, որ Մարիամ Աստվածածինը սովորական մարդ է, Հիսուսը Աստված չէ, ու իրենց սերն էլ շատ մարդկային է»,- հայտարարում է նա: «Պատկերագրությունը դա Սիմվոլ է, որ մեկ բնություն է խորհրդանշում, Դիավոլը, որ սատանան է՝ 2 բնություն: Դիավոլի հետեւորդները պատկերի մեջ երկակիության խնդիր են դնում: Ինքը՝ սրբապատկերը, ինչպես եւ ավետարանը, մեկն է: Իսկ երբ մենք սրբապատկերը դարձնում ենք գեղեցիկ, մեզ հաճելի մի բան, այդտեղից սկսվում է ճանապարհը դեպի պոռնոգրաֆիա: Օրինակ, Բյուզանդական շրջանի հին սրբապատկերի նայելիս մարդու մեջ աղոթելու խորհուրդ է առաջանում, իսկ երբ նայում ես Վերածննդի շրջանի նկարները՝ դրանք ընդամենը գեղեցիկ պատկերներ են: Այ, սա շարունակվեց-հասավ մինչեւ այսօրվա «Playboy» ամսագրերը»,-մտահոգված է նկարիչը: Ըստ նրա, ժամանակին Խրիմյան Հայրիկի պահանջով սվաղվել են Էջմիածնի տաճարի այն սրբապատկերները, որոնք նկարել էին Հովնաթանյանները: Խրիմյան Հայրիկը արգելեց այդ պատկերները՝ հայտարարելով հայ եկեղեցուն ոչ հարիր: Եվ միայն Վազգեն կաթողիկոսի օրոք դրանք վերաբացվեցին: «Այսօրվա մեր եկեղեցին դեռ գտնվում է կաթոլիկ էքսպանսիայի տակ՝ պատկերագրության առումով: Օրինակ, եկեղեցու ժամագրքերը, ավետարանները, Հայսմավուրքը տպագրվել են կաթոլիկ երկրներում՝ նրանց ճնշման տակ եւ կան փաստեր, որ տպագրիչներին արգելել են հայերեն պատկերագրությամբ գրքեր տպագրել: Այսօր նրանցում եղած պատկերները ընդունվում են որպես հայկական»,- տեղեկացրեց Ա. Ազարյանը: Նա գտնում է, որ եկեղեցիներում կախվող նկարները պետք է անպայման օծված լինեն եւ համապատասխանեն հայ եկեղեցու դավանաբանությանը, իսկ քահանայաց լսարանում եւ ճեմարանում անցնեն հատուկ դասընթացներ, որպեսզի քահանաները իրենց ճաշակով չառաջնորդվեն սրբապատկերներ ընտրելիս: Նա հիշեց Կոնդի եկեղեցում կախված սրբապատկերը (բնօրինակը Էջմիածնում է), որը «հրամցվում» է իբրեւ Գրիգոր Լուսավորչի պատկեր, այն դեպքում, երբ արվեստաբանները պարզել են, որ դա Նիկողայոս Սքանչելագործն է: «Մատենադարանի նկարիչներից մեկը՝ Լիլիթ Նուրիջանյանը, օրինակ, Աստվածածնին նկարել է 3 թեւով, որն իբրեւ թե Սուրբ երրորդություն է խորհրդանշում: Մինչդեռ Աստվածածինը հրեշտակ չէ, որ թեւեր ունենա: Եկեղեցին նման բաների նկատմամբ պետք է ուշադիր լինի, որպեսզի նոր դավանաբանություն չհորինվի: Արդյունքում՝ ամեն մեկը նկարում է՝ ինչ ուզում է»,- փաստեց Ա. Ազարյանը: Նա հիշեց նաեւ Մայր աթոռի Աստվածածինը, որ նկարել է Գրիգոր Խանջյանը: Որքան էլ իբրեւ նկար այն հաջողված է, դավանաբանությունը տեղը չէ, քանի որ Խանջյանի Աստվածածինը ականջօղեր ունի: Իսկ Կեչառիսի եկեղեցում Գրիգոր Լուսավորչի նկարը մասնագետը անգրագիտություն որակեց. նա ճկույթով է օրհնում, այնինչ՝ բութն ու միջնամատը միացրած պիտի օրհնել: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել